Դժոխքից փրկողը որպես ջրի ակունքի վիշապ 

Դժոխքից փրկողը որպես ջրի ակունքի վիշապ 

Ոռոգման ջրի բացակայության պատճառով ճանապարհ փակելու սեզոնն այս տարի բացեցին ախուրիկցիները (Շիրակի մարզ): Ռուսական սահմանապահ ուղեկալը տեղակայված է գյուղի տարածքում: Փակվել էր հենց դեպի այն տանող ճանապարհը: Եվ ստացվել էր, որ բողոքի հասցեատերը ռուսական իշխանությունն է: Բայց գյուղացիների հետ բանակցելու էին մեկնել ոչ թե ՌԴ սահմանապահ զորքերից, այլ մարզպետարանից: Սկզբում ՋՕ-ի մարզային կառույցի ղեկավարի տեղակալն էր, այնուհետև Շիրակի փոխմարզպետն ու գյուղվարչության պետը:

Վերջիններս խոստացան, որ ախուրիկցիները հաջորդ օրը ջուրն կունենան: Եվ ախուրիկցիներն էլ հավատ չընծայելով՝ ստիպված ընդունեցին խոստումը: Քանի որ գյուղը զրկվել էր ոռոգման ջրից ավել քան մեկ ամիս առաջ: Վստահ եմ, որ պատասխանատուները տեղյակ էին, բայց դա նրանց չէր անհանգստացրել: Իսկ առանց ոռոգման, գյուղացիների ցանած կարտոֆիլը չորանալու հատկանիշ ունի: Եվ քանի որ ջուրն արդեն 2-րդ ամիսն է, ինչ Ախուրիկ չի հասնում, ենթադրվում է, որ մարզային չինովնիկները կարտոֆիլի այդ հատկանիշի վերաբերյալ տեղյակ չէին:

Երբ նման խնդրի էին բախվում նախկինների օրոք, քաղաքացիական հասարակությունն ակտիվորեն իր ձայնն էր բարձրացնում հաջակցություն ֆերմերների: Հենց ֆերմերների, քանի որ նախկինների ժամանակ նախորդ նախադասության մեջ նշված խավի կողմից հայաստանյան բոլոր գյուղացիները դիտարկվում էին որպես ֆերմերներ: Այդպես ավելի քաղաքակիրթ էր հնչում, քանի որ այդպես էին կոչում նրանց անգլոսաքսոնական երկրներում: Եվ Հայաստանում էլ գյուղացիներին ֆերմեր անվանելով՝ քաղաքացիական հասարակության կազմակերպություններն (ՔՀԿ-ներ) անգլոսաքսոնական բնույթի վերաբերմունք էին պահանջում գործող իշխանությունից: Չգիտեմ՝ դա գիտակցվում էր իրենց կողմից, թե ոչ, բայց ես, որպես ՔՀԿ անդամ, չէի ընկալում, թե խեղճ հայաստանյան գյուղացին ի՞նչ ֆերմեր: Քաղաքաբնակներին ասեմ, որ ֆերմերը այն անձն է, ով կարող է բնակվել նաև քաղաքում, սակայն գյուղում ունենա բավական մեծ հողատարածություն, անասուններ և գյուղատնտեսական մեքենաներ: 

2018 թվականաի գարնանային իրադարձությունների ժամանակ ենթադրվում էր, որ, այսպես կոչված, «ոչ բռնի, խաղաղ, թավշյա» իշխանափության արդյունքում լուծվելիք բազմաթիվ պրոբլեմներից մեկը պետք է լիներ նաև գյուղատնտեսությունը ոռոգման ջրով ապահովելը: Եվ պետք է անցյալում մնար դրա բացակայության պատճառով գյուղացիների կողմից ճանապարհներ փակելը: Բայց կյանքը ցույց տվեց, որ ոչ միայն չլուծվեցին առկա խնդիրները, այլև ծագեցին բազմաթիվ նոր՝ ավելի ծանրերն ու լուրջերը: Եվ դա արդեն հինգերորդ տարին գործող իշխանության կազմակերպչական և մասնագիտական կատարյալ ապաշնորհության պատճառով: Միաժամանակ, առկա գումարները փոշիացնելու, այն է՝ իրենք իրենց աստղաբաշխական պարգևավճարներ հատկացնելու պատճառով: Իսկ գումարների բացակայության պատճառով, բնականաբար, ոռոգման ջուր մղելու համար օգտագործվելիք էլեկրաէներգիայի դիմաց վճարելու խնդիրներ են առաջանում, որոնք էլ հանգեցնում են ոռոգման ջրի բացակայությանը: 

Իհարկե, վերն ասվածը չի նշանակում, թե գյուղացիական բոլոր տնտեսություններն են ոռոգման ջրի խնդիր ունենում: Նրանք, ովքեր մոտ են գտնվում ջրամբարներին կամ ջրի այլ աղբյուրներին, օրհնում են նախկիններին կամ նախկինների նախկիններին այդ արտոնությունն իրենց ընձեռելու համար: Որովհետև բազմաթիվ այլ ջրօգտագործողների համար ջուր ունենալը դիտարկվում է հենց որպես արտոնություն, որից իրենք զրկված են: Եվ իրենց համար այլ գյուղացիներին «դժոխքից փրկած» Փաշինյան Նիկոլի իշխանությունը ենթագիտակցորեն դիտարկվում է ջրի ակունքը փակած վիշապ օձի կերպարանքով: Մնում է, որ այն հասնի գիտակցության մակարդակ և դրդի գյուղացիներին դիմելու ավելի արդյունավետ քայլերի, քան դեպի ռուսական սահմանապահ ուղեկալ տանող ճանապարհը փակելն է: Եվ այդ դեպքում թե՛ գյուղացիները կունենան ոռոգման ջուր կարտոֆիլ աճեցնելու նպատակով և թե՛ քաղաքացիներն ավելի պակաս ծախսեր կանեն նույն այդ կարտոֆիլը գնելու առումով: