Արեւմտամետները դեռ խաղաքարտեր չեն բացում

Արեւմտամետները դեռ խաղաքարտեր չեն բացում

Մինչ հասարակությունն առաջնորդվում է այն կանխավարկածով, որ ընտրություններ են լինելու (թեպետ ոչ ոք Հայաստանում այսօր վստահ չէ, որ դրանք կլինեն), ակտիվ շրջանառվում է, որ արեւմտամետները մտադիր են միավորվել ու առանձին բլոկով մասնակցել առաջիկա ընտրություններին։ Այդ բլոկում, ըստ լուրերի, կմիավորվեն Արամ Սարգսյանի «Հանրապետություն», Խաչատուր Քոքոբելյանի «Ազատ դեմոկրատներ» (2018-ին վերջին երկուսը միավորվել էին «Մենք» դաշինքում, որը չհաղթահարեց անցողիկ շեմը), Արման Բաբաջանյանի «Հանուն հանրապետության» կուսակցությունը եւ անգամ՝ «Սասնա ծռերը»՝ որպես արեւմտամետ կուսակցություն, ինչպեսեւ Գուրգեն Արսենյանի ՄԱԿ-ը։ Հիշյալ կազմավորման բոլոր պոտենցիալ անդամները զարմանալի, ես կասեի՝ պարտիզանական  գաղտնապահություն են դրսեւորում, հանրությունից թաքցնելով իրենց պլանները։ 

Արման Բաբաջանյանի «Հանուն հանրապետության»  կուսակցությունից Ռուբեն Մեհրաբյանն արեւմտամետներով միավորվելու մասին հարցը լսելուց հետո հայտարարեց՝ «առանց մեկնաբանության»։ Ըստ էության, հաստատելով մեր ստացած տեղեկությունները։

«Հանրապետություն» կուսակցությունից Լյովա Եղիազարյանը նույն հարցին ի պատասխան ասաց․ «Ես ոչ մի  հարցի չեմ պատասխանի, որովհետեւ ոչ մի բան որոշված չէ»։ «Ազատ դեմոկրատներից» Մասիս Այվազյանն էլ ասաց․ «Ընտրություններին մասնակցելու ձեւաչափը եւ կազմակերպվելիք ընտրությունների հետ կապված մեր վերաբերմունքը կհայտնենք առաջիկայում, որովհետեւ հիմա քննարկումների փուլում ենք։ Բայց գտնում ենք՝ չարչրկված եւ բռնաբարված Ընտրական օրենսգիրքը փոխելն օրվա հրամայականն է, որովհետեւ այն աղերս չունի ժողովրդավարության հետ»։ Հարցին, թե քննարկումների փուլում արեւմտամետներից ում հետ են, Մասիս Այվազյանն ասաց․ «Ես բազմիցս եմ նշել՝ սահմանադրորեն գոյություն չունի ո՛չ արեւմտամետ, ո՛չ ռուսամետ։ Իհարկե, խոսքը չի վերաբերում արժեհամակարգերին, որովհետեւ Հայաստանն  այլընտրանք չունի, քան ժողովրդավարական երկիր դառնալը, ինչից էլ բխում է Հայաստանի զարգացման թիվ մեկ հրամայականը։ Ցավոք, մեր պետությունում տեղի ունեցող բոլոր գործընթացները ոչ թե մեզ մոտեցրել են ժողովրդավարությանը, այլ՝ հեռացրել»։

Միավորված աշխատանքային կուսակցության նախագահ Գուրգեն Արսենյանն էլ կատակեց․ «որպես ընտրող, անպայման մասնակցելու եմ»։ Իսկ որպես կուսակցությո՞ւն։ Գուրգեն Արսենյանն ասաց, որ զբաղված է, խոստացավ ավելի ուշ զանգել, բայց ո՛չ զանգեց, ո՛չ էլ ողջ օրվա ընթացքում պատասխանեց մեր զանգերին։ Ակնհայտ է, որ բանակցությունները դեռ ավարտված չեն, եւ գործող անձինք խուսափում են ժամանակից շուտ տեսակետ հայտնելուց։

