Վարդան Սմբատյան. Գրեթե հովվերգություն

Վարդան Սմբատյան. Գրեթե հովվերգություն

***
Գիտեմ, 
ոչ մի լավ բան 
չի կրկնվում 
երկրորդ անգամ, 
գիտեմ, աչիկս,
բայց չգիտեմ՝ ինչու են 
ոտքերս դեռ շտապում, 
ջուրը ավտոմատ կերպով 
լվանում-մաքրում է մարմինս,
հետո 
սրբիչը, շորերը, ֆենը, 
տանս բոլոր իրերը 
հերթով,
հոգ են տանում ինձ համար,
տիրություն են անում ու 
պատրաստում-հարդարում-
հագցնում են
հերթական իմիտացիոն 
ժամադրությանը,
ժամացույցը 12 աղեղներ է 
արձակում 
դեպ իմ սիրտը,
մինչ կճպում եմ լույսը ոռնալով։
Հետո ոչինչ չի լինում, սիրունս, 
երկար դռանն եմ նայում,
հուսախաբ եղած երեխու պես…
Խաղաղ մեռնում ենք ես ու իմ միֆը,
եւ իրերը խոսում են քեզանից, 
եւ մատներս պատմում են քո մասին,
եւ գրքերը,
եւ անգամ փոշին...
ու օրերը հոսում են աննկատ.
փակում եմ ծորակը ու գոռում եմ։
Հիմա ի՞նչ անեմ, ասա։
Ո՞նց բացատրեմ էս անշունչ-անուղեղ 
իրերին,
էս տանը
(էս մարմնին, որ ինձնից անդին է արդեն),
ո՞նց հավատացնեմ, որ դու մեռել ես 
13 տարի առաջ՝
իմ մեջ ապրելու համար...

***
Ոչ ոք չի գալիս էլ,
ոչ ոք չի հիշում՝
մեր սիրո աշունը,
Օնլայն են բոլորը հիմա,
չատի անխաթար կանաչը
վառվում է 24 ժամ։
Բացում եմ փոշոտ դարակս.
մեր բակը մնաց
փչացած
վիդեոկասետի մեջ,
գցեցինք զիբիլը։
(Հիմա նեթֆլիքս է նկարում
մեր կյանքերը...)
Հետո՝ հերթը հասավ
մանկությանս խաղալիքներին...
արջուկս գրեթե ճչաց,
ու թափված մորթու տակից
ինձ մեկնեց կոտրված թաթը։
Շպրտի՝ ասեց մերս,
շպրտի՜, էս զիբիլանոցդ վերացրա։
Իմ սենյակում հիմա մութ-մութ է,
կաս-կարմիր խնձորներ են թափվում
մոռացված հեքիաթների փոխարեն,
մի ծանոթ լուսանկար ծռմռում է
մռութն իմ կողմն ու բլբլում է.
- Վարդա՜ն, ի՞նչ արեցիր։
- Վարդան, ինչի՞ մեծացար։
- Վարդա՜ն, հետ արի։

***
Կապտած մատներ՝
դողդոջուն ցողունների պես 
վեր ցցված։
Քառազարկ ճայթյուն՝ կրակոց...
Վազող ոտքեր,
շաաատ արագ վազող ոտքեր.
նրան թվաց, թե քաղաքն է վազում
իր ետեւից...
Շունչ,
անանուխե հեղձուկ կոկորդում,
կծկվող սիրտ,
եւ մեկի սաստիկ խռխռոցը
(որ մեռավ հենց նոր
փայլուն ասֆալտին)
կուղեկցի նրան մինչ փողոցի 
վերջին լուսացույցը,
մինչ մահը ավարտի երկրորդ ակտը՝
վթարի ելքով։
Փողոց,
ճերմակ-ճերմակ դեկտեմբեր,
մահ, ձյուն ու սեր,
նոր տարի,
նոր սկի՞զբ,
նոր վե՞րջ...
Happy New Year, happy New Year
May we all have a vision now and then
ծանոթ անուրախ 
հին մեներգ...) 

***
Քեզ ծաղիկներ կնվիրեմ Հասիկո...
երիցուկներ, շուշաններ ճերմակ,
վարդեր սեւ ու արնակարմիր,
որ ավելի բորբոքվի զայրույթդ,
քո պստլիկ աչքերում կրակ կվառեմ,
հետո կխմեմ
իմ ու քո,
իմ ու քո
դեւերի կենացը, աղջիկս։
երկտողեր կուղարկեմ
իմ սիրելի Բրոթըգնի,
քո սիրելի Փլաթի եւ
այլ խղճուկ պոետների
ստիխերից,
կխաղամ պողպատե սրտիդ հետ.
կկեռեմ ափերով,
եւ կոտրելով մատներս
նոր սիրտ կհունցեմ քեզ համար։
Մի ձեւ կգտնեմ հավատա՝
Կփրկեմ քեզ՝ քեզանից։
Ես քեզ ներել եմ
Հասիկս՝
պստլիկս...
եւ սա հովվերգություն է ի պատիվ
մեր «սիրո-ատելության»
 որ երբեք չի հիշվելու։

«Մշակութային Հրապարակ» ամսաթերթ