1941-ին նացիստական ճամբարներում ապահով կյանքի մասին պատմող թռուցիկները թշնամու հրետանուց արդյունավետ էին

1941-ին նացիստական ճամբարներում ապահով կյանքի մասին պատմող թռուցիկները թշնամու հրետանուց արդյունավետ էին

Պետությունները սեփական նպատակների իրագործմանը հասնում են ոչ միայն «կոշտ ուժի»` պատերազմի եւ զինված ուժերի գործադրմամբ: Շատ դեպքերում հակառակորդ երկրի դիմադրությունը կարելի է կոտրել եւ սեփական ծրագրերն իրականացնել՝ այդ երկրում իշխանության բերելով համախոհ եւ հնազանդ ուժերի, որոնք կծառայեն քեզ՝ դրա համար ունենալով գաղափարական հիմնավորում: Հայաստանում հիմա իշխանության ղեկին է հայտնվել մի խմբավորում, որը Թուրքիայի եւ Ադրբեջանի համար խիստ ձեռնտու քաղաքականություն է իրականացնում՝ այդ ամենին տալով քաղաքագիտական փաթեթավորում` խաղաղության օրակարգ, բարիդրացիական հարաբերություններ, փոխշահավետ հարեւանություն: Սա ինչ-որ հայտնագործություն կամ քաղաքական նորարարություն չէ, այդպիսի դեպքերն աշխարհի քաղաքական պատմության մեջ բազմաթիվ են, երբ ինչ-որ երկիր կարողացել է իր ազդեցությունը տարածել մյուս երկրի վրա՝ առանց ռազմական ուժի կիրառման, թեեւ հիմա տեխնոլոգիաներն ավելի կատարյալ են: Շատ դեպքերում «փափուկ ուժը» համադրվում է «կոշտ ուժի» կիրառման հետ, ինչը տեղի ունեցավ Հայաստանի դեպքում:

«Փափուկ ուժ» տերմինը շրջանառության մեջ է դրել ամերիկացի հետազոտող եւ քաղաքագետ Ջոզեֆ Նեյը, նախորդ դարի 80-ականներին: Նեյը «փափուկ ուժ» հասկացության տակ նկատի ուներ այն միջոցների եւ գործողությունների համադրումը, որոնց արդյունքում հնարավոր կլիներ հակառակորդ երկրի իշխանությանը եւ հասարակությանը կատարել տալ այնպիսի գործողություններ, որոնք իրականում գործելու էին հենց նրա դեմ եւ հօգուտ հակառակորդ երկրի: Դրա համար հարկավոր է տվյալ երկրի քաղաքական եւ հասարակական էլիտան վարակել այնպիսի դեստրուկտիվ գաղափարներով, որոնք կթուլացնեն տվյալ երկրի քաղաքական եւ տնտեսական համակարգը, նրան կախման մեջ կդնեն հակառակորդից, եւ այդ դեպքում այլեւս զինված ուժերի գործադրումն ավելորդ կդառնա: 
Երբ Հայաստանի անվտանգության խորհրդի քարտուղարը հայտարարում է, որ սեպտեմբերից Արցախում այլեւս չեն լինի Հայաստանի զինված ուժերի ներկայացուցիչներ, դրանով Ադրբեջանին հավաստիացնելով, որ Հայաստանն անպաշտպան է թողնում Արցախը, դա ադրբեջանաթուրքական «փափուկ ուժի» կիրառման դասական դրսեւորում է: Երբ Արթուր Սաքունցը հայ եւ թուրք դպրոցականների մասնակցությամբ ամառային դպրոց է կազմակերպում՝ «Թուրքերն ու հայերը՝ գրականության մեջ», «Մշակույթի պատմությունը՝ ճարտարապետության մեջ», «Ուսուցիչներ, դպրոցական օրը Թուրքիայում եւ Հայաստանում», «Հակամարտության կարգավորում» թեմաներով, դա նույնպես թուրքական փափուկ ուժի կիրառման դասական օրինակ է: Երբ իշխանամերձ օլիգարխի կողմից ֆինանսավորվող տարբեր քաղաքագետներ եւ կուսակցական գործիչներ հայտարարում են, որ պետք է ակտիվացնել հայ-թուրքական եւ հայ-ադրբեջանական երկխոսությունը եւ հնարավորինս արագ հասնել հարաբերությունների կարգավորմանը Թուրքիայի եւ Ադրբեջանի հետ, դա եւս փափուկ ուժի դրսեւորման օրինակ է: Թուրքիան եւ Ադրբեջանը Հայաստանը գրավում են ոչ թե իրենց զինված ուժերը գործի դնելով, այլ Հայաստանում սեփական օրակարգը սպասարկող քաղաքական էլիտա ձեւավորելու միջոցով:

Հայաստանի իշխանության վերնախավում, քաղաքագիտական եւ գործարարների շրջանում առաջացել կամ, ավելի ճիշտ՝ հատուկ քաղաքականության միջոցով ձեւավորվել է մի շերտ, որն ամեն գնով սպասարկում է Ադրբեջանի եւ Թուրքիայի ազգային եւ պետական շահերը: Նրանց, իհարկե, թվում է, որ այդ շահերը համահունչ են Հայաստանի պետական շահերին, որ իրենք աշխատում են հենց Հայաստանի շահերից ելնելով, բայց դա ամենեւին չի փոխում խնդրի էությունը: Հայաստանում ադրբեջանաթուրքական փափուկ ուժի քաղաքականությունը սպասարկողները համոզված են, որ իրենք Թուրքիայի եւ Ադրբեջանի հետ բարեկամության եւ համագործակցության քարոզչություն են իրականացնում Հայաստանը փրկելու համար, որպեսզի Հայաստանը դուրս բերեն Ռուսաստանի ազդեցությունից:

Նրանց տրամաբանությամբ՝ Ռուսաստանն ավելի մեծ չարիք է, քան Ադրբեջանը եւ Թուրքիան միասին վերցված, եւ որպեսզի հնարավոր լինի Հայաստանն ազատագրել ռուսական տիրապետությունից, պետք է դաշինք կնքել Թուրքիայի եւ Ադրբեջանի հետ ու որոշ հարցերում նույնիսկ զիջումների գնալ: Հնարավոր է, որ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը մտածում է, թե հանուն Հայաստանը Ռուսաստանից ազատագրելու վեհ նպատակի իրագործման կարելի է զոհել Արցախը եւ արցախահայությանը: Ավելի լավ է Արցախը լինի Ադրբեջանի, քան Ռուսաստանի կազմում, ի վերջո, Ռուսաստանն իրենց համար գաղափարական հակառակորդ է, իսկ Ադրբեջանը կարող է այդ պայքարում լինել դաշնակից, եւ այդ տրամաբանությամբ հօգուտ նոր դաշնակցի կարելի է անգամ հրաժարվել Հայաստանի միջազգայնորեն ճանաչված սահմանների որոշ հատվածներից: 

Ինչպես հայ բոլշեւիկներն էին ժամանակին հավատում, որ շուտով չեն լինելու ազգային պետական սահմաններ, եւ անիմաստ է լինելու խոսել Արցախի կամ Նախիջեւանի այս կամ այն ազգային պետական կազմավորմանը մաս կազմելու մասին, այնպես էլ նեոլիբերալներն են համարում, որ ռուսական կայսրության փլուզման եւ գլոբալիստական աշխարհակարգի հաղթանակի դեպքում անիմաստ է լինելու խոսել Արցախի, Սյունիքի եւ ընդհանրապես՝ Հայաստանի ազգային ինքնության մասին:

Այսպիսով, «փափուկ ուժն» աշխատում է ինչպես անտեսանելի եւ հեռահար հրետանիով, որը խոցում է ոչ թե մարդկանց մարմինները, այլ՝ գիտակցությունը: Այն աստիճան, որ նույնիսկ Թուրքիայի եւ Ադրբեջանի կողմից Հայաստանի դեմ իրականացվող բացահայտ թշնամական գործողությունների պայմաններում հասարակության զգոնությունը բթացված է, եւ հասարակությունն ընդունակ չէ ընկալելու վտանգն ու ադեկվատ հակադարձելու դրան: Թշնամու հետ բարեկամության եւ խաղաղ գոյակցության քարոզը հասարակության մեջ ոչնչացնում է ինքնապաշտպանության բնազդը, որը հատուկ է ցանկացած կենդանի օրգանիզմի, ինչպիսին է հասարակությունը, եւ ստիպում է նրան առանց դիմադրության զինաթափվել ու հանձնվել թշնամուն: 

Չնայած «փափուկ ուժ» տերմինը նոր է` ընդամենը մի 35-40 տարվա պատմություն ունի, բայց թշնամու դիմադրությունը քարոզչության եւ սեփական գաղափարները ներդնելու միջոցով կոտրելու հնարքները կիրառվել են հազարամյակներ շարունակ: Հայրենական պատերազմի մասնակից պապս պատմում էր, որ պատերազմի առաջին ամիսներին գերմանական ճամբարներում ապահով եւ անվտանգ կյանքի մասին պատմող թռուցիկներն ավելի արագ էին նոսրացնում խորհրդային բանակի շարքերը, քան հրետանին եւ ավիացիան` միասին վերցրած: Հայաստանի եւ հայ հասարակության ներկա ողբերգությունն այն է, որ թշնամական «փափուկ ուժի» ներգործությանն է ենթակվել ոչ թե հասարակությունը, որի զգալի հատվածը դիմադրում է թուրքական փափուկ ագրեսիային, այլ պետական իշխանությունը: Նախորդ դարի 80-ականների վերջին Խորհրդային Միության իշխանությունը, ի դեմս ԽՄԿԿ ԿԿ առաջին քարտուղար Միխայիլ Գորբաչովի, ենթարկվեց հակառակորդ ԱՄՆ-ի եւ արեւմտյան երկրների «փափուկ ուժի» ներգործությանը եւ որոշեց երկրում ժողովրդավարացման եւ ազատականացման քաղաքականություն իրականացնել, որ դառնա առաջադեմ եւ զարգացած աշխարհի մի մասը: Դրա արդյունքը եղավ Խորհրդային Միության փլուզումը, այդ երկրի մասնատումն ու կլանումն արեւմտյան երկրների կողմից: Հայաստանը գնում է այդ նույն ճանապարհով, միայն այն տարբերությամբ, որ խորհրդային հասարակությունը եւս հավատում էր «պերեստրոյկայի» եւ «գլասնոստի» կախարդական ուժին, հայ հասարակությունը դիմադրում է՝ գիտակցելով, որ զոհի եւ գիշատչի միջեւ բարեկամություն եւ խաղաղ գոյակցություն չի կարող լինել:

Ավետիս Բաբաջանյան