Էլ զիջելու բան չի մնացել, բացի կապիտուլյացիայի պայմանագրի ստորագրումից

Էլ զիջելու բան չի մնացել, բացի կապիտուլյացիայի պայմանագրի ստորագրումից

«Հրապարակի» զրուցակիցն է Երեխաների աջակցության հիմնադրամի տնօրեն, իրավաբան Կամո Առաքելյանը:

- 2020 թ․ նոյեմբերի 9-ի կապիտուլյացիոն ակտը ստորագրելուց հետո Ադրբեջանը պարտադրում է, մեր իշխանությունը՝ զիջում: Արդյո՞ք Հայաստանի իշխանություններն այս պարագայում ավելի ցավոտ զիջումների կգնան, ինչպես նրանք են սիրում ասել՝ «զիջում՝ հազարավոր կյանքեր փրկելու համար»: 

- Հազարավոր կյանքեր փրկելու առաջ քաշված բառակույտը կեղծ է ու իրականության հետ ոչ մի աղերս չունի: Զուտ իմիտացիայի համար է եւ հասարակության լայն մասսաների աչքերը մշուշի մեջ պահելու նպատակ է հետապնդում: Ցավոտ զիջումների շարքն անվերջ է՝ սկսած մեր լուսավոր Շուշիից մինչեւ Սեւ լիճ, Գեղարքունիքի, Ջերմուկի ու Սյունիքի շատ տարածքներ: Էլ զիջելու բան չի մնացել, բացի կապիտուլյացիայի պայմանագրի ստորագրումից, որին ձգտում են մեր հարեւան բարբարոսը եւ նրա դաշնակից Ռուսաստանը, որն իրականում Հայաստանի ռազմավարական դաշնակիցն է ու նույն դաշինքի անդամ: Պատահական չէ, որ թշնամի երկրի ղեկավարը նշում է, թե մենք ՀԱՊԿ-ում ավելի շատ բարեկամներ ունենք, քան հայերը: Թշնամին ցանկանում է հասնել մեզ համար կործանարար այդ պայմանագրի ստորագրմանը, որով կկորցնենք մեր Արցախը, պետականությունը, առհավետ կմոռանանք Նախիջեւանի իրավական կարգավիճակի մասին:

- Խոսվում է այն մասին, որ ճանապարհի վերահսկողությունը կհանձնվի Բաքվին, կտեղադրվեն հենակետեր: Եթե զարգացումներն այդ ուղղությամբ ընթանան, ի՞նչ է սպասվում Արցախին: 

- Ճիշտն ասած, ես նման սցենար չեմ կանխատեսում, իսկ եթե ճանապարհը հայտնվի արհեստական ստեղծված այդ պետության ձեռքում, ապա համարենք, որ Արցախը կարճ ժամանակում կհայաթափվի: Խնդիրն այն է, որ ամեն ինչ կանեն՝ արգելքներ, խոչընդոտներ դնելու մայր հայրենիքի հետ կապի առումով: Կհրահրվեն սադրանքներ, փոքր կռիվներ, կհիասթափեցնեն մարդկանց, որոնք էլ կհեռանան Արցախից: Մյուս սցենարով քաջ ու հերոս արցախցին կդիմի զենքի ու ինքնապաշտպանության, որին անմասն չի կարող մնալ մայր Հայաստանում եւ սփյուռքում բնակվող հայությունը: Իսկ դա փրկության միակ ճանապարհն է: 

- Ռուս խաղաղապահների գործունեությունն ինչպե՞ս եք գնահատում։ ՌԴ-ն պարբերաբար նշում է, որ Հայաստանը մնում է Ռուսաստանի առանցքային գործընկերն Անդրկովկասում։ Սա գործընկերայի՞ն մոտեցում է Հայաստանի ու Արցախի ժողովրդի հանդեպ, ում առաջ ինքը պարտավորություն ունի նոյեմբերի 9-ի համաձայնագրով։ 

- Նախ, իմ կարծիքով, նոյեմբերի 9-ի եռակողմ համաձայնագիրը Հայաստանին պարտադրված եւ իրավական որեւէ ուժ կամ միջազգային ճանաչում, կամ վավերականություն չունեցող թղթի կտոր է: Ինչ վերաբերում է ռուսական խաղաղապահներին, ապա, ըստ իս, դրանք եւ հայոց օկուպացված Ակնայի ռուս-թուրքական կենտրոնն ունեն մեկ նպատակ՝ անցնցում ապահովել Արցախի հայաթափումը եւ հանձնումը թուրքերին: Բազմաթիվ դեպքեր կարող ենք հիշել վերջին երեք տարիներին՝ որքան կարեւոր բնակավայրեր ու դիրքեր խաղաղապահները հանձնեցին թշնամուն, որքան քաղաքացիական եւ զինվորական անձինք սպանվեցին այդ նույն ռուս խաղաղապահների լուռ ներկայությամբ ու նրանց աչքի առաջ: Մի՞թե մի խումբ, չակերտավոր կոչված, «հատուկ բնապահպան» թափթփուկներ կարող էին առանց խաղաղապահների ու առանց Մոսկվայի համաձայնության փակել Բերձորի կյանքի ուղին: Իհարկե՝ ոչ: Մնացածը թատրոն է:

- Ֆրանսիայի նախաձեռնությամբ ՄԱԿ-ի անվտանգության խորհուրդը փակ նիստում կքննարկի Բերձորի միջանցքի հարցը։ Ի՞նչ կտա այդ քննարկումը: 

- Արցախի եւ Հայաստանի համար այս ծանր պահին մեր դաշնակից Ռուսաստանի փոխարեն դարձյալ Արեւմուտքի հայամետ երկրներն են ձեռք մեկնել մեզ՝ Ֆրանսիան ու ԱՄՆ-ն: Ահա, Ֆրանսիայի նախաձեռնությամբ Արցախի հարցը կքննարկվի ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում: Շատ սպասելիքներ ունենալը միամտություն կլինի, քանի որ, բոլոր դեպքերում, ամեն խոշոր միջազգային խաղացող իր շահերն ունի: Սակայն այն, որ Բերձորի միջանցքի, այսպես կոչված՝ կյանքի ճանապարհի հարցը դառնում է միջազգային լուրջ քննարկման առարկա, արդեն ձեռքբերում է, առաջընթաց: Այսինքն, Բերձորի ճանապարհն այլեւս մնալու է ոչ թե ՌԴ խաղաղապահների տիրույթում, այլ միջազգային կառույցների եւ պետությունների ուշադրության կենտրոնում: 

- Հասցեական հայտարարություններ հնչեցին, կոչ արեցին Ադրբեջանի իշխանություններին՝ ապահովել Լաչինի միջանցքով տեղաշարժի ազատությունն ու անվտանգությունը՝ համաձայն 2020 թ․նոյեմբերի 9-ի հայտարարության։ Սակայն Ադրբեջանը չի բացում ճանապարհը: Ինչպիսի՞ զարգացումներ սպասել:

- Կարծում եմ՝ ամեն ինչ կախված կլինի ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նիստում կայացված որոշումներից, հատկապես ԱՄՆ եւ Ֆրանսիայի հաստատուն պահանջներից:

- Տպավորություն է ստեղծվում, որ ե՛ւ ռուս խաղաղապահներին, ե՛ւ ադրբեջանցիներին այս վիճակը ձեռնտու է, արդյունքում տուժում է Արցախի բնակչությունը: Ի՞նչ ելք եք տեսնում այս հարցի լուծման համար: 

- Այդ ամենը մեկ անգամ եւս վկայում է ռուս-թուրքական համատեղ ծրագրի իրականացման մասին: Այս պահին քանի դեռ մենք չունենք հզոր բանակ եւ արդիական սպառազինություն, մեզ անհրաժեշտ է հզոր դաշնակից: Հայ ժողովուրդը պետք է նաեւ հույսը դնի իր վրա, զինվել է պետք եւ պատրաստվել թշնամուն հակահարված տալու: Անկյուն քշված կատուն կատաղի է դառնում եւ խիստ վտանգավոր: Հայ ժողովուրդն այդ կարգավիճակում է: Մենք կորցնելու այլեւս ոչինչ չունենք, փոխարենը՝ ազատագրելու շատ հողեր ունենք: Ելքը ազգ-բանակ կարգավիճակն է: Զինվել, զինվել, զինվել, եւ դա պետք է լինի մեր հայրենի իշխանությունների գիշեր ու զօր ուշադրության կենտրոնում: