«Հրապարակ». Եթե հրաման լինի՝ ծառայել առողջապահության նախարարի պաշտոնում, պատրաստ եմ

«Հրապարակ». Եթե հրաման լինի՝ ծառայել առողջապահության նախարարի պաշտոնում, պատրաստ եմ

«Տարվա վերջին, ինչպես ամեն տարի, տեղի է ունենում ֆինանսների վերաբաշխում, այդ պատճառով էլ որոշակի վերաբաշխումներ եղան: Կոնկրետ մեր հիվանդանոցն ունեցավ խնդիրներ դժվարամատչելի հետազոտությունների հետ կապված»,- մեզ հետ զրույցում ասաց «Նորք-Մարաշ» բժշկական կենտրոնի ղեկավար Միքայել Ադամյանը:

Ինչ վերաբերում է ստենտավորումներին ու վիրահատություններին, բարեբախտաբար, նորմալ է եղել՝ որեւիցե հիվանդ չի մերժվել ստենտավորման կամ վիրահատման հարցերում: ««Նորք-Մարաշը» որդեգրել է քաղաքականություն, որ գնում է ընդառաջ պացիենտին եւ օգտակար է լինում «Նորք-Մարաշ» կենտրոնի բյուջեի հաշվին, ինչպես նաեւ դիմում ենք առողջապության նախարարությանը, եւ եթե հնարավորություն է լինում՝ նախարարությունը եւս օգտակար է լինում»,-ասաց Ադամյանը:

Անդրադառնալով բժշկական ապահովագրմանը, ինչը բազմաթիվ բուժկենտրոնների համար խնդիր է դարձել, Ադամյանը նշեց, որ աշխարհում բժշկական ապահովագրության տարբեր մոդելներ են աշխատում, սակայն առողջապահության նախարարության ընտրածը նոր մոդել է, եւ, ինչպես ամեն նոր բան, սա եւս ժամանակի ընթացքում շտկելու, կարգավորումների կարիք ունի:

«Մոդելը լավն է, մոդելը շատ ծախսատար չէ հենց քաղաքացիների համար, բայց կարծում եմ, որ ընթացքում բոլոր խնդիրները շտկվող են: Եթե դա գործելու է այնպես, ինչպես պետպատվերներն են աշխատում՝ դա բավականին արագընթաց է, մանավանդ մեր կլինիկայում պացիենտները շատ արագ են սպասարկում ստանում՝ տարբերություն չկա վճարովի եւ պետպատվերով պացիենտների միջեւ: Եթե նույնձեւ են աշխատելու, կարծում եմ՝ խնդիր չի լինի: Միայն կարելի է գները վերանայել: Հիվանդանոցների հետ կապված պետպատվերների գները հաշվարկված են մինիմալ ինքնածախսի չափով, եւ կլինիկայի զարգացման համար մենք արդեն պարտադրված ենք լինում վճարովի պացիենտներից ունեցած շահույթներն օգտագործել: Կարծում եմ՝ գներն արժի վերանայել, որպեսզի հիվանդանոցների տնօրենները՝ մասնավոր, թե պետական, ավելի գոհ լինեն»,- նշեց «Նորք-Մարաշ» բժշկական կենտրոնի ղեկավարը:

Ադամյանը տեղեկացրեց նաեւ, որ սրտային հիվանդությունների երիտասարդացում է նկատվում, եւ տարեկան վիրահատությունների քանակով 10-15 տոկոսի չափով ավելացում կա:
Շատացել են հատկապես սրտի արատով ծնվող երեխաները՝ դրան է նպաստել նաեւ մարզերում սրտի հետազոտությունների ավելի մասնագիտական իրականացումը: Շատացել են նաեւ շատ երիտասարդ հասակում սրտամկանի ինֆարկտով դեպքերը: Սրտաբանը առանձնացրեց հատկապես 34-ամյա կերակրող մոր սրտամկանի ինֆարկտի դեպքը, ինչը բժշկության մեջ նոնսենս էր:

