Բյուջեն լցնելու միակ տարբերակը կրճատումնե՞րն են

Բյուջեն լցնելու միակ տարբերակը կրճատումնե՞րն են

Երեկ Ազգային ժողովի նախկին փոխնախագահ եւ արդարադատության նախկին նախարար Արփինե Հովհաննիսյանը մի «պայթյունավտանգ» փաստաթուղթ հրապարակեց, որը ՀՀ վարչապետին են ուղարկել փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ու ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանը։ Փաստաթղթում խոսվում է «Հավելյալ արժեք չստեղծող 10 հազար տուժված քաղաքացիների» մասին։ Այս փաստաթղթում առաջինը երկու բան միանգամից աչքի է զարնում՝ «տուժած» բառի սխալ գրությունը՝ «տուժված», եւ այն, որ կառավարությունում նոր տերմին են գործածում՝ «հավելյալ արժեք չստեղծող քաղաքացիներ»։

Ասել է թե՝ կառավարությունում 10 հազար անբան, անպիտան, իրենց աշխատանքով որեւէ օգուտ չտվող մարդիկ կան։ Սրա մեջ որոշակի ճշմարտության չափաբաժին կա՝ կառավարությունում իսկապես կան այդպիսի աշխատակիցներ, որոնք հնուց են մնացել կամ նոր են հայտնվել, եւ որոնց ՕԳԳ-ն՝ օգտակար գործողության գործակիցը, մոտ է զրոյին, եւ չի բացառվում, որ նույն Գրիգորյանն ու Ջանջուղազյանը եթե մի քիչ խորանային, կպարզեին, որ նախարարների ու փոխնախարարների մեջ էլ կան մեծ թվով «հավելյալ արժեք չստեղծողներ», էլ չեմ խոսում՝ եթե տեղափոխվեին Ազգային ժողով եւ ուսումնասիրեին, ասենք, իշխանական «Իմ քայլը» խմբակցության 88 անդամների գործունեությունը, կհայտնաբերեին, որ 88 պատգամավորից առնվազն 80-ն այս ամիսներին որեւէ հավելյալ արժեք չի ստեղծել, եւ հույս էլ չկա, որ կստեղծի, բայց աշխատավարձ է ստացել ու դեռ էլի մի 5 տարի ստանալու է։ 

Ահա այդ փաստաթղթից մի հատված․ «Անգամ եթե մոտ 10 հազար հավելյալ արդյունք չստեղծող հանրային ծառայողներ դառնան գործազուրկ (տուժվեն), ապա դրանից շահելու է հայոց պետականությունը եւ ողջ հասարակությունը՝ շուրջ 3 միլիոն ՀՀ քաղաքացի»։

Մեզ հասած տեղեկություններով՝ նոր իշխանությունների օպտիմալացման ծրագիրը եւ 10 հազար մարդու գործազուրկ դարձնելու մտահղացման հեղինակները ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանն ու փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն են՝ կառավարության երեք գորշ կարդինալներից երկուսը։ Եվ այս «հայրենասիրական» նախաձեռնության նպատակը պարզ է։ Բանն այն է, որ առջեւում Հարկային օրենսգրքի փոփոխություների նախագծի անցկացումն է, որը կարող է բյուջեն լցնելու խնդրի առաջ կանգնեցնել նոր կառավարությանը։ Այս երկու գրանդիոզ ուղեղները եկել են այն եզրակացության, որ եթե նոր Հարկային օրենսգիրքն անցնի, իրենք բյուջեն լցնելու խնդիր կունենան, քանի որ նոր օրենսգրքով բազմաթիվ խնդիրներ են առաջանալու հարկային դաշտում, չի բացառվում՝ տնտեսվարողներն ուղղակի չկարողանան հարկային բեռի տակից դուրս գալ, բիզնեսի անկում գրանցվի։

Ուստի բյուջեն լցնելու խնդիրը որոշել են լուծել «հավելյալ արժեք չստեղծողներին» կրճատելով։ Մեր տեղեկություններով, Մհեր Գրիգորյանն ու Ատոմ Ջանջուղազյանը նոն-ստոպ ռեժիմով մտնում են Նիկոլ Փաշինյանի մոտ ու նրան փորձում համոզել, որ սա միակ ճիշտ ճանապարհն է՝ հարկավոր է արագացնել կառավարության կառուցվածքի փոփոխությունների նախագծի ընդունումն ու գնալ ցավոտ «ռեֆորմների»՝ պետական ապարատը մեծ չափերով կրճատելու։ Փաշինյանն էլ կարծես համոզվել է եւ «դաբրոն» տվել։ 

Մենք փորձեցինք այս հարցի շուրջ պարզաբանում ստանալ փաստաթղթի հեղինակներից մեկից՝ ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանից։ Վերջինս, սակայն, զարմացավ, որ այս հարցի կապակցությամբ ուղիղ իրեն ենք զանգահարել, այլ ոչ թե նախարարության՝ լրագրողներին «ցրելու» մեծ հմտությունների տիրապետող լրատվական ծառայություն։ 

«Իհարկե, իրավունք ունեք ունենալ ցանկություն՝ տեղեկատվություն ստանալու, բայց ինչ-որ բա՞ն ա փոխվել մեր երկրում, որ ուղիղ զանգում եք ինձ, էդ հարցը տալիս եք։ Բա համակարգեր-բաներ չկա՞ն, վերացե՞լ են այլեւս։ Ես առաջարկում եմ սկզբունքները պահպանել, էլի»,- ասաց Ջանջուղազյանը։ Մենք, իհարկե, վստահ ենք, որ բոլոր իշխանությունների օրոք բարձր պաշտոն զբաղեցրած պարոն Ջանջուղազյանի կյանքում էլ «բան չի փոխվել», եւ նա, ինչպես չէր շփվում լրագրողների հետ, շարունակում է չշփվել։ Բայց երբ դու գնում ես նման «հեղափոխական» քայլերի եւ 10 հազար ծառայողի ուզում ես գրչի մի հարվածով գործազուրկ դարձնել ու նրանց անվանում ես «հավելյալ արդյունք չստեղծող», պետք է գիտակցես, որ պարտավոր ես մեկնաբանել ինչպես քո առաջարկը, այնպես էլ քո կիրառած տերմինոլոգիան։ Ուստի խնդրեցինք որեւէ բովանդակային պատասխան տալ։ «Հիմա ոչ մի բան չեմ կարող ասել, որովհետեւ հիմա չեմ պատրաստվում Ձեր հարցին արձագանքել բովանդակային առումով։ Դուք ինձ ասում եք՝ ինչ-որ գրառում ա եղել, որին ուզում եք, որ ես արձագանքեմ։ Ես ինչի՞ պիտի գրառումներին արձագանքեմ։ Ձեւավորեք Ձեր տեղեկատվության կարիքը, դիմեք, կարձագանքենք»։

ՀԳ․ Հոդվածն արդեն պատրաստ էր տպագրության, երբ մերձկառավարական շրջանակներից տեղեկություն ստացանք, որ Ատոմ Ջանջուղազյանին հնարավոր է առաջիկայում պաշտոնանկ անեն։ Հիմա փոխարինողի փնտրտուք է գնում։