Բաց նամակ դոկտոր Վահան Համազասպյանին

Բաց նամակ դոկտոր Վահան Համազասպյանին

Զարմանք է պատճառում 65 եւ ավելի տարիքի (բնորոշումը՝ Արթուր Ղազինյանի), գիտական բարձր աստիճաններով անձանց մտածելակերպը: Շատ պինդ են: Դրա համար էլ գրում են, գրում են…Իրենց թվում է, թե ԽՍՀՄ-ն է, եւ, բնականաբար, ԽՄԿԿ Կենտկոմի նամակների բաժինն էլ կանդրադառնա ու կպահանջի ՀԿԿ Կենտկոմից՝ եռօրյա ժամկետում հարցը լուծել:

Պոլիտեխնիկի 1967 թ. շրջանավարտ, տեխնիկական գիտությունների դոկտոր, ինժեներ Վահան Համազասպյանն անդրադառնում է բուհական համակարգին եւ այդպիսով՝ ամբողջ հասարակությանն ուսխորհուրդների հասցրած «քաղաքավարական վնասներին»,  որոնք թվարկում է մանրամասն, եւ որոնց հետ, միանշանակ, կարելի է համաձայնել ու տալ ընդհանուր բնութագրում՝ «ուսանողական կոռուպցիա»: Բայց դասախոսական կոռուպցիային նշանակալի գերազանցող այդ երեւույթը, որը մեծ թափ էր հավաքել մոտավորապես 2008-2010 թվականներին, հանդիսացավ 2018 թվականի հեղափոխության սոցիալական հենքը: Սա այն երեւույթներից է, որի համար պատասխանատու չեն ներկա իշխանությունները: Ուղղակի նրանք լավ էին ըմբռնել պահը: Այդ կառույցների կնքահայրը մի նախարար է եղել, ով այժմ բարդ իրավիճակում է հայտնվել: Աստված իր հետ: Միաժամանակ, նախարարն ո՞վ էր, որ կարողանար այդպիսի թափ հաղորդել այդ երեւույթին: Կար նաեւ թաքնված/գաղտնի աջակցություն: Ինչպես ժամանակին ՆԿՎԴ-ն ստեղծել էր քրեական աշխարհի հեղինակությունների ինստիտուտը, նման մի բան էլ՝ ավելի «քաղաքակիրթ», եթե այդպես կարելի է արտահայտվել, հանդիսացան ուսխորհուրդները, որոնց համար պրոֆեսորադասախոսական համակազմն այլեւս դադարեց լինել հեղինակություն:

Նոր իշխանությունները չէին կարող հրաժարվել «նախկինների» այդպիսի «արքայական նվերից»: Ուսխորհուրդները բազմաֆունկցիոնալ կառույցներ են, բացի ակադեմիական միջավայրն աղտոտելուց, վարկաբեկելուց, օրինակ, դրանք բավական արդյունավետ գործադրվում են որեւէ քաղաքական գործչի քրեական հետապնդման համար. Ավետիք Չալաբյանը դրա վառ օրինակն է:
Ինչեւէ: Հարգելի դոկտոր Համազասպյան, վայելեք Ձեր «արքայական կենսաթոշակը»: Ձեր ի՞նչ գործն է, հարգելի դոկտոր, թե երկրի «սեփականատերերն» ինչպես կվարվեն իրենց սեփականության հետ: Ինչո՞ւ եք հոդվածով դիմում «երկրի եւ ԿԳՄՍՆ-ի ղեկավարությանը»:

Ապարդյուն «առաջարկում վերականգնել երկրի միակ տեխնոլոգիական բուհի՝ պոլիտեխնիկի պետական կառավարումը, սահմանափակել ուսխորհուրդների գործառույթները (նրանք պետք է զբաղվեն ուսումով եւ ոչ թե բուհի կառավարմամբ), թարմացնել դասախոսական կազմը մասնագետներով (եւ ոչ թե թղթով գիտնականներով)»: Դե, իսկ «Պոլիտեխնիկին ռազմական-տեխնիկական պատվերներով բեռնելը» կամ հիշեցնելը, թե «չլինի պոլիտեխնիկը, չեն լինի ինժեներական կադրեր, չի լինի ռազմարդյունաբերություն, չի լինի Հայաստան», դուրս է բանականության սահմաններից: «Անհասկանալի» է Հայաստանի եւ պոլիտեխնիկի կորելյացիոն կապը, անորոշ, թե որը որով է պայմանավորված…
Դուք, հավանաբար, տեղյակ չեք, որ մեզ ռազմական արդյունաբերություն պետք չէ, որովհետեւ մուտք ենք գործել խաղաղության դարաշրջան… մեզ Քրիստոսի արձան է պետք:

Գագիկ ՎԱՐԴԱՆՅԱՆ
65 եւ ավելի տարիքի տնտեսագի-տության դոկտոր, պրոֆեսոր