Արդյոք հնարավո՞ր է «վերակենդանացնել» ԵԱՀԿ Մինսկի խումբը 

Արդյոք հնարավո՞ր է «վերակենդանացնել» ԵԱՀԿ Մինսկի խումբը 

ԵԱՀԿ գործող նախագահ, Հյուսիսային Մակեդոնիայի ԱԳ նախարար Բույար Օսմանին ԵԱՀԿ ԱԳ նախարարների խորհրդի՝ Սկոպյեում տեղի ունեցած նիստում հայտարարել է, որ նախագահությունն աջակցում է քաղաքական այն գործընթացին, որն ուղղված է Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ խաղաղության հաստատմանը։ Նա հավելել է, որ ԵԱՀԿ-ն ունի այն հարթակը, որը կարող է կառուցողական երկխոսության համար հենք դառնալ ռեգիոնի երկրների համար։ Այս հայտարարությունն, ինչ խոսք, բավական հետաքրքիր է, քանի որ 44-օրյա պատերազմից հետո «հուղարկավորված» ԵԱՀԿ Մինսկի խմբի վերաբերյալ կարծես թե ակնարկ է արվում։

Դժվար է, ասել, թե այդ հայտարարությունն «հենց այնպես» էր արվել, թե դրա տակ որոշակի «մեսիջ» կա եւ հնարավոր է, որ Մինսկի խումբը «վերակենդանացվի»։ Արեւմուտքի, հատկապես Միացյալ Նահանգների հետ հարաբերություններում վերջին շրջանում լարվածություն ունեցող Բաքուն արդեն նկատել է, որ այն իրականությունը, որն այժմ կա ռեգիոնում, հատկապես ԼՂ-ի հանդեպ Ադրբեջանի լիակատար վերահսկողության հաստատումից հետո, նման հայտարարությունները ակտուալ չեն կարող լինել։ Հատկապես որ Բաքուն ոչ պակաս բացասական վերաբերմունք ունի նաեւ ԵԱՀԿ-ի հանդեպ, համարելով, որ այն «հեղինակազրկել է իրեն», քանի որ «տարիներ շարունակ մատնված է եղել անգործության»։ Սակայն, փաստը, որ ԵԱՀԿ-ն որոշել է «արթնանալ», արդեն հարցեր են առաջացնում։