Ու՞մ համար է քո գրած երաժշտությունը, երկիր է գնում, ձայն հանե՞լ ես․ Մհեր Մկրտչյան

Ու՞մ համար է քո գրած երաժշտությունը, երկիր է գնում, ձայն հանե՞լ ես․ Մհեր Մկրտչյան

Կոմպոզիտոր Տիգրան Մանսուրյանի հարցազրույցը «Հրապարակ»-ին բուռն քննարկումների թեմա դարձավ մշակութային, քաղաքական ու հանրային գործիչների շրջանում։ Ռեժիսոր Մհեր Մկրտչյանն ասում է՝ պետք չէ այդքան մեծ կարեւորություն տալ այդ «մեծությունների» հնարավորություններին, հասարակությունը ի՞նչ է սպասում նրանցից, որ մի հատ էլ հիասթափվում է։ 

«Եկեք ուղղակի փաստերով խոսենք՝ մեր երկրում վերջին մի քանի տարիների կորուստների ֆոնին քանի՞ արվեստագետ է ձայն բարձրացրել, քանի՞սը չեն վախեցել։ Ես չեմ ասում չկան, կան, ուղղակի խոսողների քանակը հաշվենք։ Տիգրան Մանսուրյանի ձայնը վերջին տարիներին լսե՞լ եք»,-ասաց նա։ Դիտարկմանը, որ Տիգրան Մանսուրյանը մեծություն է դարձել Հայաստանում ՝ նախկին իշխանությունների օրոք, հարգանք է վայելում, ճանաչված երգահան է, ի՞նչն է խնդիրը, որ խուսափում է քաղաքական դիրքորոշում հայտնելուց, պատասխանեց․ «Տիգրան Մանսուրյանը կոմպոզիտոր է սովետական տարիներին ֆիլմերի երաժշտություն գրելով։ Իրեն փառք եւ ճանաչում են բերել ֆիլմերը, նրան չեն ճանաչում որպես սիմֆոնիա գրող, կամ հասարակական գործիչ։ Տիգրան Մանսուրյանը պետք է շնորհակալ լինի Հենրիկ Մալյանին եւ Ալբերտ Մկրտչյանին, որոնց ֆիլմերով նա փառք է ձեռք բերել։ Բայց դրանով պատմությունն ավարտվում է, որովհետեւ նույն Տիգրան Մանսուրյանը վերջին 6 տարում չի երեւում։ Իներցիայով նրան համարում ենք մեծություն։ Լավ, հրաշալի տաղանդավոր կոմպոզիտոր ես, եւ՞... Ձայն հանե՞լ ես, երկիր է գնում, ու՞մ համար է քո գրած երաժշտությունը»,-նշեց նա։

Մհեր Մկրտչյանն ասում է՝ մոռացեք այն մեծություններին, որոնք լուռ են, ձայն չեն հանում, որովհետեւ ով պետք է խոսեր, արդեն խոսել է, ով չպետք է վախենար՝ չի վախեցել․ «Ով պետք է անտարբեր չլիներ երկրի ցավերին եւ երկրի հետ կատարվածին, արդեն անտարբեր չի եղել։ Վերացրեք սպասումները հայ մտավորականներից։ Համագործակցում են իշխանությունների հետ, գրկախառնվում են, պարգեւներ են ստանում, որովհետեւ այդպես հարմար է` տաք է, անվտանգ է»։

Հարցին՝ արդյո՞ք մտածում է շարունակել «Իշխանություն» ֆիլմի նկարահանումները, հաշվի առնելով, որ այժմ արդեն Հայաստանի անկախության եւ սուվերենության հարցն է դրված զոհասեղանին, Մհեր Մկրտչյանն ասաց․ «Ոչ, ես նկարեցի 2 ֆիլմ, եւ դրանք նկարեցի այս իշխանության օրոք, որով իմ քաղաքական մասն արվեստում դրանով ավարտվեց։ Դա կապված չի վախերի, կամ այլ բաների հետ, պատմությունն ուղղակի ավարտվեց։ Ես չեմ կարող անվերջ անել նույն բանը»։

Հիշեցնենք, որ Տիգրան Մանսուրյանը «Հրապարակ»-ի հետ զրույցում ասել էր, որ վախենում է խոսել, քանի որ իր խոսքը քաղաքական նպատակներով սկսում են շահարկել։ 

«Գզվռտոց է հիմնականում, մանր հարցեր։ Ես չէի ուզի խոսել այս ամենի մասին։ Ես որեւէ բողոք չունեմ, միայն խնդրանքս՝ այդ ստորագրության վերաբերյալ է։ Ես միայնակ մարդ եմ, ոչ կին ունեմ կողքիս, որեւէ մեկը չկա։ Իմ կենցաղում մի կերպ եմ գլուխ հանում։ Ես մյուսների հետ խառնվեմ որ ի՞նչ լինի, 85 տարեկան՝ հազիվ քայլող մարդ։ Մանսուրյանին նորից քաշում ես քաղաքական հարցերի մեջ, վախենում եմ»,-ասել էր նա։