Անբարոյականություն է

Անբարոյականություն է

Զավեշտն ու ողբերգությունը, հուզականությունն ու պրագմատիզմը, իրականությունն ու կեղծիքն այնպես են միահյուսվել, որ երբեմն անչափ դժվար է դրանք իրարից զատելը: Իհարկե, անգամ պատերազմի, սգի, անհուսության ժամանակներում երեխաներ են ծնվում, մարդիկ են ամուսնանում, կնունք-ծնունդ-հոբելյան են նշում: Եվ եթե թշնամին հայտնվել է մեր երկրի սուվերեն տարածքում ու տեր ու տնօրինություն է անում, չի նշանակում, թե Արտաշատում ընտրություններ չպետք է կայանան, կամ` Ազգային ժողովի նիստերը պետք է հետաձգվեն:

Բայց երբ պետությունն իր բուն պարտականությունները չի կատարում` չի պաշտպանում իր երկրի քաղաքացիների շահերը, անգամ տարրական անվտանգություն չի ապահովում, անբարոյականություն է, ասենք, ոստիկանության ահռելի ուժեր կուտակել կառավարության շենքի մոտ եւ բողոքի ակցիա անող կանանց ու աղջիկներին, ընդդիմադիր պատգամավորներին եւ շարքային քաղաքացիներին տասնյակներով բերման ենթարկել ոստիկանություն: Եթե պետությունը չի կարողանում պաշտպանել Սյունիքի ճանապարհներն ադրբեջանցի հրոսակների ներխուժումից, չի կարողանում ապահովել ադրբեջանական անկլավի կարգավիճակում հայտնված Սյունիքի 3 գյուղերի մարդկանց կապը, չի կարողանում նրանց հաց հասցնել ու շտապ բուժօգնություն, ապա առնվազն անբարոյականություն է Գորիսի փոխքաղաքապետին` 5 երեխաների հորը, մի ստոր մեղադրանքով կալանավորելը:

Եթե պետությունը չի կարողանում նոր աշխատատեղեր ստեղծել, թոշակ ու աշխատավարձ բարձրացնել, ապա առնվազն անբարոյականություն է խորհրդարանում «Գովազդի մասին» օրենքի փոփոխությունները քննարկելը, որը բացառապես մի նպատակ ունի` հարվածել անկախ լրատվամիջոցների ֆինանսներին: Ամեն ինչ անել, որ նրանք փակվեն, որպեսզի իրենց նախորդ անբարոյականությունների մասին բարձրաձայնող չլինի: