Խորհուրդ ուսանողին

Խորհուրդ ուսանողին

Խնդիրը հայոց պատմության դասավանդման պարտադիր-ոչ պարտադիր լինելու մեջ չպետք է փնտրել, այլ՝ թե ի՞նչ եւ ինչպե՞ս է ակադեմիական պատմություն դառնում՝ որպես ինքնաճանաչման նյութ, որի հենքի վրա պիտի կազմավորվի ազգային, ես կգերադասեի ասել՝ հանրային, ինքնությունը: Մենք ունե՞նք այդ նյութը՝ փաստարկված, այլոց՝ տարածաշրջանի մյուս էթնիկ հանրությունների ինքնակազմակերպվածության ենթացքի հետ շաղկապված կամ դրա հետ բաղդատված, համաշխարհային ընթացքում անաչառորեն դիտարկված՝ մեր նույնիսկ ոչ այնքան հեռավոր անցյալի մի կոնսենսուսային ընկալում, որ մեզ դնի կատարվածի պատասխանտվության ծանր, բայց անհրաժեշտ բեռի  տակ եւ պարտադրի սթափ գնահատել ներկան եւ նույնքան պրագմատիկորեն՝ նախածրագրել ապագան:

Եթե քեզ ոչ միայն բավարարում, այլեւ սիրելի է այն, ինչ շարադրված է դասագրքերում, մանավանդ՝ վերջին երկու տասնամյակներում գրված, ուրեմն մեր ԵՐԿՐԻ գալիքը մթագնած եւ անհուսալիորեն ուշացած է մնալու, ինչպես որ կուզենային մեր ոխերիմ «բարեկամները»: Դու պետք է դնես պատմության առասպելազերծման խնդիր, հարցադրես, թե՝ այդ ինչպե՞ս եղավ, որ ռուսական բանակի եւ հայ կամավորական ջոկատների աչքի առաջ, նրանց ներ-կա-յու-թյա՜մբ երկու միլոն հայ մատնվեց, ինչպես Թումանյանն է ստույգ ձեւակերպել՝ Անատոլիայի անմար դժոխքի չարչարանքներին եւ հայրենազրկվեց, ինչու՞ այնպես եղավ, որ մի ձեռքով թուրքական միջլիսի հայ «մեպուսները» քվեարկում էին հօգուտ օսմանյան բանակ արեւմտահայ տղամարդկանց զորակոչի, մյուսով՝ որոշում, որ հայ կամավորականները բուլղարական բանակի  առաջապահում պիտի կռվեն նույն օսմանյան զորքերի դեմ: Մի ձեռքով Էրզրումում որոշում գրվի, որ ռուս-թուրքական պատերազմի դեպքում օսմանահպատակ հայությունը պետք է իր պետական պարտքը կատարի, մյուսով՝ Կովկասի փոխարքայի հետ «գաղտնի» համաձայնություն կնքվի «կամավորական դրուժինաներ» ստեղծելու, զինելու, հանդերձավորելու եւ ռուսական զորքերի առաջապահում Արեւմտյան Հայաստան՝ նույն Անատոլիա, ուղարկելու մասին:

Մի որոշմամբ մեջլիսի հայ «մեպուսներին» եւ Պոլսո Հայոց պատրարքին պարտավորեցնել՝ բանակցելու երիտթուրքերի հետ՝ վերահաս խառնակություններից հայերի տառապանքները գոնե նվազագույնի հասցնելու, մյուսով Թիֆլիսի զեխ ապահովությունից նույն հասցեներով բացբերան նամակներ գրել, թե փոխարքան Ամենայն հայող կաթողիկոսին կայսերական «դոկումենտ» է տվել առ այն, որ Ռուսաստանը «պարտավորվում է պատերազմի ավարտին հռչակել ինքնավար Թուրքահայաստան՝ վեց վիլայեթով եւ Կիլիկիայով հանդերձ»:

Դու այս հարցերի գոնե մոտավոր պատասխանն ունե՞ս, քո դասախոսները  քեզ որեւէ հոդաբաշխ բացատրություն տալի՞ս են, քեզ քո ազգային մե՜ծ ՑԱՎԻՆ առնչվելու հնարավորություն ընձեռու՞մ են: Քո կեցվածքից, քո տարածած հայտարարություններից դատելով՝ ոչ: Իսկ եթե այդպես է, ապա ու՞մ է պետք այն պատմությունը, որ դասավանդվում է, ի՞նչ է նա քեզ տալիս: Միայն մի բան. «Թեեւ ապստամբությունը (Զեյթունի կամ Սասունի) պարտվեց, բայց…»:

Բայց ի՞նչ, միջազգային մամուլը գրեց, որ Սասունում համիդիե ավազակախմբերը 20 000 հա՞յ են սպանել, անգլիական պառլամենտում Գլադսթոնը ցասումնալի ճա՞ռ արտասանեց Աբդուլ Համիդ 2-րդի դեմ, ֆրանսիացի սոցիալիստները կառավարությանը բողո՞ք հղեցին, Ռուսաստանի պետական դումայի պատգամավոր Պապաջանովը խնդրագի՞ր հղեց արտաքին գործերի նախարարությանը: Հետո՞: Նույն Ռուսաստանի Պոլսի դեսպանատան ռազմական կցորդը չէ՞, որ իր կառավարությանը  հորդորում էր դեմ լինել Անատոլիայի թեկուզ մեկ հայաբնակ սանջակի անջատմանը, որովհետեւ «մենք չենք կարող հանդուրժել, որ մեր սահմանին մոտ Անգլիայի հովանավորությամբ հայկական ինքնավարություն ստեղծվի»:

Պատմության քո դասախոսն այդ մասին ինչ-որ բան ասու՞մ է:  Սա է խնդիրը: Ուստի Հայայստանի նորագույն պատմության մեջ համեստագույն դերակատարություն ունեցածի իրավունքով  խորհուրդ եմ տալիս վերադառնալ լսարան եւ դնել մեր ՀԱՅՐԵՆԻՔԻ առասպելազերծ պատմությունը գրելու խնդիր: Մնացածը կանի հաջորդ սերունդը: