«Հրապարակ». Ինչպե՞ս եք պատկերացնում՝ Արցախի պետնախարարի խորհրդականը կառավարության դիմաց ակցիա անի

Հարցազրույց Արցախի մարդու իրավունքների պաշտպան Գեղամ Ստեփանյանի հետ
- Արդեն 8 օր է՝ նստացույց եք անում ՄԱԿ-ի գրասենյակի մոտ։ Ի՞նչ արձագանքներ են եղել միջազգային հանրությունից, ՄԱԿ-ից։
- Ութերորդ օրն է՝ ՄԱԿ-ի գրասենյակի դիմաց հավաքվում ենք, նստացույց է հայտարարված, մարդիկ գալիս-գնում են, պահանջը ե՛ւ ՄԱԿ-ի գրասենյակից, ե՛ւ միջազգային հանրությունից այն է, որ ներդրվեն հստակ մեխանիզմներ, որոնք կբացառեն նման դեպքերի կրկնությունը, եւ Լաչինի միջանցքով Գորիս-Ստեփանակերտ ճանապարհի շրջափակումն է ու մարդկանց, բեռների ազատ տեղաշարժի ապահովումը։ ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակի ղեկավարի պաշտոնակատարը մեզ հետ հանդիպում է ունեցել հենց բակում, տեղեկացրել է, որ այն, ինչ կատարվում է այստեղ, նկատի ունեմ՝ նստացույցը, մեր փոխանցած նամակը, ինչպես նաեւ ամենօրվա ռեժիմով ստացվող ինֆորմացիան ինքը զեկուցում է կենտրոնակայան եւ պատրաստակամություն է հայտնել, որ անհրաժեշտության դեպքում միշտ հանդիպի։ Դրանից հետո այլ հանդիպում ենք ունեցել՝ նոր պաշտոնակատարի հետ, նախորդն արձակուրդ է գնացել, նույն իրավիճակն էլ նա է ներկայացրել։ Միջազգային տարբեր հարթակներից կան արձագանքներ՝ տարբեր երկրների ԱԳՆ-երից, միջազգային կազմակերպություններից, բայց ճնշումը ես չեմ համարում բավարար, որն Ադրբեջանին կստիպեր, որ ճանապարհը բացի։
- Նստացույցի հետ կապված՝ տարբեր կարծիքներ կան, օրինակ, որ պետք է ՌԴ դեսպանատան դիմաց նստացույց անել, քանի որ ռուս խաղաղապահներն են Արցախում տեղակայված։
- Ռուս խաղաղապահներն իրավիճակին ծանոթ են, տիրապետում են եւ առաջնային պատասխանատվություն են կրում ճանապարհի անխափան գործունեության համար։ Ինչո՞ւ ենք ՄԱԿ-ի գրասենյակի դիմաց նստած, որովհետեւ ՄԱԿ-ը պատասխանատվություն ունի մարդու իրավունքների եւ անվտանգության ապահովման հարցում։ Եթե նոյեմբերի 9-ից հետո եռակողմ հայտարարությամբ ձեւավորված անվտանգային երաշխիքները չեն գործում, ուրեմն մեր պահանջը պետք է ուղղել միջազգային հանրությանը։
- Երկրորդ կարծիքն ասում է, որ ՄԱԿ-ի դիմաց նստացույցի փոխարեն ՀՀ կառավարության դիմաց ակցիա անեք՝ Նիկոլ Փաշինյանից պահանջելով, որ քայլեր իրականացնի, շատերի կարծիքով՝ նա է պատասխանատու ճանապարհի փակման համար։
- Հայաստանի կառավարության դեմ ակցիա անելու համար մի քիչ տրամաբանական խնդիր կա․ ինչպե՞ս եք պատկերացնում, ասենք, Արցախի պետնախարարի խորհրդականը կառավարության դիմաց ակցիա անի կամ նստացույց անի։ Բացի դրանից, պետք է հասկանանք, որ Հայաստանի դիմումով ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը Լաչինի միջանցքում ստեղծված իրավիճակը քննարկման է վերցրել։ Հիմա եթե ասենք, որ հայկական դիվանագիտությունը զբաղվում է այս հարցով, ի՞նչ պիտի պահանջվի Հայաստանի կառավարությունից։ Մեր պահանջն այս պահին ուղղված է նրան, որ տարբեր հարթակներով ճնշում գործադրվի Ադրբեջանի վրա, որ ճանապարհը բացվի։
