Երկմտանքի մեջ
Ի՞նչ անել՝ լսե՞լ ալիեւների ու նմանների հերթական բարբաջանք-սպառնալիքները՝ ուղղված Հայաստանին, ուշադրություն դարձնե՞լ, թե՞ արհամարհել։ Բայց կյանքը ցույց է տալիս, որ մեր թշնամիներն ավելի հետեւողական են եւ ավելի հավատարիմ իրենց ծրագրերին ու խոսքին, քան մենք եւ հատկապես՝ մեր իշխանությունները։ Մենք հատորներ կարող ենք կազմել ասված, հետո՝ հերքված, հայտարարված, հետո՝ հրաժարված խոսքերից ու խոստումներից։ Հաշիվն անգամ կորցրել ենք։ Իսկ Ալիեւի նման հրոսակներն ասում են եւ անում՝ ուղիղ եւ նպատակասլաց գնալով դեպի իրենց երազանքների կատարումը։
Ի՞նչ անել՝ լսե՞լ, թե ինչպես է միջազգային հերթական ինստիտուտը կամ հերթական օտարազգի քաղաքագետը գուժում մեր տարածաշրջանում մոտալուտ պատերազմի մասին, ինչպես է կանխատեսում Ադրբեջանի նոր հարձակումը Հայաստանի վրա, եւ ինչպես են այլազգի դիվանագետները սառնասրտորեն քննարկում, թե ինչ կարող է լինել այդ հարձակման հետեւանքով։ Կարդա՞լ հերթական հրապարակումն այն մասին, թե աշխարհի նոր քարտեզից ինչպես է վերանալու Հայաստան պետությունը, եւ ինչպես են մահմեդական ազգերն ու գերտերություններն իրար մեջ բաժանելու Հարավային Կովկասն ու Մերձավոր Արեւելքը։ Թե՞ դրանք համարել հիվանդ մտքի արգասիք եւ լուրջ չվերաբերվել։ Առավել եւս՝ չներկայացնել ընթերցող հասարակությանը, որ առանց այն էլ պատերազմից ու թշնամուց սարսափահար այս իշխանությունները դրանից չօգտվեն եւ այդ խուճապի շնորհիվ չկարողանան ավարտին հասցնել իրենց ազգակործան ծրագրերն ու «խաղաղության խաչմերուկի» չարագուշակ ուրվականը։
Այս երկընտրանքը՝ հաղորդե՞լ չարագուշակ լուրեր, որոնք կարող են էլ ավելի վախեցնել մեր ընկճված ու հոգեպես կոտրված հասարակությանը, թե՞ անտեսել դրանք, ցավոք սրտի, մեր աշխատանքի բաղկացուցիչն է դարձել։
Կարծիքներ