Այնքան են լկտիացել, որ անգամ ձևական կողմը չեն պահում

Այնքան են լկտիացել, որ անգամ ձևական կողմը չեն պահում

Հինգշաբթի օրը կառավարության նիստի ընթացքում վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահ Սասուն Խաչատրյանը քննարկում էին, թե ինչ քիչ են դատարանները կալանքի որոշումներ կայացնում ամբաստանյալների նկատմամբ։ Սասուն Խաչատրյանը Փաշինյանի մոտ արդարանում էր, թե ինչու են «թալանի հետ վերադարձի» տեմպերը դանդաղ, ասում էր, որ դատարանները մեղադրյալներին չեն կալանավորում, դրա պատճառով էլ դատական նիստերը ձգձգվում են։ Նիկոլ Փաշինյանն էլ համաձայնելով Խաչատրյանի հետ, որ կա նման խնդիր, այնուամենայնիվ մեղադրական դատական ակտեր էր պահանջում։ Այլ կերպ ասած՝ վարչապետն ու նախաքննական մարմնի ղեկավարը կառավարության նիստում` ամբողջ հանրության առաջ որոշում էին, թե ինչ անեն դատավորները, ինչ` չանեն։ Հետագայում դատական դեպարտամենտը հայտարարություն տարածեց՝ մի փոքր «կծելով» Խաչատրյանին, թե` կալանքը պատժի միջոց չէ, և կալանք չեն տալիս դատական նիստերը արագացնելու համար։ «Առավել ևս, անթույլատրելի է խափանման միջոցի ընտրությունը դատական քննության արագացման խթան կամ քննության հետ ավելի օպերատիվ համագործակցելու մոտիվացիոն գործիք ծառայեցնելը»,–նշված է հաղորդագրության մեջ։ 

Փաստաբան Տիգրան Աթանեսյանը Սասուն Խաչատրյանի ու Նիկոլ Փաշինյանի երկխոսության մեջ քրեական հանցագործության էլեմենտներ է նկատում․ «Ես, իհարկե, նման տխրահռչակ շոուներ, կամ նման դերակատարներով շոուներ չեմ նայում, բայց Ձեր նկարագրածից ելնելով կարող եմ ասել, որ դա երկուսի նկատմամբ էլ քրեական հետապնդում հարուցելու ու երկուսին էլ կալանավորելու հիմք է։ Այդտեղ մի փունջ խախտում կա․ պաշտոնեական դիրքի չարաշահում, դատարանների անկախության խաթարում և այլն։ Այսինքն՝ այնքան են ցինիկացել ու լկտիացել, որ անգամ այդ ձևական կողմը չեն պահում»:

Փաստաբան Ռուբեն Մելիքյանն էլ մեզ հետ զրույցում ասաց, որ դա դատարանների վրա ճնշում դժվար է դիտարկել, քանի որ դատարանները վաղուց իշխանության վերահսկողության ներքո են․ «Դատարաններն արդեն ամբողջությամբ գտնվում են իշխող քաղաքական ուժի վերահսկողության ներքո, և այս քննարկումը ես կհամարեի ներթիմային քննարկում։ Դա, իհարկե, մարդու իրավունքների, արդար դատաքննության, իշխանությունների տարանջատման սկզբունքի տեսանկյունից անընդունելի է, բայց այս քննարկումը ես կդժվարանայի դիտել դատարանների նկատմամբ ճնշման տեսանկյունից` այն պարզ պատճառով, որ ճնշելու բան չկա, դատական իշխանության ղեկավար նշանակվել է քաղաքական թիմի անդամը, նա իր հետ բերել է քաղաքական թիմի այլ անդամների, դատական իշխանությունն ամբողջությամբ վերահսկողության տակ է գտնվում «Քաղաքացիական պայմանագիր» քաղաքական ուժի կողմից։ Այլ պայմաններում սա ճնշում, իհարկե, կդիտվեր, բայց էլ ճնշելու բան չկա»:

Հարցին, որ դատական դեպարտամենտի պատասխանը որքան էլ տեղին էր, մեկնաբանում են որպես Կարեն Անդրեասյանի և Սասուն Խաչատրյանի միջև հակամարտության դրսեւորում, Մելիքյանը պատասխանեց․ «Դե, ես հենց դրա համար էլ ասում եմ, որ ներքաղաքական, ներթիմային ինչ-որ գզվռտոցներ կարող են լինել, որոնք անձամբ ինձ շատ հետաքրքիր չեն։ Գիտեք՝ հաճախ է լինում երբ ոչ միայն կոռուպցիոն, այլև մարդու դեմ ուղղված ենթադրյալ հանցագործությունների, այդ թվում և սպանության դեպքում, ընտրվում են խափանման միջոցներ, բայց դրանք, իհարկե, չեն վերաբերում քաղաքական հետապնդումներին։ Օրինակ՝ Նարեկ Մալյանը, Աշոտյանը և այլն, ամեն մեկի պարագայում առանձնահատուկ է։ Օրինակ, Նարեկ Մալյանն ինչ-որ խոսք է ասել, 15 րոպեանոց լայվից 1.5 րոպեն վերցրել են, դրա համար այլընտրանքային խափանման միջոցը թույլատրելի չէ, բայց գործընկերներիցս մեկն ասաց՝ հո սպանության մեջ չի՞ մեղադրվում, որ այլընտրանքային խափանման միջոց կիրառվեր»,- ասաց Մելիքյանը։ 

Զրուցեցինք նաև փաստաբան Արամ Օրբելյանի հետ։ Նա կարծում է, որ նման հայտարարությունները մի բան են նշանակում` որ մեղավորներն առանց դատարանի էլ արդեն որոշված են․ «Փաստացի երբ խոսում ենք այն մասին, որ դանդաղ է ինչ-որ պրոցես գնում, այսինքն՝ այդ պրոցեսում դատական նիստերի դանդաղությունն է խնդիրը, դա նշանակում է, որ այդ մարդիկ ի սկզբանե որոշել են, որ կա հանցագործություն, ի սկզբանե որոշել են, որ կան մեղավորներ, իսկ դատարանի որոշումն էլ իրենց ուղղակի պետք է, որ կարողանան ավարտին հասցնել այդ գործընթացը։ Դա անմեղության կանխավարկածի ուղղակի խախտում է։ Երկորդը՝ կալանքի օրինական հիմքերից ոչ մեկը չի վերաբերվում դատական գործը արագ քննելուն։ Այսինքն՝ եթե դատական նիստերը հետաձգվում են ամբաստանյալի բացակայության պատճառով, որովհետև նա թաքնվում է, չի ներկայանում դատարան, կարող է կիրառվել կալանք, բայց չի կարող կիրառվել կալանք նրա համար, որ դատական նիստերը արագ գնան՝ ինչ-որ անհասկանալի պրոցեսի լույսի ներքո։ Ավելին՝ դրանից հետո դատական դեպարտամենտը պարզաբանում է տվել։ Երրորդը, երբ մենք ասում ենք, որ կալանք քիչ են տալիս, և խոսում ենք դատական նիստերի ընթացքի մասին, դա նույնպես խնդրահարույց է և կառավարության լիազորությունների և ներկա մարդկանց լիազորությունների խնդիր կա։ Այդտեղ խախտումներն այնքան շատ են, որ չգիտեմ էլ, թե որ անկյան տակ կարելի է հարցը դիտարկել ու մեկնաբանել»,- ասաց Օրբելյանը։