«Հրապարակ». Ինչ են քննարկել Արցախի հարցով փակ հավաքի ընթացքում

«Հրապարակ». Ինչ են քննարկել Արցախի հարցով փակ հավաքի ընթացքում

Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանի մասնակցությամբ Երեւանի «Արմենիա Մարիոթ» հյուրանոցում երեկ տեղի ունեցած փակ քննարկման առանցքում եղել է Արցախի վտարանդի կառավարություն ձեւավորելու հարցը։ Հավաքը նախաձեռնել էր Սուրեն Պետրոսյանը, ում ղեկավարած «Ժողովրդավարական համախմբում» կուսակցությունը մասնակցում էր Երեւանի ընտրություններին, բայց չհաղթահարեց անցողիկ շեմը, ինչպես նաեւ սահմանադրագետ, ԵՊՀ սահմանադրական իրավունքի ամբիոնի վարիչ Վարդան Այվազյանը։ Նրանք դեռեւս հոկտեմբերի 10-ին էին ասուլիս տվել եւ հայտարարել, որ սկսում են Արցախի վտարանդի կառավարություն ձեւավորելու գործընթացը՝ Արցախի սահմանադրական կարգը վերականգնելու նպատակով։

«Արցախի եւ Ադրբեջանի իշխանությունները հանդիպեցին Եվլախում, եւ չափազանց մեծ ճնշումների ներքո ստորագրվեցին որոշ փաստաթղթեր, որոնք, միջազգային իրավունքի համաձայն, կարող են չեղարկվել։ Մասնավորապես, դրանք հակասում են Վիեննայի կոնվենցիային։ Հետեւաբար, խնդիր ունեք՝ վերականգնելու Արցախի սահմանադրական կարգը եւ Արցախի բնականոն աշխատանքը, բայց՝ վտարանդի կառավարության շրջանակներում։ Սա մեզ թույլ կտա ամրապնդել ու ամրագրել մեր բանակցային տրամաբանությունը, այսինքն՝ մենք չենք փակում Արցախի էջը, շարունակում ենք վիճարկել Արցախի խնդիրը։ Այսինքն՝ Արցախի հիմնախնդիրը շարունակում է մնալ մեր օրակարգում, եւ մենք այս օրակարգից այն կողմ չենք անցնում։ Սրանով նաեւ վերականգնվում է Արցախի սուբյեկտայնությունը, որով Արցախի կառավարությունը Հայաստանի Հանրապետությունից առանձին կարող է հարաբերվել միջազգային հանրության հետ եւ այս օրակարգը շարունակաբար տանել առաջ»,- հայտարարել է Սուրեն Պետրոսյանը։

Երեկվա հանդիպմանը շուրջ երեք տասնյակ մարդ է մասնակցել, այդ թվում՝ Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանը, ԱԺ նախկին նախագահ Աշոտ Ղուլյանը, խորհրդարանական ուժերի ներկայացուցիչներ, ՀԿ սեկտորի ներկայացուցիչներ Արցախից ու Հայաստանից, ճանաչված արեւելագետ Գուրգեն Մելիքյանը, իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանը, նախկին ՓՊ նախագահ Արա Զոհրաբյանը, թուրքագետ Ռուբեն Մելքոնյանը եւ այլք։ Հանդիպումը ոչ միայն փակ էր լրագրողների համար, այլեւ մասնակիցներին հատուկ զգուշացվել էր արտահոսք թույլ չտալ՝ հնարավորինս խուսափելու իշխանության հարձակումներից, քանի որ Արցախը հանձնած ՀՀ իշխանությունը չի հանդուրժում Արցախի վտարանդի կառավարության գոյությունը՝ դրանից բխող հետեւանքներով։

Հետեւաբար, մեզ հետաքրքրեց՝ արդյոք նախաձեռնողները հաշվի առե՞լ են, թե որտեղ է գործելու այդ կառավարությունը, որտեղից է ֆինանսավորվելու, եւ նման այլ հարցեր։
Նախաձեռնողներից Սուրեն Պետրոսյանը հիշեցրեց, որ հանդիպումը փակ է եղել, քննարկման բովանդակության մասին շատ բան չի կարող ասել, սակայն մեզ վստահեցրեց, որ բոլոր ռիսկերը հաշվի են առել, դեռ շաբաթներ առաջ են ձեւավորել խնդրով զբաղվող հանձնախումբ եւ գործնական բազում քայլեր են արել, որոնց մասին չեն հրապարակել եւ հիմա սկսել են գաղափարը կյանքի կոչելու փուլը։

«Կարող եմ ասել, որ պետականության պահպանման գործընթացը չափազանց իրատեսական եւ իրագործելի է։ Իհարկե, խոչընդոտներ կլինեն, տարբեր կենտրոններից ճնշումներ, բայց դա պարզ իրագործելի է»,- ասաց Պետրոսյանը։ Ապա հավելեց, որ «կենտրոններ» ասելով՝ նկատի ունի նաեւ աշխարհաքաղաքական։ «Մենք ամրագրեցինք, որ սա ոչ միայն քաղաքական, այլեւ քաղաքակրթական կոմպոնենտ ունի իր մեջ, բայց միեւնույն ժամանակ մենք նաեւ քննարկել ենք, որ որեւիցե մեկն Արցախի մեր հայրենակիցներին այս գործընթացների շրջանակներում չպետք է դիտարկի որպես ներքաղաքական գործընթացների համար ռեսուրս։ Ես պատահական չեմ օգտագործում «ռեսուրս» բառը»,- ընդգծեց Պետրոսյանը։

Կա՞ արդյոք Արցախի պաշտոնատար անձանց կողմից քաղաքական կամք՝ հաշվի առնելով, որ գործընթացը հրապարակային դառնալուց հետո իրենք թիրախավորվելու են բոլոր կողմերից, եւ հատկապես ՀՀ իշխանություններն են իրենց դեմ աշխատելու։ «Ես իմ կարծիքը կարող եմ ասել եւ շատ կուզեմ, որ սխալված չլինեմ, այո, ես այդ կամքը տեսա, իմ պատկերացումներով՝ կար այդ կամքը»։

Մեր զրուցակիցն ասաց նաեւ, որ սկսված գործընթացի շուրջ կա լայն համախմբում Հայաստանից եւ սփյուռքից՝ շատերն են օժանդակելու, ֆինանսավորելու պատրաստակամություն հայտնել։ «Մենք շուրջ երեք շաբաթ հսկայածավալ գործ ենք արել, այս օրակարգին աջակցություն ստանալու համար տարբեր անկյուններում, տարբեր ռեսուրսներ ունեցող մեր հայրենակիցների հետ՝ սկսած մտավորականներից, վերջացրած մյուսներով, հանդիպումներ եւ հեռախոսազրույցներ ենք ունեցել, քննարկել նաեւ ֆինանսական անհրաժեշտ կոմպոնենտներ, երաշխիքներ, հստակեցումներ, մի խոսքով՝ ինստիտուցիոնալ բոլոր գործառույթները։ Երբ առաջին քայլը արվի՝ պետականության պահպանմանն ուղղված, առավել մանրամասն կներկայացնենք»։ Թե որն է առաջին քայլը, Պետրոսյանը չմանրամասնեց՝ ասելով միայն․ «Իրավական եւ մնացած խոչընդոտները հաղթահարելը»։ Իսկ Շահրամանյանի՝ Արցախի «լուծարման» որոշումը չպե՞տք է չեղարկվի, թե՞, ինչպես որոշ իրավաբաններ են պնդում, այն ինքնին իրավազոր չէ։ «Շատերը կենտրոնանում են այդ հարցի իրավական բաղադրիչի վրա, բայց հարցը բացարձակապես իրավական չէ, այն քաղաքական է, եւ իրավական որեւիցե խնդիր չկա չեղարկելու։ Այստեղ կա քաղաքական խնդիր, եւ այդ խնդիրը տանող ճանապարհին մենք պետք է կարողանանք հաշվի առնել ե՛ւ թերությունները, ե՛ւ առավելությունները»։