Մոլդովան հրաժարվում է վճարել «Գազպրոմ»-ին

Մոլդովան հրաժարվում է վճարել «Գազպրոմ»-ին

Մոլդովայի իշխանությունները «Գազպրոմ»-ին առաջարկել են ներել գազի մատակարարման պարտքը և տուգանքները, որոնք սահմանվել են վճարումների ուշացման պատճառով, գրում են ռուսական լրատվամիջոցները։

Քիշնևը «Մոլդովագազ» է ուղարկել համապատասխան կարգավորման համաձայնագիրը՝ աուդիտի գնահատման արդյունքների հետ միասին:

Քիշնևը պահանջում է անհապաղ դուրս գրել «Գազպրոմ»-ի կողմից վերահսկվող Factoring Finance ընկերությանը 275 միլիոն դոլարի պարտքը և «Գազպրոմ»-ին՝ 433 միլիոն դոլարի պարտքը։

Փոխարենը՝ երկրի իշխանությունները պատրաստ են փոխհատուցում վճարել սակագնից շեղումների համար՝ 153,57 միլիոն դոլարի չափով և հրաժարվել 2022 թվականի հոկտեմբերից ի վեր մատակարարումների բացակայության համար պահանջից (մոտ 160 միլիոն դոլար):

Նորվեգական Wikborg Rein Advokatfirma AS-ի և բրիտանական Forensic Risk Alliance-ի կողմից անցկացված աուդիտի արդյունքների համաձայն՝ Մոլդովան «Գազպրոմ»-ին ունեցած 709 մլն դոլար պարտքից ճանաչել է միայն 8,6-ը։

Ինչպես հայտարարել է երկրի վարչապետ Դորին Ռեչանը, պարտքերն անհիմն են, և Քիշնևը մտադիր չէ դրանք վճարել։ Նա նաև հավելել է, որ հանրապետության կառավարությունն ամրապնդում է երկրի էներգետիկ անկախությունը։