Նիկոլը մշտապես սպասարկել է Ադրբեջանի շահը
Հադրութից փշրանք մնացած Խծաբերդը եւ Հին թաղերը զիջեցինք Ադրբեջանին նոյեմբերի 9-ի զինադադարից հետո: Այս զիջումը եռակողմ ստորագրված համաձայնագրով նախատեսված չէր, հավանաբար՝ նախատեսված էր Նիկոլի վեցամսյա ճանապարհային քարտեզի թաքնագրված կետով: Ադրբեջանցիները գրոհում են մեր դիրքերը` վիրավորելով վեց եւ գերեվարելով ինը դիքապահի: ՀՀ վարչապետը հայտարարում է, որ այդ գյուղերը ռուս խաղաղապահների պատասխանատվության տակ են: Իսկ ռուս խաղաղապահները, բանակցելով ադրբեջանցիների հետ, ցույց են տալիս նոր քարտեզ, որի համաձայն՝ այդ գյուղերն Ադրբեջանի վերահսկողության տակ են անցնում:
Կա կարծիք, որ գերիներ փոխանակող Մուրադովի ինքնաթիռը 44 հայ գերիներին բերել է նաեւ այդ երկու գյուղերը հանձնելու դիմաց: Մենք Ադրբեջանին ենք տրամադրել 12 գերի, որոնցից 2-ը՝ մարդասպան, այդքանն էր մեր ունեցած-չունեցած գերիների ողջ զինանոցը: Իսկ Ադրբեջանում մենք դեռեւս 100-ից ավելի գերիներ ունենք, համենայնդեպս, այդ մասին են բարձրաձայնում մեր կողմից խնդրով հետամուտները: Բնականաբար, ամեն կերպ պետք է ջանանք մեր գերիներին վերադարձնել: Իսկ որո՞նք են հաջորդ բնակավայրերը, որ պետք է փուլ առ փուլ տրամադրենք Ադրբեջանին՝ մեր գերիների հերթական խմբի դիմաց: Միայն Արցախի՞ց են լինելու այդ բնակավայրերը, թե՞ նաեւ Հայաստանից, քանի որ սկսվել է գործընթացը, եւ այն կրում է «տարածքներ՝ գերիների դիմաց» ձեւաչափը: Իսկ մենք չունենք այլեւս փոխանակելու գերիներ, փոխարենն ունենք տարածքներ, որոնց վրա է ադրբեջանցու աչքը՝ ե՛ւ Արցախում, ե՛ւ Հայաստանում: Մնում է ենթադրել, որ սա Նիկոլի վեցամսյա ճանապարհային քարտեզի մեկնարկն է:
Սա վերջի սկիզբն է, իսկ սկզբի սկիզբն ավելի քան երկու տարի առաջ էր: Այդ հիմա է աղվեսն ասում. այ հիմար կկու, քանի՞ փոքրիկ ձագ ունես դու, մեկը դեսը ղրկիր: Իսկ երկու տարի առաջ հիմար կկուն էր ասում. աղվես աղա, այսքան փոքրիկ ձագ ունեմ ես, արի՝ մեկը տամ քեզ, հետո էլի կգաս` էլի կտամ: Ի՞նչ է ուզում Թումանյանն ասել, այն, որ մենք մեր ձեռքով գիրք էինք գրում եւ շնորհանդես անում, թե Երեւանի Ֆիրդուսու փողոցում ադրբեջանցիներ էին ապրում, իսկ հայ ուսանողները նրանց տանը մատչելի գնով սենյակ էին վարձում, եւ այդ ադրբեջանցիները շատ լավ էին վերաբերվում մեր հայ ուսանողներին: Այսինքն` մենք մեր մայրաքաղաքում տնվոր էինք ադրբեջանցուն: Ալիեւն էլ ասում է, որ Երեւանն ադրբեջանական քաղաք է եղել, որ նվեր են տվել հայերին, հիմա էլ փոշմանել ու ետ են ուզում:
Իսկ Թումանյանի հիմար կկուն ասում է, որ սովետի վախտ սահմանամերձ գյուղերում ախպերություն էր ադրբեջանցիների հետ, որ մենք կոնյակ էինք տալիս նրանց, նրանք էլ չգիտեմ ինչ զահրումար էին տալիս մեզ: Ո՞վ գցեց էս կռիվը մեր մեջ: Էդ հիմար կկուն ֆիլմ էր նկարում էդ առիթով, խաղաղության խաչեր բաժանում, Մեհրիբանին էլ հրավիրում էր թեյ խմելու եւ մուղամ լսելու: Ալիեւը տարիներով ատում էր մեր բանակի գեներալներին ու պատերազմ հաղթածներին, բայց ձեռքը չէր հասնում, որ դատեր, բանտարկեր ու ծիծաղելի դարձներ նրանց: Էս մեր հիմար կկուն իր ձեռքով արեց: Ալիեւը երազում էր Շուշին, էս մեր հիմար կկուն էդ երազն էլ կատարեց: Հիմա էլ մեկնարկ է վերցրել՝ կատարելու կիրթ ու կառուցողական դրացու տեսած մյուս երազները: Կարծես չարը չունի վերջ, որովհետեւ մեր պատմության մեջ բացակայում է ամենակարեւորը` իմաստուն ագռավը, եւ հենց այստեղ է, որ փչանում, հմայքը կորցնում է Թումանյանի հեքիաթը:
Հուսիկ Արա
Կարծիքներ