Որքան ժամանակ Երեւանի օդը կմնա վտանգավոր ու աղտոտված

Որքան ժամանակ Երեւանի օդը կմնա վտանգավոր ու աղտոտված

«Սուրմալու» առեւտրի կենտրոնում տեղի ունեցած պայթյունը ոչ միայն մարդկային կյանքեր խլեց, ցնցեց մեզ՝ բոլորիս, այլեւ էկոլոգիական ու առողջապահական խնդիրներ առաջացրեց։ Հրավառ նյութերի պահեստն աղտոտել է Երեւանի առանց այն էլ ոչ մաքուր օդը, եւ բնապահպաններն ահազանգեր են հնչեցնում։ Թեմայի շուրջ զրուցել ենք բնապահպան Սիլվա Ադամյանի հետ։

- Տիկին Ադամյան, Երեւանում տեղի ունեցած ողբերգությունից հետո մասնագետներն ահազանգում են՝ Երեւանի օդն աղտոտված է։

- Այն, որ Երեւան քաղաքն աղտոտված է, եւ ամեն վայրկյան, ամեն րոպե այդ աղտոտվածությունը շատանում է, դա վաղուց ենք փաստել։ Այս օրերին էլ դրան ավելացավ «Սուրմալու» առեւտրի կենտրոնում տեղի ունեցած դժբախտ պատահարը՝ պայթյուն եղավ, ինչի հետեւանքով աղտոտվածությունը շրջակա միջավայրի, մանավանդ՝ օդի, նորմայից մի քանի անգամ ավել շեղում ստացավ։ Շրջապատի մարդիկ, ովքեր որ ապրում են այդ տարածքին մոտ, ասում են, որ դեռ այրված պլաստմասսայի հոտը զգում են։

- Անձրեւներ այս օրերին տեղի չունեցան, դա ի՞նչ է նշանակում՝ որքա՞ն ժամանակ օդի աղտոտվածությունը կմնա մայրաքաղաքում։

- Երկար, շատ երկար կմնա օդի մեջ այդ աղտոտվածությունը, որովհետեւ, նախ, շատ տաք է, արեւոտ եղանակ է, երեկոյան քամիները քշում-տանում են քաղաքի մի մասից մյուս մասը։ Իհարկե, քաղաքի բարձրադիր մասերում հասկանալի է, որ այդ աստիճանի  աղտոտվածությունը չի հասնի։

- Այնուամենայնիվ, ի՞նչ միջոցառումներ պետք է ձեռնարկվեն այս իրավիճակը մեղմելու համար, որպեսզի խուսափենք հետեւանքներից։

- Ոչ մի բան չենք կարող ձեռնարկել։ Միակ միջոցառումն այն է, որ  դեպքի վայրում այդ բեկորները, որոնք քանդվելու արդյունքում փոշի են առաջացնում, այդ տարածքները շատ ջրվեն։ Ամեն գործողությունից հետո պետք է ջրվի այդ հատվածը։ Սա նորմատիվ է։ Ջրցանն առաջին գլխավոր բանն է, որը, ցավոք սրտի, Հայաստանի Հանրապետությունում, մասնավորապես՝ Երեւան քաղաքում, բավարար քանակի չէ։ Սա պետք է արվի, որովհետեւ արդեն փաստի առաջ ենք կանգնել։ Աղտոտվածությունը դեռ երկար կմնա, մինչեւ չունենանք հորդառատ անձրեւներ, եղանակային փոփոխություն։ Հորդառատ անձրեւների հետ միասին այդ նյութերն իրենց ամբողջ աղտոտվածությամբ կնստեն հողի շերտի վրա։ Այսինքն՝ խուսափել դրանից, որ ինչ որ եղել է, կանցնի-կգնա, դրա համար երկար ժամանակ  տարածքներում՝ Կենտրոն վարչական տարածքում եւ Շենգավիթում, ջրցանը պետք է աշխատեր։ Ես դեռ 2016-17 թվականին եմ ահազանգել՝ որ մեծ հրդեհ լինի, մենք շվարելու ենք․ ո՛չ տեխնիկա ունենք, ո՛չ էլ։ Մեզ նաեւ ջրցան ինքնաթիռ է հարկավոր՝ հրդեհներին արագ արձագանքելու համար։ Իրականությունն այն է, որ երբ մասշտաբային խնդիրներ ունենանք, շվարելու ենք՝ կանգնենք։ Ո՞ւմ ենք կանչելու, որ մեզ օգնի։ Այս դեպքից հետո արդեն իսկ երեւում է․ երբ մարդկանց դեպքի վայրից խոսեցնում են, ասում են՝ տեխնիկա չկա, որ աշխատենք։

-  Ձեր խորհուրդը։

- Ամբողջ աշխարհում չկա նման բան, որ կենտրոնում լինի նման կարգի շուկա։ Ուղղակի ամոթ է մեզ։ Օրինակ, այդ «փեթակնոց» ասվածը, դրանք ինչի՞ են մնացել քաղաքի կենտրոնում։ Այս ամբողջը պետք է քաղաքից հանվի, տեղը այգիներ պատրաստվեն, ծառեր տնկվեն։ Ամեն ինչը հո առուծախով չի՞ որոշվում։ Արշակունյացի այդ  հատվածը փաստացի այն գլխից էլ եղել է ոչ այնքան լավ օդային ավազան։ Այդ տարածքում շոգ է, քամիները շատ են։ Այսինքն, մենք պետք է այդ հատվածը բարելավենք, գուցե մի մեծ ջրավազան պատրաստենք, որպեսզի  մարդիկ գնան այս շոգ օրերին ավազանի մոտ։ Հիմա ինձ կասեն, թե ժողովրդի դեմ եմ, ոչ՝ ես ժողովրդի կողմն եմ։

- Այսօր սոցցանցերով բնապահպանները, բժիշկները գրառումներ են անում, որտեղ հորդորում են մարդկանց՝ որոշ ժամանակով դուրս գալ մայրաքաղաքից, մինչեւ օդը փոքր-ինչ մաքրվի։

- Երեւանից հեռանալով եւ ժամանակավոր ապաստանելով քաղաքից դուրս վայրերում, դա հարցի լուծում չէ։ Քաղաքի կենտրոնական մասերում նման պահեստավորված օբյեկտներ մենք չպիտի ունենայինք։ Այստեղ խնդիրն այն է, որ այսպիսի մեծ առեւտրի կենտրոններն իրենք իրենց անվտանգության համակարգով չեն համապատասխանում նորմատիվներին։ Այսօր «Սուրմալուում» է դեպքը պատահել, վաղը կարող է մեկ այլ վայրում նման բան լինել, որը նույնպես կպարզվի, որ չի համապատասխանում ստանդարտներին։ Այն, որ  ժամանակին մեր  կառավարությունը, պատկան մարմինները թույլ են տվել նման օբյեկտները կենտրոնական, խիտ բնակեցված  մասերում կամ այնպիսի մեծ առեւտրի կենտրոնում, որտեղ ամենօրյա շատ առեւտուր են մարդիկ անում, բերել ու պահեստավորել են պայթուցիկ նյութեր։ Առաջին խնդիրը սա է։ Ես չգիտեմ, թե ինչ են մտածում քաղաքաշինության նախարարությունը, քաղաքապետարանը, որ այսպիսի թույլտվություններ են տվել եւ վնաս պատճառել ոչ միայն քաղաքի մթնոլորտին, շրջակա միջավայրին եւ մարդկանց ֆիզիկականին։ Տեսանք՝ ինչքան մարդ զոհվեց։ Եվ հետո՝ ամսական այդ ի՞նչ քանակության պայթուցիկ նյութ է մտնում ՀՀ, ի՞նչ նյութեր են դրանք՝ արդյոք միայն հրավառությունների համար նախատեսված այդ «սալյուտ» կոչվածնե՞րն են, որեւէ մեկը թվեր ունի՞ այս մասին։ Չէ՞ որ նաեւ նորմատիվներ կան՝ ինչը կարելի է ներկրել, ինչը չի կարելի։ Ասեմ, որ այս ներկրումներն էլ նորմատիվներին համապատասխան չեն։ Պարզեք առողջապահության նախարարությունից՝ այս վերջին  տարիներին այդ պայթուցիկ նյութերի պատճառով քանի երեխա է դարձել հաշմանդամ։ Սա գլոբալ խնդիր է, եւ այս հարցը պետք է արմատապես լուծել։