Առաջինը չէ, բայց արդեն երկրորդը չէ

Առաջինը չէ, բայց արդեն երկրորդը չէ

Ադրբեջանի առաջին փոխնախագահ Մեհրիբան Ալիեւայի մոսկովյան այցը կասկածից դուրս նշանակալի էր: Այդ մասին չափազանց թափանցիկ շեշտադրումներով խոսել է Իլհամ Ալիեւը՝ ՌԴ ԶՈՒ ԳՇ պետ Գերասիմովի հետ հանդիպմանը՝ հատուկ ընդգծելով, որ միջազգային հարաբերություններում աննախադեպ է, երբ կարգավիճակով պետության երկրորդ դեմքն արժանանում է հյուրընկալ երկրի առաջնորդի ընդունելությանը:

Խոսքն Ռուսաստանի նախագահի կողմից Մեհրիբան Ալիեւայի պաշտոնական ընդունելության մասին է, որի առթիվ ռուս մեկնաբաններից մեկն ասել է, թե «նախապատրաստվել է երեք ամիս ի վեր՝ սկսած այն պահից, երբ ՌԴ նախագահը հրամանագիր ստորագրեց Ալիեւային «Բարեկամություն» շքանշանով պարգեւատրելու մասին»: Մեկնաբանների ուշադրությունից չի վրիպել, որ անցյալ տարի Մեհրիբան Ալիեւան մեկնել էր Փարիզ, որտեղ նրան հյուրընկալող ամենաբարձրաստիճան պաշտոնյան Սենատի նախագահն էր, թեեւ ուղեւորությունը կազմակերպվել էր նախագահ Մակրոնի հետ հանդիպման հույսով: Այդուհանդերձ, ադրբեջանական «Թուրան» գործակալության վերլուծաբանները պնդում են, որ տեւական ժամանակ է՝ դիվանագիտական խողովակներով «հող է նախապատրաստվում Մեհրիբան Ալիեւայի վաշինգտոնյան այցի համար»:

Ստացվում է, ինչպես ադրբեջանցի մեկնաբաններից մեկն է ձեւակերպում, որ իշխանության վերնախավում Մեհրիբան Ալիեւան «առաջինը չէ, բայց արդեն երկրորդն էլ չէ»: Ահա այսպիսի «կիսահղի» իրավիճակում է Ադրբեջանը, որը բնութագրվում է վերնախավի նախիջեւանյան ծագման թեւի թուլացմամբ եւ Բաքվի «սուբէթնիկ հանրույթի» դիրքերի ամրապնդմամբ:

Վերջին բնութագիրը տրվում է Մեհրիբան Ալիեւայի հայրական ընտանիքին եւ վերջինիս շուրջ միավորված զանազան խմբավորումների, որոնք միասնաբար առաջադրում են ադրբեջանական ինքնության արդիականացման խնդիր: Այս իմաստով կարեւոր է, որ ադրբեջանական մամուլում բավական թափանցիկ խոսվում է բարձրագույն իշխանությունը Մեհրիբան Ալիեւային փոխանցելու հավանականության մասին: Դա, անկասկած, Իլհամ Ալիեւի կողմից հրահանգավորված դիսկուրս է: «Թուրանի» մեկնաբանը կարծում է, որ խորհրդարանական ընտրապայքարից առաջ Իլհամ Ալիեւը վերադասավորումների եւ հանրությանը նորովի ներկայանալու գերխնդիր ունի, եւ առաջին փոխնախագահի կերպարը, կարծես, հարմար է, որպեսզի ժողովրդին ներշնչվի որոշակի ազատականացման հեռանկար: Երեւում է, այդ փորձը կոշտ դիմադրության է հանդիպում: Չի բացառվում, որ Մեհրիբան Ալիեւայի քաղաքական առաջընթացը կապվի Լեռնային Ղարաբաղի հարցում լուծումների գնալու պատրաստակամության հետ: Դա է, թերեւս, պատճառը, որ Մեհրիբան Ալիեւան շտապել է ինստագրամյան գրառում անել, թե բոլորի նպատակն է «Ղարաբաղ շիքեսթեսի» լսել ղարաբաղյան հողում:

Առաջին փոխնախագահի պաշտոնում Մեհրիբան Ալիեւան նախապես զբաղվում էր զուտ հումանիտար հարցերով, վերջին կես տարում նրան է վերապահվել կառավարության տնտեսական քաղաքականության «կուրացիան»: Իսկ Մոսկվա այցից հետո, ինչպես տեսնում ենք, նա սկսել է խոսել նաեւ ԼՂ կարգավորման մասին: Սա արդեն բարձրագույն իշխանություն ունենալու թափանցիկ հավակնություն է, իհարկե՝ Իլհամ Ալիեւի հետ համաձայնեցված: Ո՞ր փուլում է նախատեսվում իշխանափոխությունը՝ մեկնաբանները միասնական կարծիք չունեն: Բայց, կարծում ենք, այդքան լավատես չպետք է լինել: Ավելի հավանական է, որ Իլհամ Ալիեւը ուժի համաշխարհային կենտրոնների հետ ինչ-որ «խաղ» է սկսել՝ փորձելով պարզել, թե նրանցից որը եւ ինչպես է սատարելու ապագա Ադրբեջանի նախագծին: Բաքվի համալսարանի հարյուրամյակի տոնակատարությանը ելույթում նա, կարծես, փակել է եվրաինտեգրման թեման: Այդ կապակցությամբ ադրբեջանցի վտարանդի վերլուծաբան Արիֆ Յունուսովը կարծիք է հայտնել, որ Ալիեւն ընտրել է ինտեգրման արեւելյան վեկտորը, որն «ուղիղ գծով տանում է դեպի Հյուսիսային Կորեա»: Աշխարհաքաղաքական այդ ընտրությունը կհաջողվի՞ մատուցել Մեհրիբանի «հմայքով»: