Եթե այս տեմպը պահպանվի, մայիսի 21֊ին կունենանք 5000 դեպք

Եթե այս տեմպը պահպանվի, մայիսի 21֊ին կունենանք 5000 դեպք

Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը ֆեյսբուքյան իր էջում հայտնում է՝ 

«Կորոնավիրուսային հիվանդության դեպքերի կրկնապատկման տեմպը այս պահին 17 օր է: Եթե այս տեմպը պահպանվի, ապա մայիսի 4-ին մենք կունենանք 2500 դեպք, իսկ մայիսի 21-ին 5000 դեպք:

Եվ մեր բոլորի խնդիրը մնում է նույնը` կոտրել տարածման տեմպը և հիվանդության տարածման օղակները: Դրա համար անհրաժեշտ է բացառել հիվանդության մարդուց մարդ փոխանցումը` ամենուր սոցիալական հեռավորություն պահելով, միմյանց հետ սերտ շփման վարքագծերը փոխելով դեպի հեռավար շփումը, ինչպես նաև ձեռքերը հաճախակի լվանալով և ախտահանելով ու հնարավորինս դեմքին չդիպչելով:

Ուզում եմ նաև հատուկ նշել, որ մեր կողմից թեստավորման հզորությունների մեծացումը օրական 1000 թեստի շատ բարդ և բազմաբաղադրիչ գործընթաց է եղել և երբևէ մեր երկրում օրական այսքան մեծ թվով ՊՇՌ թեստեր չեն արվել: Այս բարդ գործընթացը իր մեջ ներառում է 5 հիմնական բաղադրիչ` մասնագետներ, սարքավորումներ, կենսաանվտանգություն, լոգիստիկա, էլեկտրոնային համակարգ, որոնցից յուրաքանչյուրի պատշաճ ապահովումը մեծ ջանքեր է պահանջել մեր մասնագետներից: Նման հզորությունները միշտ պետք են գալու մեր երկրին` հետագայում նմանօրինակ մարտահրավերներին դիմակայելու համար:

#ՄնաՏանը #ԿոտրիրՏեմպը #ԿանխիրՏարածումը»