ԼՂԻՄ-ը հանրաքվեով դուրս չի եկել Ադրբեջանի կազմից եւ դա լավ է

ԼՂԻՄ-ը հանրաքվեով դուրս չի եկել Ադրբեջանի կազմից եւ դա լավ է

1991 թվականից սկսած մեզ ներշնչել են, թե ԼՂԻՄ-ը հանրաքվեով դուրս է եկել Ադրբեջանական ԽՍՀ կազմից՝ պահպանելով ԽՍՀՄ համապատասխան օրենքի բոլոր պահանջները: Բայց դա այդպես չէ՝ խախտվել են այդ օրենքի համարյա բոլոր հոդվածները: Եվ դա լավ է: Որովհետև ըստ Ալմա Աթայի հռչակագրի, ԽՍՀՄ փլուզման պահին ԼՂԻՄ-ը եղել է Ադրբեջանական ԽՍՀ ինքնավար մարզ: Այսինքն, ունեցել է ինքնավարության կարգավիճակ:

Ու հիմա, երբ Ադրբեջանն ասում է, թե անվիճելի է, որ իր թվարկած 4 գյուղերը եղել են իր տարածքում, և մենք պետք է անհապաղ դրանք վերադարձնենք, մեր կառավարությունը ոչ թե պետք է համաձայնվի դրա հետ, այլ պետք է հակադարձի, որ նույնքան անվիճելի է, որ Լեռնային Ղարաբաղն ունեցել է ինքնավարության կարգավիճակ, և, ուրեմն, Բաքուն անհապաղ պետք է վերադարձնի այդ կարգավիճակը: Բայց, ինչպես Կոսովոյի ալբանացիների դեպքում է, այնպես էլ ԼՂԻՄ հայ բնակչության պարագայում նրանց անվտանգությունը պետք է ապահովեն ու երաշխավորեն ՄԱԿ խաղարարները: Kosovo Force-ի (KFOR) օրինակով պետք է ստեղծվի Nagorno-Karabakh Force-ը (NKFOR): Որովհետև ԼՂԻՄ հայերը Կոսովոյի ալբանացիների նման ենթարկվել են բռնի տեղահանման: Նույնիսկ, էթնիկ զտման:

Վերադառնալով վերը նշված օրենքին, հայտնենք, որ նրա ճիշտ անվանումն այսպիսին է՝  «ԽՍՀՄ կազմից միութենական հանրապետության դուրս գալու հետ կապված հարցերի լուծման կարգի մասին ԽՍՀՄ օրենք»: Մինչդեռ հայերեն համացանցում ոչ միայն այդ օրենքի ողջ տեքստը չկա, այլ, նույնիսկ, այդ օրենքի անունն է սխալ ներկայացված՝ օրենք «ԽՍՀՄ կազմից միութենական հանրապետության դուրս գալու կարգի մասին»: 

Ինչո՞ւ են այդպես արել, որովհետև խախտվել են այդպիսի հարցերի լուծման համար նախատեսված այդ օրենքի համարյա բոլոր պահանջները: Եվ չէին կարող չխախտվել, որովհետև այդ պահանջներն այնքան անիրագործելի են, որ այդ օրենքի ընդունման պահին իսկ ժողովուրդն այն արդարացիորեն անվանեց «Օրենք ԽՍՀՄ կազմից դուրս չգալու մասին»: 

Օրենքի ռուսերեն տեքստը կարող եք գտնել այստեղ 

Գրիգոր Էմին-Տերյան