Մի սփյուռքահայ «չներդրողի» պատմություն

Մի սփյուռքահայ «չներդրողի» պատմություն

2020 թվականին կապիտուլացվելուց մեկ ամիս անց՝ նույն տարվա դեկտեմբերին, կառավարությունը որոշել է Գյումրի քաղաքի մատույցներում գտնվող նախկին զորամասի տարածքը՝ մոտ 21 հեկտար, տրամադրել «Ռենեսանս» թաղամասի կառուցմանը: Սա ներդրումային ծրագիր է, ներդրողներից մեկն էլ շվեյցարահայ գործարար Վարդան Սրմաքեշն է: Այս որոշումից ամիսներ առաջ, 2020 թվականի գարնանը, նախագահ Արմեն Սարգսյանի նախաձեռնությամբ, կառավարությունը բանավոր համաձայնել էր նույն տարածքը տրամադրել «Գյուրջիեւի այգի» ծրագրի իրականացմանը:

Ծրագիրը մշակել են Արմեն Սարգսյանի «Երեւան, իմ սեր» հիմնադրամի հիմնած «Գյումրի, իմ սեր», «Հայաստան» համահայկական հիմնադրամները՝ օտարերկրյա փորձագետների ներգրավմամբ: Գեորգի Իվանի Գյուրջիեւը ծնվել է Գյումրիում, բայց այսօր Գյումրիում նրա մասին հիշեցնող ոչինչ չկա: Նրա անունով այգին, ուր պետք է նաեւ թանգարան լիներ, կդառնար զբոսաշրջության լուրջ խթան: Բայց «Գյուրջիեւի այգի» ծրագիրը տեսնել-հավանելուց հետո կառավարությունը որոշեց Վարդան Սրմաքեշին հաճոյանալ: Թվում է՝ չպետք է անեին, քանզի նախկիններն էին ժամանակին հաճոյանում Վարդան Սրմաքեշին:

Դեռեւս 2017 թվականին Վարդան Սրմաքեշը խոստացել է Գյումրիում մանվածքային ֆաբրիկա կառուցել, լոկոմոտիվային դեպոն վերակառուցել, ժամացույցի արտադրություն (այդ թվում՝ արտադրանքի ցուցասրահի) կազմակերպել, Երեւանում՝ «Դալմա Գարդեն մոլ» առեւտրի կենտրոնի ետնամասում, 8 հեկտար տարածքով բնակելի թաղամաս կառուցել: Կառավարությունը որոշումներ է կայացրել եւ տարածքներ հատկացրել գործարարին, սակայն մինչ օրս ոչ մի գործ արված չէ: Այդ դեպքում ինչո՞ւ տարածք տալ ասող-չանող գործարարին՝ «չներդրողին»: 

Մերժած նախկինների ներկայացուցիչներ կային, որ ժամանակին որեւէ քաղաքում իրենցով էին անում որեւէ չօգտագործվող շինություն, հողամաս՝ հույսով, որ հարյուրապատիկ թանկ կվաճառեն որեւէ գործարարի: Մերժողները հերթական անգամ, հերթական հարցում կրկնում են մերժվածներին՝ իրենցով են անում շինություն ու հողամաս: Այս պարագայում՝ ծագումով հայ գործարար «չներդրողը» կարող է նաեւ մեզ ոչ բարեկամ երկրի շահերը սպասարկել եւ հողամաս գնելով՝ խափանել նույն տարածքի համար նախատեսված եւ եկամուտներ ապահովող ռեալ ծրագիրը: Նման դեպքերի համար պետական օղակներ կան, օրինակ՝ էկոնոմիկայի նախարություն, որը պետք է զբաղվի ներդրողների խոսքի եւ գործի համադրման վերլուծությամբ: Չի անում, եւ ոչ մի պետական կառույց չի անում: Ու միայն Վարդան Սրմաքեշ անունով մի «չներդրող» Երեւանում եւ Գյումրիում մոտ 30 հեկտար տարածք է իրենով արել՝ խափանելով Հայաստանին եկամուտներ ապահովող գործարար նախաձեռնություններ:

Արեգ ՄԱՐԳԱՐՅԱՆ