Կրեմլը պահանջում է հղիության թեստ

Կրեմլը պահանջում է հղիության թեստ

Նիկոլ Փաշինյանը France 24 հեռուստաալիքին տված հարցազրույցում հայտարարել է, որ Հայաստանի մասնակցությունը Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությանը (ՀԱՊԿ) այս պահին «սառեցված» է։ Սա ի՞նչ է նշանակում։ Եթե հաշվի առնենք այն հանգամանքը, որ սառեցման դեպքում պտուղը պահպանում է իր արժեքավոր հատկությունները, ապա պիտի մտածենք, որ Նիկոլ Փաշինյանը հարաբերությունը սառեցրել է, բայց ուզում է օգտվել ՀԱՊԿ-ի արժեքավոր հատկություններից։ Ուզում է օգտվել  ՀԱՊԿ-ի ձմեռային և բոլոր այն պաշարներից, որոնք հետագայում կսնուցեն։

Ամենահետաքրքիրն այն է, որ «սառեցում կատարելով» Փաշինյանը չգիտի, թե հետո ինչ կլինի։ Նույն հարցազրույցում ասում է․ «Մենք «սառեցրել» ենք մեր մասնակցությունն այս պայմանագրին։ Տեսնենք՝ ինչ կլինի հետո»։ Այսինքն նրա հույսին մնացած մի ողջ երկրի ճակատագիր է լուծում՝ ինքն էլ չպատկերացնելով, թե հետո ինչ կլինի։ 

․․․Հետոն Կրեմլի հայտարարություններն են։ Ռուսաստանն  այնքան միամիտ չէ, որ հավատա Փաշինյանի կիսահղի վիճակին ու վերջին հայտարարություններով հենց դա է ասում՝ կամ հղի ես, կամ հղի չես, կիսահղի վիճակ չկա։ Կրեմլը պարզաբանում, բացատրություն է պահանջում և հայտարարում , որ ՀԱՊԿ կազմակերպության կանոնադրությունը չի նախատեսում այնպիսի կարգավիճակ, ինչպիսին «սառեցված անդամակցությունն»․ «Համապատասխան փաստաթղթերի հիման վրա նման ռեժիմ (սառեցված անդամակցություն) դե յուրե ՀԱՊԿ ծրագրում պարզապես գոյություն չունի»,- ասում է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։

Բնական է ու սպասելի, որ Մոսկվան կպահանջի հղիության թեստ։ Չի բացառվում, որ նույն թեստը պահանջի նաև Արևմուտքը։