- Գուցե Հայաստանի դիվանագիտությունն արդյունավետ չի զբաղվում։ Դուք ՀՀ կառավարությունից եւ Փաշինյանից որեւէ պահանջ կամ նրանց ասելիք չունե՞ք։
- ՀՀ կառավարությունից մեր ակնկալիքը եռակողմ հայտարարության դրույթներին հետեւելն է եւ անել ամեն ինչ, որպեսզի այն ստորագրած կողմերը կարողանան ապահովել։ Բայց մենք տեսնում ենք, որ դա չի կատարվում, եւ տեսնում ենք նաեւ, որ ինչ-որ առումով նաեւ Հայաստանի Հանրապետությունը չի կարողանում համապատասխան լծակներ կիրառել, որպեսզի դա ստացվի։ Հետեւաբար, ի՞նչ պիտի անենք մենք․ պիտի մեր հույսը դնենք միջազգային հանրության վրա՝ որ ճանապարհով էլ որ գնում ենք։ Հայաստանի սահմանին տեղի ունեցածն է գնում ՄԱԿ-ում քննարկվում՝ Հայաստանից ի՞նչ պահանջենք։
- Այսինքն՝ ՀՀ իշխանություններից ձեր հույսը կտրե՞լ եք։
- Ես նման ձեւակերպում չէի տա։ Ես երբեւէ մայր Հայաստանից իմ հույսը չեմ կտրելու։
- ՀՀ իշխանություններից, ոչ թե մայր Հայաստանից։
- Ընդհանրապես, էս պահի դրությամբ մայր Հայաստանում կա իշխանություն, չեմ ուզում նման ձեւակերպում տանք, բայց ես գտնում եմ, որ այս պահին մեր ակնկալիքն առաջին հերթին միջազգային հանրությունից է։
- Ձեզ ուղղված քննադատությունների հիմնական տրամաբանությունն այն է, որ դուք խուսափում եք ուղիղ քննադատություն հնչեցնել ՀՀ իշխանությունների հասցեին։
- Գիտեք, կա իրավիճակ, որում մենք հայտնվել ենք, սրանից պետք է դուրս գալ։ Ինձ ուզում է քննադատեն, ուզում է չքննադատեն, ուզում են սա համարեն կազմակերպված, իմ խնդիրը դա չէ, էս իրավիճակից դուրս գալն է։ Եվ ես գտնում եմ, որ դուրս գալու ռեալ շանսը միայն միջազգային հանրությունն է։ Այլ տարբերակ ես չեմ տեսնում։ Եվ իմ գործառույթը նաեւ դա է՝ միջազգային իրավապաշտպան կառույցների հետ աշխատանք տանել, որը ես իրականացնում եմ։
- Լավ, Ձեր կարծիքով՝ ստեղծված իրավիճակի գլխավոր մեղավորն ու պատասխանատուն ո՞վ է։
- Ճանապարհի փակման առումով միանշանակ է, որ կազմակերպված ակցիա է Ադրբեջանի կողմից, եւ Ադրբեջանն ուղղակի առաջ է տանում իր էթնիկ զտման քաղաքականությունը։ Ես կարծում եմ նաեւ, որ մեղավորությունն ինչ-որ չափով կարող ենք բոլորիս մեջ գտնել այն առումով, որ պոտենցիալի ձեւավորումը ճիշտ չի կատարվում, որպեսզի նման իրավիճակների կրկնությունը բացառենք։ Ես շատ հեռու եմ որեւէ մեկին մեղավոր ճանաչելուց կամ չճանաչելուց։
- Հայաստանի կամ Արցախի իշխանությունները մեղքի եւ պատասխանատվության չափ չունե՞ն այստեղ։
- Բոլորն ունեն այդ պատասխանատվությունը՝ ե՛ւ Արցախի իշխանությունը, ե՛ւ Հայաստանի իշխանությունը, ե՛ւ միջազգային հանրությունը։
Կարծիքներ