Մեր ժողովրդի կողմից ընդունված՝ «մատս թափ կտամ», «ոտքս թափ կտամ» արտահայտությունները նորություն չեն

Մեր ժողովրդի կողմից ընդունված՝ «մատս թափ կտամ», «ոտքս թափ կտամ» արտահայտությունները նորություն չեն

«Հրապարակի» զրուցակիցը ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայոց լեզվի եւ գրականության ուսուցչուհին է՝ այժմ ԵՊՀ դասախոս Աիդա Սարհատյանը:

- Տիկին Սարհատյան, մի փոքր պատմեք, թե վարչապետն ինչպիսի աշակերտ է եղել:

- Նիկոլ Փաշինյանը եղել է շատ ակտիվ եւ ստեղծագործող աշակերտ: Գրում էր բանաստեղծություններ: Նրա առաջին բանաստեղծությունները նվիրված էին Արցախին եւ իր մաթեմատիկայի ուսուցչուհուն, որն արցախցի է: Նա առաջին ըմբոստ ոգին էր, որը դուրս էր գալիս անարդարությունների դեմ:

- Փաստորեն, պատանի Նիկոլ Փաշինյանն Արցախը սիրում էր, բայց հիմա կարծես այդ սերը նվազել է: Ձեր կարծիքով` Արցախի մասին բանաստեղծություններ գրող Նիկոլ Փաշինյանը հիմա ծանր տանո՞ւմ է, որ իր կառավարման շրջանում Արցախի մի մասը կորցրել ենք, մյուս մասն էլ վտանգված է:

- Խոսքս դպրոցական տարիների մասին է: Նա ըմբոստ էր, հայրենասեր ու ազատատենչ: Նա երբեք չի հանդուրժել որեւէ կաղապար: Նա մշտապես գերադասել է ինքնիշխանության, անգամ՝ ընտանիքում:

- Նրան հիմա հողեր հանձնելու մեջ են մեղադրում…

- Ես չեմ կիսում այդ կարծիքը: Չի կարելի միայն մեկ մեղավոր փնտրել: Այստեղ մեղավորությունն այն կազմինն է, որը մասնակցություն է ունեցել պատերազմին: Խոսքը զինվորական եւ ղեկավար կազմի մասին է: Բոլոր կետերում եղել են մեղավորներ:

- 2018-ից հետո վարչապետը մեր իրականություն բերեց մի շարք տգեղ արտահայտություններ: Վերջերս էլ ԱԺ ամբիոնից ասում էր, որ եթե հարկ լինի, մատ թափ տալուց բացի, այլ բան էլ թափ կտա: Դուք՝ որպես լեզվի մասնագետ, այդ ամենն ինչպե՞ս կգնահատեք:

- Ճիշտ է, ես էլ չեմ ընդունում դա, բայց նաեւ չեմ հասկանում, թե դա կոնկրետ ինչ էր նշանակում: Այն, որ մեր ժողովրդի կողմից ընդունված են «մատս թափ կտամ», «ոտքս թափ կտամ» արտահայտությունները, նորություն չէ: Դրանք գործածական արտահայտություններ են, հատկապես կոնֆլիկտային իրավիճակներում: Ես չեմ ցանկանում շատ խորանալ: Գուցե զայրույթի պահին էմոցիոնալ պոռթկումներ են:

- Նիկոլ Փաշինյանը դպրոցական տարիներին է՞լ էր այսքան էմոցիոնալ:

- Այո:

- Նրա հայրիկն էլ Ձեզ հետ աշխատել է նույն դպրոցում: Նա ինչպիսի՞ մանկավարժ էր:

- Հայրիկը եւս շատ էմոցիոնալ էր: Ազնվախոհ էր ու ճշմարտախոս: Ինչպես մեր ժողովուրդն է ասում` դրա համար էլ կատարը միշտ ծակ է եղել: Նա անհանդուրժող տեսակ էր եւ չէր կարող հանդուրժել կաշառակերությունն ու քծնանքը: Այդ ընտանիքում կեղծիքը բացառված երեւույթ է եղել:

- Ձեր աշակերտի ղեկավարած Հայաստանից գո՞հ եք:

- Ես բոլորի նման եմ մտածում, սակայն կարծում եմ, որ վարչապետին թույլ չի տրվում, որպեսզի աշխատի ազատ ու լիարժեք: Շարունակ փորում են, շարունակ ինչ-որ էմոցիոնալ վիճակների են մղում նրան, եւ մարդն իր տեղը գտնել չի կարողանում: Այսօրվա Ազգային ժողովը մեր խայտառակությունն է՝ երբեւէ եղած պառլամենտների պատմության մեջ: Մեկն ասում է այս բանը, մյուսն անպայման պետք է հակառակն ասի: Սա ի՜նչ խայտառակ վիճակ է: Ես չեմ ընդունում, չեմ հանդուրժում եւ չեմ ներում: Ներողամիտ չեմ: Ես շատ եմ ուզում, որ մեր ժողովուրդը լավ ապրի, ուզում եմ, որ մեր տանջված ժողովուրդը վերջապես իր տեղը գտնի, բայց, ցավոք, չեմ տեսնում նման բան:

- Եթե այսօր հանդիպեիք Ձեր աշակերտ Նիկոլ Փաշինյանին, ի՞նչ խորհուրդ կտայիք:

- Ես նրան խորհուրդ կտայի բարի աչքերով նայել մարդկանց: Որ սիրեն միմյանց: Բոլորս էլ հայ ենք: Մեր թերություններով հանդերձ, մենք պետք է իրար նայենք ոչ թե որպես թշնամու, այլ` հարազատի: Ուսանողներին էլ մշտապես խորհուրդ եմ տալիս հաշտ լինել, երբեք դուրս չգալ մեկը մյուսի դեմ: Պետք է սիրել, ներել ու հանդուրժել իրար։

- Այսօրվա Նիկոլ Փաշինյանը եւ պատանի Նիկոլ Փաշինյանը նմա՞ն են իրար:

- Ես կարծում եմ, որ նրան ճանաչողները պետք է մտածեն ու հասկանան, նա այն գլխից էլ սիրել է հայրենիքը, նա սիրել է ազատությունը: Այսօր իրավիճակն այնքան բարդ է, որ նրա համար այս պահին կողմնորոշումը հստակ չէ, որովհետեւ, երբ նայում ես հեռուն, չգիտես ինչ անել: Չեմ կարծում, որ գտնվի ինչ-որ մեկը, որ նրա դիրքերից հանդես գալով՝ հստակ կկողմնորոշվեր: Ժամանակներն այնքան են փոխվում, որ չգիտես՝ այսօրվա ասածդ վաղն ինչ քննության կենթարկվի:

- Տավուշում ինչպիսի՞ն է մթնոլորտը: Սահմաններում իրավիճակը հանգի՞ստ է:

- Միշտ էլ կարծիքները կարող են հակասական լինել: Մենք հայ ենք: Մեր մեջ վերաբերմունքներն իրարամերժ են: Ամեն ինչ իրավիճակից է բխում: