Ադրբեջանի ղեկավարը անադեկվատ բռնապետ ա՝ ամբողջ աշխարհի կողմից ընդունված
ԱԺ ՔՊ-ական պատգամավոր, խրոխտ սյունեցի Նարեկ Ղահրամանյանը, կարելի է ասել, միակն է այս խմբակցությունում, որը «դուխով» Ալիեւի պորտը տեղը դրեց։ Բայց նախ հարցրինք, թե ինչպես է ստացվում, որ մեր ԱԳՆ-ն խոսում է Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագիր կնքելուց, բայց հենց նույն օրը Ադրբեջանը հերթական սադրանքն է հրահրում Երասխի սահմանին ու կրակում մեր զինվորների վրա, եւ մենք զոհ ենք ունենում։
«Երասխում պատերազմից հետո, ինչ հիշում եմ, կրակոցներ են լինում»,- ասաց նա։
- Իսկ այդ խաղաղության պայմանագրին ինչպե՞ս ենք հասնելու, եթե սահմանին անընդհատ կրակոցներ են։
- Դա իմ պատասխանելիք հարցը չի, հասկանո՞ւմ ես։ Դա արտաքին գործերի նախարարության, պաշտպանության նախարարության պատասխանելիք հարցն է։
- Բայց դուք մի թիմ եք։
- Հասկացանք, բայց հո ամեն մեկս չե՞նք կարա մեր անունից հելնենք մի բան խոսենք։
- Ձեր թիմում բոլորն արտաքին քաղաքական հարցերում մեկ դիրքորոշում եւ մեկ մոտեցո՞ւմ ունեն, թե՞ տարբեր են դիրքորոշումները։
- Հարցեր կան, որ տարբեր դիրքորոշում ունենք, չի կարա ամբողջ թիմը նույն դիրքորոշումն ունենա։
- Օրինակ՝ Դուք ի՞նչ դիրքորոշում ունեք խաղաղության, Թուրքիայի եւ Ադրբեջանի հետ հարաբերությունների հարցում։
- Հարաբերությունը պետք ա լինի՝ հարաբերություն, ոչ թե բարեկամություն կամ, ասենք․․․
- Ինչպիսի՞ հարաբերություն։
- Էնպիսին, ինչպիսին կթողնի մեզ զարգանալ։
- Ընդդիմությունն ասում է՝ պետք է արժանապատիվ ձեւով լինի այդ հարաբերությունը։
- Դե, հա, բա եթե բարեկամությունը, հարաբերությունը թողնում ա, որ երկիրդ զարգանա, կրակոց չկա սահմանին, խաղաղություն է, դա արդեն․․․
- Բայց կրակում են, չէ՞։
- Դե, հա, բա դրա համար չենք հասնում խաղաղության։
- Իսկ ի՞նչ է պետք անել այդ դեպքում։ Ընդդիմությունն ասում է՝ մեր երկրի ողնաշարը կոտրված է, մենք արժանապատիվ չենք, ասում են՝ այս իշխանությունները դարձել են «թուրքի կոշիկ լիզող» եւ այլն։
- Դե, հիմա, ընդդիմությունն ասում ա, ես պարտավո՞ր եմ ընդդիմությանը մեկնաբանեմ։
- Ասում են՝ Նիկոլ Փաշինյանը սպասարկում է Ալիեւի ու Էրդողանի օրակարգը։
- Ես էլ ասում եմ՝ իրենք են սպասարկում։
- Ինչպե՞ս են, օրինակ, սպասարկում։
- Հենց էդ արտահայտությունն անելով։
- Ինչո՞ւ։
- Որովհետեւ լեգիտիմ ղեկավարին եթե ասում են, որ նա սպասարկում ա ուրիշի շահը, դա արդեն իսկ ուրիշի շահը սպասարկել է։
- Բայց այսքան ժամանակ Նիկոլ Փաշինյանն Ալիեւի ու Էրդողանի հասցեին մի թթու խոսք չասաց, իսկ իրենք ինչ ասես ասացին նրա հասցեին։
- Թթու խոսք ասելը ո՞րն ա։
- Ոչ մի հարցում չքննադատեց, չհակադարձեց, բոլոր հարցերում համաձայնեց նրանց հետ, Գորիս-Կապան մայրուղին վերցրին՝ ձայն չհանեց, Սեւ լիճ մտան՝ ձայն չհանեց։
- Այսինքն՝ մենք ոչ մի բան չե՞նք արել, երբ որ մտել են Սեւ լիճ, կամ նույն էդ ճանապարհի հետ կապված։ Ուղղակի դու իմ հետ չես խոսում առարկայական։ Ասում ես՝ խի՞ չի մի թթու խոսք ասել, այսինքն՝ ի՞նչ եք առաջարկում։
- Օրինակ՝ համարժեք հակադարձի Ալիեւի ասածներին։
- Հիմա համարժեք հակադարձումը՝ երկրի ղեկավարը պետք ա ինչ-որ խոսքո՞վ ասի։
- Իսկ երբ մյուս երկրի ղեկավարը մեր երկրի ղեկավարին ասում է «пяный шут», դրան պե՞տք չէ հակադարձել։
- Էն մյուս երկրի ղեկավարը անադեկվատ բռնապետ ա՝ ամբողջ աշխարհի կողմից ընդունված։ Դուք կարծում եք, թե ինչ-որ մեկը հարգո՞ւմ ա Ալիեւին իր խոսքերի համար։
- Սա Ձեր անձնակա՞ն կարծիքն է, որ Ալիեւն անադեկվատ բռնապետ է։
- Ոչ միայն։ Սա ե՛ւ իմ անձնական կարծիքն ա, ե՛ւ նաեւ ամբողջ աշխարհում է, ոնց հասկացա, ընդունված։
- Բայց Պուտինը լավ էլ ջերմ շփվում է այդ «անադեկվատ բռնապետի» հետ, նույնիսկ նրա հետ դաշնագիր է ստորագրում։
- Էլի եմ ասում՝ կարան իրար ամեն ինչ ասեն քաղաքական դաշտում, բայց իրար հետ լավ էլ համագործակցեն, իրար հետ լավ էլ աշխատեն։
- Հիմա դուք ընդդիմության հետ էդպե՞ս եք շփվում։
- Ոչ միայն․․․ Ընդդիմությունն ա մեզ հետ տենց շփվում։
Կարծիքներ