Պետրոս Ղազարյանին տված հարցազրույցում գործարար Խաչատուր Սուքիասյանը չէր բացառել, որ ընտրություններին կմասնակցի։ Սկզբում տեղեկություններ էին պտտվում, թե Սուքիասյանը պատրաստվում է  Երեւանում առաջադրվել ռեյտինգային թեկնածու՝ «Իմ քայլի» կողմից, ապա սկսեցին խոսել, որ ծրագրերը փոխվել են․ Սուքիասյանը ցանկանում է առանձին հանդես գալ, հաղթահարել անցողիկ շեմը, ապա խորհրդարանում կոալիցիա կազմել «Իմ քայլի» հետ՝ Նիկոլ Փաշինյանի համար ապահովելով 50 պլյուս 1 տոկոս։ Խաչատուր Սուքիասյանի մամուլի քարտուղար Աննա Մկրտչյանը երեկ մեր հարցին ի պատասխան հայտնեց․ «Ի պատասխան լրատվամիջոցների հարցումների՝ կապված ԱԺ առաջիկա արտահերթ ընտրություններում Խաչատուր Սուքիասյանի մասնակցության հետ, հայտնում եմ. Խաչատուր Սուքիասյանն այս օրերին հանդիպում-քննարկումներ է ունենում քաղաքական եւ հասարակական գործիչների հետ։

Առաջիկայում հանդես կգանք պաշտոնական հայտարարությամբ՝ հանրությանը տեղեկացնելով կայացված որոշման մասին»։ Մենք հետաքրքրվեցինք, թե խոսքը որ կուսակցությունների մասին է, ում հետ է հանդիպում-քննարկում գործարարը։ Հնարավո՞ր է, որ խոսքը Լեւոն Շիրինյանի Քրիստոնեա-ժողովրդավարական կուսակցության մասին լինի։ Այս հարցին ի պատասխան՝ Աննա Մկրտչյանը կրկնեց՝ Խաչատուր Սուքիասյանն այս օրերին հանդիպում-քննարկումներ է ունենում տարբեր  քաղաքական եւ հասարակական գործիչների հետ։ Մեր աղբյուրներն ասում են, որ Սուքիասյանը «վերցրել» է պասիվ կուսակցություններից մեկը, որը գրանցված է։ Այսինքն՝ նոր կուսակցություն գրանցելու անհրաժեշտություն չկա, եւ դրանով կարող է մասնակցել հունիսի 20-ի ընտրություններին։ Թե որ կուսակցության մասին է խոսքը, առաջիկայում պարզ կդառնա։  
«Սասնա ծռերից» Վարուժան Ավետիսյանն էլ ընտրություններից առաջ արեւմտյան միավորման մասին հարցին ի պատասխան ասաց՝ իսկ ընտրություններ լինելո՞ւ են։ Ապա հավելեց, որ իրենք առաջ են քաշել կարճաժամկետ ծրագիր, այն է՝ համախմբել ժողովրդին, որպեսզի ԱԺ-ին պարտադրեն նշանակել վարչապետի իրենց թեկնածուին՝ անցումային կառավարություն ձեւավորելու նպատակով։ Իսկ եթե չհաջողվի՞։ «Դե հիմա․ որ, եթե, եթե նա լինի․․․»,- պատասխանեց Ավետսյանը։

Դաշինքների մասով, սակայն, նա հերքեց լուրերը․ «Ես չգիտեմ՝ ի՞նչ խոսակցություններ են, եթե ընտրությունների հարցը պարզ չէ․․․ ինչպե՞ս կարող ենք․․․ անիմաստ խոսակցություններ են։ Եվ հետո՝ եթե մենք դեմ ենք ընտրություններին, ինչպե՞ս կարող ենք դաշինքների մասին բանակցություններ տանենք, չէ՞ որ հակառակ օրակարգ է»։