Լուսինե Բադալյանի «անձնական ճնշումը»

Լուսինե Բադալյանի «անձնական ճնշումը»

Երբ վարչապետ Նիկոլ Փաշինյանը  նոյեմբերի 12-ի գիշերը «տղա» էր կանչում առաջնագծից՝ Երեւանում «վնգստացողների» հարցերը լուծելու համար, երեւույթն այնքան աննախադեպ էր, միաժամանակ ամոթալի, որ առաջին բանը, ինչին սպասում էր անսպասելիությունից ամբողջ գիշերն արթուն անցկացրած հայությունը, այն էր, թե վերջնականապես կորած այդ մարդուն հիմա արդեն կլքեն թիմակիցներից շատերը։ Սակայն պարզվեց՝  հանրության ակնկալիքներն ԱԺ իմքայլականներից խիստ էին բարոյական, ասել է թե՝ բնավ տեղին չէին։ Իմքայլականներից հերոսաբար դիմագրավեցին այդ բարոյական արհավիրքն էլ, եւ   բանը մեկ-երկու հրաժարականից այն կողմ չանցավ։

Ահա այս համատեքստում բացառիկորեն յուրօրինակ էր ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Լուսինե Բադալյանի վարքը։ Ի տարբերություն ինը տասնյակ իր համագոյակիցների՝ սույն տիկինը նախ հուզախռով արձագանքեց վարչապետի գրառմանը, թե՝ եթե «Իմ քայլն» անհապաղ գործուն քայլեր չձեռնարկի, ինքը մանդատը վայր կդնի։ Տիկնոջ գրառումն իրավամբ հուզախռով էր, եւ  մեղք էր կասկածել նրա անկեղծությանը։

«Իմ քայլը», սակայն, ոչ մի գործնական բան չձեռնարկեց․ կոնֆորմիստների, գաղափարազուրկների, ապազգայինների, սորոսականների այդ հավաքածուն չէր էլ կարող ինքնուրույն որեւէ քայլ ձեռնարկել։ Նրանք բոլորն էլ Նիկոլի կոշտ դիկտատի տակ էին եւ են՝ այնքան զուրկ ինքնուրույնությունից ու ազատությունից, որ ստրկամտությունը դարձրել են հավատարմության հոմանիշ եւ ծառայում են տիրոջը (Վերջին բառը կարող էի նաեւ մեծատառով գրել, որովհետեւ Նիկոլ Փաշինյանը նրանց համար աստված է, հետեւաբար նաեւ՝ «Նրա» գործերը՝ անքննելի։ Անքննելի աստվածային տեքստ հռչակվեց նաեւ վերոհիշյալ գրառումը՝ «վնգստացող» բանալի-բառով (ասում են՝ դրա աստվածաբանական խորություններն են դեռ վերծանում ՔՊ կուսակցության համապատասխան մասնագետները))։

Վերադառնանք, սակայն, Լուսինե Բադալյան պատգամավորուհուն, որը, ինչպես արդեն ասվեց, ընդհանուր ամորֆ զանգվածից անհատականության պստլիկ հայտ էր ներկայացրել եւ կարծես մոտ էր հռչակվելու որպես «աննախադեպ»` դրանով նաեւ շոյելով հայ լրագրողական դասի ինքնասիրությունը (տիկինը լրագրող է եղել), սակայն նրա ընդվզումը, տարաբախտաբար, ընդամենը մի քանի ժամ տեւեց։ Տիկինն արագ հավաքեց իրեն, խմբակիցների համատեղ ջանքերով խելքի եկավ եւ մեղմանուշ ձայնով  հայտարարեց, թե չի կարող  լքել թիմին նրա ծանր պահին («․․․ դու ինչ-որ մեկին եթե լքում ես, ուրեմն` միշտ էլ կկարողանաս շատերին լքել բոլոր հարցերում»)․ ինքն ամբողջ կյանքում իրեն չի՜ ների դրա համար։ 

Հիմա արդեն պատգամավորուհին  կարող էր չքմեղանալ, որովհետեւ կարեւորն այլեւս արված էր․ ինքն «ընդվզել» էր Նիկոլի դեմ, հանրությունը դա արդե՛ն արձանագրել էր ու մտապահել, ուրեմն կարելի էր աննկատ հետ քաշվել՝ պահպանելով թե՛ «ընդվզողի», թե՛ նաեւ հավատարիմ զինակցի համարումը։ Եվ կարծում եմ՝ այդ օրվանից ի վեր Լուսինե Բադալյանի հոգում առայսօր հաշտ գոյակցում են երկուսն էլ՝ «ընդվզողը» եւ Նիկոլի հավատարիմը։

Այսօր արդեն տիկինը, բնականաբար, խաղաղվել է, վկա՝ նրա վերջին հարցազրույցը, որից փոքրիկ մեջբերումներ արեցինք։ Հիմա նրան ոչ թե արտաքին, այլ, ինչպես ինքն է ձեւակերպել՝ «անձնական ճնշումն» է լոկ, որ երբեմն տանջում է եւ հանգիստ չի տալիս։ 
Մխիթարեմ տիկնոջը․ Նիկոլի ձեռքի տակ այսօր ամբողջ ազգն է հիվանդ, այնպես որ,  «անձնական ճնշումն» անվտանգ հարբուխի պես բան է՝ կանցնի։ 

ՀԳ․ Տպավորություն կարող է ստեղծվել, թե քննադատում եմ Լ․ Բադալյանին հեղհեղուկ վարքի համար։ Քավ լիցի։ Ես նրա համար խորապես ցավում եմ։ Ընդունեք ցավակցություններս, տիկին։