Մենք գործ ունենք կատարյալ շառլատանի հետ, ով ոչ մի հաշիվ չի տալիս իր խոսքի համար

Մենք գործ ունենք կատարյալ շառլատանի հետ, ով ոչ մի հաշիվ չի տալիս իր խոսքի համար

«Հրապարակը» զրուցել է Լեհաստանում ՀՀ նախկին դեսպան, ՀՀ արտակարգ դեսպանորդ եւ լիազոր նախարար Էդգար Ղազարյանի հետ։

- Ձեր կարծիքով, Նիկոլ Փաշինյանի՝ նախօրեին հրավիրած ասուլիսի գլխավոր նպատակը ո՞րն էր, ինչի՞ մասին էր ուզում զգուշացնել։

- Դժվար է մեկ կամ մի քանի նախադասությամբ մեկնաբանել ավելի քան չորսուկես ժամ տեւողությամբ ասուլիսը, որն անգամ նախաձեռնողի՝ վարչապետի առաջարկով շեղվել է իր թեմատիկ ուղղությունից, այն է` կառավարության 2022 թվականի գործունեության տարեկան հաշվետվությունից։ Ցանկացած նորմալ երկրում այդ ասուլիսի ամփոփումը պետք է լիներ վարչապետի հրաժարականը, քանի որ դրա ընթացքում նա փաստացի արձանագրում է իր ղեկավարած կառավարության ձախողումները` սկսած անվտանգային հարցերից, մինչեւ դիվանագիտություն, պետական կառավարման տապալում, համատարած կոռուպցիա, ձախողումներ հանրային կյանքի գրեթե բոլոր բնագավառներում։ Դա նկատելի էր ոչ միայն իր մանիպուլյացիոն խոսքից եւ աճպարարություններից, այլեւ լրագրողների կողմից հնչեցվող հարցերից։ Ավելի քան չորսուկես ժամ տեւած հնչեցված խոսքում ոչինչ չկար երկրի կայունության, զարգացման, ծրագրերի եւ հնարավորությունների մասին։ Այնուամենայնիվ, իմ տպավորությամբ, այդ հրատապ ասուլիսը, որի մասին նախապես չէր հայտարարվել, եւ որոշվել է կազմակերպել ընդամենը դրանից մեկ օր առաջ, հիմնական նպատակ է ունեցել՝ հանրությանը նախապատրաստել այն լայնամասշտաբ պատերազմին եւ դրան հաջորդող կորուստներին, որի մասին անգամ իր բացման խոսքում նշեց Նիկոլ Փաշինյանը։ Մեր երկիրը կանգնած է հերթական աղետի շեմին, իսկ այդ ասուլիսը դա ազդարարելու հարթակն էր։

- Ինչպե՞ս ստացվեց, որ Արցախի ճակատագիրը Փաշինյանը որոշում է, սակայն հայտարարում է, որ Արցախի վրա հարձակման դեպքում Հայաստանի իշխանությունները ոչինչ չեն կարող ձեռնարկել։

- Սա պարզապես դավաճանություն է՝ բոլոր իմաստներով․ դավաճանություն` հայրենիքին, դավաճանություն` ժողովրդին, դավաճանություն` իր իսկ հնչեցրած սկզբունքներին։ Դժվար չէ կարդալ եւ լսել Նիկոլ Փաշինյանի՝ Արցախին վերաբերող ելույթներն ու հայտարարությունները մինչեւ 2018 թվականին իր կողմից իրականացված ադրբեջանա-թուրքական հեղափոխությունը, դրանից հետո` մինչեւ 44-օրյա պատերազմը։ Նրա մոտեցումները հակասության մեջ են անգամ պատերազմից հետո, 2021 թվականին ընտրությունների անվան տակ իրականացված իշխանազավթման շրջանում եւ դրանից հետո հնչեցված ելույթներին։ Մենք գործ ունենք կատարյալ շառլատանի հետ, ով ոչ մի հաշիվ չի տալիս իր խոսքի համար եւ անպատասխանատու կերպով ցանկացած պահի ասում եւ անում է այն, ինչն անհրաժեշտ է միայն հայ ժողովրդի թշնամիներին։ Միակ հարցը, որ հուզում է Նիկոլ Փաշինյանին՝ դա իր ապօրինաբար զավթած իշխանությունն ամեն գնով պահելն է։ Հակառակ պարագայում ինչպե՞ս է հնարավոր պատկերացնել, որ Հայաստանի Հանրապետության իշխանության ղեկին գտնվող մարդը հրաժարվի կատարել Հայաստանի Հանրապետության Սահմանադրության եւ դրա հիմքում գտնվող Անկախության հռչակագրի իմպերատիվ պահանջները։ Հայաստանի Հանրապետությունը պարտավոր է հոգ տանել Արցախի անվտանգության, Արցախի պետականության պահպանման եւ ժողովրդի իրավունքների իրացման համար՝ անկախ այն բանից, թե Հայաստանում ով եւ ինչ պաշտոն է զբաղեցնում։ Նիկոլ Փաշինյանը կործանում է ոչ միայն Արցախը, այլեւ Հայաստանը։ Նա Հայաստանի պետականության ամենամեծ եւ գլխավոր սպառնալիքն է։

- Փաշինյանը հայտարարեց, որ Արցախի անվտանգության երաշխավորը Ռուսաստանն է։ Նա նշեց, որ ՌԴ-ն է ստանձնել այդ դերակատարումը: Խաղաղապահ առաքելությունն ու անվտանգության երաշխավոր լինելը տարբեր բաներ չե՞ն, արդյո՞ք Փաշինյանը չի մանիպուլացնում։

- Դա սովորական ցնդաբանություն եւ տգիտության դրսեւորում է։ Ժամանակին նա հայտարարել է, որ Ռուսաստանը նաեւ Հայաստանի Հանրապետության անվտանգության երաշխավորն է՝ միաժամանակ Հայաստանում տեղակայված ռուսական զորամիավորումներն ու հայ-ռուսական կամ ՀԱՊԿ զորավարժությունների անցկացումը համարելով Հայաստանի անվտանգության սպառնալիք։ Ես ուզում եմ հասկանալ, թե նա որտեղ է կարդացել, որ Ռուսաստանն Արցախի անվտանգության երաշխավորն է։ Արցախի Հանրապետության Սահմանադրության 94-րդ հոդվածի համաձայն՝ Արցախի Հանրապետության ինքնիշխանության, անկախության, տարածքային ամբողջականության եւ անվտանգության երաշխավորն Արցախի Հանրապետության նախագահն է, ով նաեւ ի պաշտոնե հանդիսանում է Արցախի զինված ուժերի գերագույն գլխավոր հրամանատարը։ Արցախի անվտանգության պահապանն Արցախի Պաշտպանության բանակն է։ Ռուսաստանն Արցախում անվտանգության երաշխավորություն չի ստանձնել, այլ ընդամենն իրականացնում է խաղաղապահ առաքելություն եւ կանգնած է երկու բանակների արանքում։ Ինչպե՞ս կարող է 1980 թվակազմով զորամիավորումը փոխարինել շուրջ 30 հազար թվակազմով Արցախի Պաշտպանության բանակին։ Բացի այդ, ռուսական խաղաղապահ զորամիավորումը պարտավոր է ցուցաբերել չեզոքություն եւ իրավունք չունի ուժ կիրառել կողմերից որեւէ մեկի նկատմամբ։ Պետության ղեկավարի մակարդակով նման հայտարարությունները պարզապես տգիտության դրսեւորումներն են, որոնք լի են վտանգներով։ Ո՞վ է ասում, որ Հայաստանը պատերազմի հետեւանքով պետք է փոխի իր վերաբերմունքն Արցախի նկատմամբ։ Եթե փոխի, ապա միայն մեկ ուղղությամբ՝ էլ ավելի ուժեղացնելու եւ պաշտպանելու Արցախը։ Ի՞նչ է փոխել պատերազմը` պատմությո՞ւնը, Արցախի կարգավիճա՞կը, միջազգային իրավունքի նորմե՞րը, ի՞նչը․․․։ Պատերազմը միայն մի բան է փոխել, որ Նիկոլ Փաշինյանն ու Իլհամ Ալիեւը, որպես պատերազմական հանցագործներ, խախտել են նախապատերազմյան շրջանի միջազգայնորեն ընդունված բոլոր սկզբունքները եւ հիմա փորձում են տարածաշրջանում խնդիրները լուծել բացառապես սեփական պատկերացումներով եւ շահերով։ Իսկ նրանց երկուսի շահերն էլ նույնն են՝ մնալ իշխանության ղեկին եւ կեղեքել սեփական ժողովուրդներին։

- Փաշինյանը հայտարարեց, որ Արցախի Պաշտպանության բանակի գոյությունն արդեն իսկ խոսում է այն մասին, որ կա ցեղասպանության վտանգ։ Ինչո՞ւ Փաշինյանը հիշատակեց Արցախի Պաշտպանության բանակը, խոսեց, որ այս իրավիճակում միլիարդավոր ծախսեր են արվում՝ այդ փոքր բանակը պահելու համար։

- Նիկոլ Փաշինյանը հիմա է խոսում Արցախի Պաշտպանության բանակը կազմալուծելու Ալիեւի պահանջների մասին, սակայն նա վաղուց է իրականացնում այդ ապօրինի պահանջը։ 44-օրյա պատերազմից հետո չորս հերթական զորակոչերի ընթացքում Արցախի Պաշտպանության բանակում եղել է միայն զորացրում, եւ բանակը չի համալրվել նոր ժամկետային զինծառայողներով։ Պաշտպանության բանակից դուրս են բերվել մեծաքանակ տեխնիկա եւ սպառազինություններ, փոխարենը իրականացվել է համալրում՝ հաշվի առնելով նաեւ նոր սահմանագծի առաջացումը` Նիկոլ Փաշինյանի գրչի հարվածով Ադրբեջանին հանձնված տարածքներից հետո, որտեղ Ադրբեջանը հիմնել է նոր զորամասեր եւ ստեղծել ինժեներական կառույցներ։ Պատերազմից հետո արգելված է եղել զինվորականների եւ զինտեխնիկայի ու սպառազինությունների մուտքն Արցախ, ինչի մասին որեւէ հիշատակում չկա անգամ նոյեմբերի 9-ի կապիտուլյացիոն հայտարարության մեջ։ Ահա այս ամենն է, որ Արցախի ժողովրդին կանգնեցրել է ցեղասպանության վտանգի առջեւ։ Արցախի ժողովրդի անվտանգությունն ու սահմանների պահպանությունը պետք է իրականացվեն Արցախի Պաշտպանության բանակի կողմից։ Նիկոլ Փաշինյանը՝ ինքը, հայտարարեց, որ ստիպված է եղել ստորագրել նոյեմբերի 9-ի հայտարարությունը՝ Արցախում գտնվող շուրջ 30 հազար զինվորականների կյանքը փրկելու նպատակով։ Ո՞ւր են այդ մարդիկ, ո՞ւր անհետացավ հսկայական բանակը, ի՞նչն է խանգարում մեր երկրին՝ այս ժամանակաշրջանում վերականգնելու նյութական կորուստները, հերթական զորակոչերով եւ պայմանագրային հիմունքներով համալրելու անձնակազմը։ Խանգարել է միայն մի բան՝ Իլհամ Ալիեւի հետ Նիկոլ Փաշինյանի հետ ունեցած հանցավոր պայմանավորվածությունները, որոնք մինչ օրս նա հետեւողականորեն կյանքի է կոչում։

- Անդրադառնալով ՀԱՊԿ-ից դուրս գալուն, վարչապետը շեշտեց, որ դրանից հետո Հայաստանն իր անվտանգային կարիքները պետք է հոգա դիվանագիտական եղանակներով։ Ի՞նչ է նշանակում «անվտանգություն ապահովել դիվանագիտական միջոցներով» հայտարարությունը։

- Սա նույնպես հերթական տգիտության դրսեւորում է։ ՀԱՊԿ-ն միջազգային կազմակերպություն է, հետեւաբար, ՀԱՊԿ-ին անդամակցությունը, այդ կազմակերպության շրջանակներում գործունեությունն արդեն դիվանագիտության դրսեւորում են։ Դիվանագիտությունն ինքնին երկրի անվտանգային համակարգի կարեւոր բաղադրատարրերից մեկն է հանդիսանում։ Դիվանագիտության արդյունքում է, որ պետություններն անդամակցում են միջազգային կազմակերպություններին, ստանձնում են պարտավորություններ եւ օգտվում այդ կազմակերպություններում անդամակցության հնարավորություններից։ Ցանկացած պետության անվտանգության գլխավոր երաշխիքը նախեւառաջ տվյալ պետության զինված ուժերն են, որոնք այս իշխանությունները հետեւողականորեն քայքայում են։ Միայն դիվանագիտական հարաբերությունները չեն կարող լուծել պետության անվտանգային հարցերը, առավել եւս՝ կործանված եւ ծաղրի վերածված ժամանակակից հայկական դիվանագիտության պարագայում, որի գլխավոր առանձնահատկությունը դարձել է արկածախնդրությունը։ Ի՞նչ դիվանագիտության մասին կարող է խոսք լինել պատերազմի պայմաններում։ Պատերազմն արդեն տապալված դիվանագիտության վկայությունն է։ Ինչպես ՀԱՊԿ-ին, այնպես էլ մյուս միջազգային կազմակերպություններին Հայաստանի անդամակցությունը, տարբեր պետությունների հետ երկկողմ հարաբերությունները, այդ թվում ռազմատեխնիկական եւ ռազմական փոխօգնության պայմանագրերը, մեր երկրի անվտանգային համակարգի կարեւորագույն բաղադրիչներն են։ Հիմա հետեւողականորեն դրանք վերացվում են՝ առանց որեւէ համարժեք այլընտրանքների ձեւավորման։
Ակնհայտ է մի բան։ Նիկոլ Փաշինյանը հետեւողական քայլերով մեր երկիրը տանում է նոր պատերազմի, որի համար նախապատրաստված է պարտություն եւ դրա իրավական ամրագրում, ավելի վատ մի բան, քան նա իրականացրել է 2020 թվականին։ Նիկոլ Փաշինյանը հայ ժողովրդի պատմության ամենամեծ թշնամին է։ Նրան ոչ թե պետք է լսել, նրա տեսակետները քննարկել, այլ նրա դեմ պետք է պայքարել, ինչպես՝ թշնամու դեմ։