Ինչու՞ ռուս խաղաղապահները չեն կարողանում խաղաղություն հաստատել Արցախում

Ինչու՞ ռուս խաղաղապահները չեն կարողանում խաղաղություն հաստատել Արցախում

Արդեն հինգերորդ օրն է՝ Արցախը գազ չի ստանում։ Թշնամին պայթեցրել է գազատար խողովակի այն հատվածը, որը գտնվում է իր տարածքում եւ թույլ չեն տալիս նորոգել այն։ Ռմբակոծվում են հայկական բնակավայրերը՝ այս կերպ փորձելով վախեցնել արցախցիներին, որ նրանք լքեն իրենց բնակավայրերը, տները։ Այս ամենին ականատես ռուս խաղաղապահները, որոնք 44-օրյա պատերազմից հետո իրենց առաքելությունն են իրականացնում Արցախի Հանրապետությունում, չեն կարողանում կամ չեն ուզում խաղաղություն հաստատել Արցախում։ Ադրբեջանն ինչու՞ ռուս խաղաղապահների միջնորդությամբ թույլ չի տալիս հայ սակրավորներին իրականացնել ականազերծման, այնուհետեւ՝ տեխնիկական նորոգման աշխատանքներ։ 

Հնարավո՞ր է, որ սա կանխամտածված է և ռուս խաղաղապահները փորձում են այսպես «պատժել» եվրոպական երկրների հետ «խաղեր տվող» մեր իշխանություններին։ Խոսքը, մասնավորապես, վարչապետի փարիզյան այցի մասին է:

Hraparak.am-ը այս հարցերի շուրջ մեկնաբանություն է ստացել ռուս քաղաքագետ Մոդեստ Կոլերովից։

«Համաձայնագրի շուրջ հնարավոր չէ բանակցել, քանի որ Ադրբեջանը Լեռնային Ղարաբաղը բանակցությունների համար հավասար կողմ չի համարում։ Ընդհանրապես, զարմացած եմ։ Ես չեմ խոսում անձամբ Ձեր մասին, այլ այն մասին, ինչ ես վերջերս տեսնում եմ «Ռուսարմինֆո»-ի, «Բաղրամյան 26»-ի տելեգրամյան ալիքներում։ Ես կարող եմ անկեղծորեն ասել Ձեզ՝ ընկերաբար, որ սա սարսափելի ինտելեկտուալ դեգրադացիա է։

Կարծում եք՝ ես կմեկնաբանե՞մ այս զրպարտությունը, ես սրա պատասխանն ունեմ։
Խաղաղապահների մանդատը, ինչպես գիտեք, դեռ հաստատված չէ, այնտեղ խաղաղապահները գործում են՝ ելնելով այն հնարավորություններից, որոնք իսկապես առկա են տեղում։ Չգիտեմ՝ հետևո՞ւմ եք ադրբեջանական մամուլին կամ բլոգներին, կամ գոնե կարդու՞մ եք ադրբեջանական բլոգոլորտի ծաղկաքաղը Ռեգնումում։ Ադրբեջանական ոչ պաշտոնական ու ոչ իշխանական լրատվամիջոցներում ու բլոգներում ուղղակի ռուսաֆոբիայի տոտալ գերիշխանություն կա: Նրանք պահանջում են անհապաղ դուրս բերել խաղաղապահներին։ Մեր խաղաղապահների նկատմամբ Ադրբեջանի իշխանությունների իրական վերաբերմունքը ոչ մեկի համար գաղտնիք չէ»։