Զրուցեցինք նաեւ Արցախից Երեւան տեղափոխված հիվանդի մասին, ով սրտի շտապ վիրահատության կարիք է ունեցել, եւ վիրահատությունն արվել է «Նորք-Մարաշ» բժշկական կենտրոնում: Ադամյանը նշեց, որ իրենք մշտապես կապի մեջ են Արցախի իրենց կոլեգաների հետ, տեղյակ են, որ այս պահին դեղերի մատակարարման հետ կապված խնդիրներ են առաջացել: Ճգնաժամի հասնող խնդիրներ կան նաեւ բժշկական պարագաների հետ կապված:

«Տվյալ հիվանդն ունի սրտի իշեմիկ հիվանդություն, եւ շտապ վիրահատություն է անհրաժեշտ, դրա համար դիմել ենք բարձր ատյաններին, եւ հիվանդի համար մարդասիրական միջանցք է տրամադրվել, եւ հիվանդը տեղափոխվում է մեզ մոտ: Քանի որ հանդիսանում եմ նաեւ Արցախի առողջապահության նախարարության խորհրդատուն,  24 ժամ կապի մեջ ենք, եւ նմանատիպ հիվանդների հետ կապված պարբերաբար կոնսուլտացիաներ են մեզ մոտ իրականացվում, եւ, ինչպես տվյալ հիվանդի պարագայում էր, տեղափոխվում են մեզ մոտ՝ վիրահատություն կատարելու»,- ասաց ԲԿ տնօրենը:

Մենք հետաքրքրվեցինք՝ ինքն է՞լ է նույնքան աշխատավարձ ստանում, որքան Երեւանի պետական բժշկական կենտրոններից մեկի տնօրենը՝ վեց միլիոն դրամ։ Ադամյանն ասաց, որ իր աշխատավարձը 2.5 միլիոն դրամ է, որը 7 միլիարդ տարեկան բյուջե ունեցող բժշկական կենտրոնի պարագայում նորմալ աշխատավարձ է: Ներկայացրեց նաեւ, որ մենեջմենթի փոփոխության արդյունքում կարողացել են բարձրացնել բժիշկների ու բուժանձնակազմի աշխատավարձն ու այդպիսով դադարեցնել մասնագետների արտահոսքը:

Մենք հետաքրքրվեցինք նաեւ, որ լուրեր են շրջանառվում, թե Անահիտ Ավանեսյանի պաշտոնանկման դեպքում ինքն է առողջապահության նախարարի ամենահավանական թեկնածուն՝ կհամաձայնի՞, եթե առաջարկ ստանա։ «Անահիտ Ավանեսյանը վերջին տարիների ընթացքում բավականին լավ աշխատանք ծավալեց եւ լավ ժառանգություն ստացավ՝ նախ սկսենք դրանից, պրն Թորոսյանից, եւ շարունակեց լավ աշխատանքը, ինչով առողջապահությունում լավ զարգացում ունեցանք: Պետպատվերների հետ խնդիր ունեցանք, սակայն խնդիրն արագ լուծում ստացավ, քանի որ պրոֆեսիոնալներ միացան թիմին: Ինչ վերաբերում է առողջապահության նախարարի պաշտոնին, ապա այն շատ կարեւոր պաշտոն է Հայաստանի Հանրապետությունում, ոչ պակաս կարեւոր է, քան պաշտպանության նախարարի պաշտոնը եւ այլն, եւ այլն։ Շատ շնորհակալ կլինեմ նման վստահության համար: Ասեմ, որ «Նորք-Մարաշում» գործը շատ լավ է ստացվել, եւ բավականին արդյունք ենք ստացել, իսկ եթե հրաման կլինի՝ ծառայել Հայաստանի Հանրապետությանը որեւիցե այլ պաշտոնում՝ սկսած Մեղրիի հիվանդանոցի գլխավոր բժշկի, վերջացրած այլ պաշտոններով, միշտ պատրաստ եմ, սա իմ հայրենիքն է»,- ասաց  Միքայել Ադամյանը: