Ադրբեջանն Արցախում սկսել է ոչնչացնել անկախության շրջանի հուշարձանները
Ադրբեջանի կողմից օկուպացված Արցախի Հանրապետությունում 2023-ի սեպտեմբերի 19-ից հետո օր-օրի ավելանում է թշնամու կողմից վանդալիզմի ենթարկվող հուշարձանների թիվը։ Գրեթե ամեն շաբաթ համացանցում հայտնվում են լուսանկարներ, տեսանյութեր, որտեղ հերթական եկեղեցին Ադրբեջանն ուզում է մզկիթի վերածել կամ հակահայ, կեղծ գիտական թեզեր առաջ քաշելով, ինչպես, օրինակ, Դադիվանքի դեպքում, փորձում է յուրացնել Արցախի հոգեւոր ու պատմամշակութային ժառանգությունը։
«Արցախի մշակութային ժառանգության մշտադիտարկում ծրագրի» գիտաշխատող, մշակութային ժառանգության փորձագետ Արմինե Տիգրանյանից հետաքրքրվեցինք, թե ներկայում Արցախում վտանգված մեր մշակութային ժառանգության ծավալն ինչքան է կազմում։ «Այսօր Արցախում 4 հազարից ավելի պատմամշակութային հուշարձան տոտալ ոչնչացման վտանգի տակ է, ներառյալ՝ եկեղեցիներ, մատուռներ, հուշարձաններ, անկախության շրջանի հուշարձաններ, խաչքարեր, կամուրջներ, դամբարանադաշտեր եւ այլն,- ասում է Ա․ Տիգրանյանն ու ընդգծում, որ 4 հազարը վերաբերում է միայն նյութական ժառանգությանը, մինչդեռ կա նաեւ ոչ նյութական ժառանգության ահռելի ծավալ։- Երբ մենք ասում ենք՝ եկեղեցի, նկատի ունենք նաեւ այնտեղ իրականացվող ծեսեր, ավանդույթներ, աղոթքներ, պատմություններ, հազար ու մի երեւույթներ, պատմություններ, օրինակ, խաչի հետ կապված, եւ այսպես շարունակ։ Իսկ սա ոչ նյութական ժառանգություն է։ Եվ երբ մենք ասում ենք՝ հուշարձան, որն այսօր Ադրբեջանը ոչնչացնում է, նկատի ունենք ոչ միայն այդ հուշարձանը, այլեւ թե ինչ նշանակություն է դա ունեցել համայնքի համար։ Օրինակ, Հայոց ցեղասպանությանը կամ արցախյան ազատամարտին նվիրված շատ հուշարձաններ, որոնք Հադրութում եւ Շուշիում ոչնչացվել են, մարդիկ այդ վայրերում նշել են Արցախի անկախության կամ ցեղասպանության օրը, մայիսի 9-ի հաղթանակի օրը, Շուշիի ազատագրման օրը, ու երբ այդ հուշարձանը չկա, այդ տոները, որոնք եւս հանդիսանում են ոչ նյութական ժառանգություն, կարծես կորսվում են։ Ես տեղահանվածների հետ շատ հարցազրույցներ եմ անցկացրել, եւ այսօր իրենք ասում են՝ մայիսի 9-ը մեզ համար այլեւս գոյություն չունի, որովհետեւ մենք երկար տարիներ՝ ծնված օրվանից մայիսի 9-ն անցկացրել ենք Շուշիի Ազատամարտիկների հուշարձանի տարածքում, բայց այսօր այդ հուշարձանը չկա։ Այսինքն՝ այդ հուշարձանի հետ մեկտեղ մենք խոսում ենք նաեւ ոչ նյութական ժառանգության ոչնչացման մասին»։
Դեռեւս 44-օրյա պատերազմից հետո անձամբ ՌԴ նախագահ Վ․ Պուտինը երաշխավոր կանգնեց Սուրբ Ղազանչեցոցի եւ Դադիվանքի համար, բայց հատկապես Սուրբ Ղազանչեցոցի դեպքում տեսանք, որ դա զրո ազդեցություն ունեցավ, ինչո՞ւ։ «Ղազանչեցոցի դեպքում այսօր իրենք կեղծ վերականգնումներ են անում, խեղաթյուրում են այդ արժեքի իսկությունը, ճարտարապետական իրական ոճը եւ համարում են ռուս ուղղափառ եկեղեցի, այսինքն՝ ոչ թե մզկիթի են վերածում, այլ ռուսականացնում են, գմբեթի ձեւը փոխում են։ Նույնն անում են Կանաչ ժամի հետ։ Իսկ Դադիվանքի, Գանձասարի, Ամարասի ու մյուս քրիստոնեական ժառանգության հետ կապված՝ իրենք դեռեւս միայն կոչեր են անում եւ աղվանա-ուդիական համայնքին ուղարկում են այնտեղ՝ ծեսեր անելու։ Այսինքն՝ այսօր իրենց նպատակը ոչ թե Դադիվանքը ոչնչացնելն է, այլ ուղղակի ասել, որ դա հայերինը չէ։ Սա ավելի վտանգավոր քաղաքականություն է, որով իրենք փորձում են օտարել իսկությունը, ինքնությունը եւ սերունդներին այդ արժեքների մասին ճշմարիտ գիտելիք փոխանցելու հնարավորությունը։ Դադիվանքը 200-ից ավելի հայկական արձանագրություններ ունի, եւ այսօր Ադրբեջանն ասում է՝ այդ արձանագրությունները նոր եք հավելել, եւ այս եկեղեցին պատկանում է աղվաններին, որոնք Ադրբեջանում կրոնական փոքրամասնություն են կազմում։ Ինքը չի ասում, որ դրանք քրիստոնեական չեն եւ այլն, պարզապես ասում է, որ դրանք հայերին չեն պատկանում, ու թեպետ ես Դադիվանքը պահպանում եմ, բայց դա հայերինը չէ, դա աղվաններին է, եւ աղվաններին ու ուդիներին ուղարկում է այնտեղ՝ ծեսեր իրականացնելու։ Իսկ ուդիները, որոնց թիվը 2 հազարն էլ չի անցնում Ադրբեջանում, նրա ձեռքում ուղղակի քաղաքական գործիք են»։
Ա․ Տիգրանյանի կարծիքով, մենք չէինք կարող իմանալ, թե իրապես ինչ կլիներ այդ հուշարձանների ճակատագիրը, եթե միջազգային արձագանքները չլինեին․ «Շատ հնարավոր է, որ հենց 2021-ին, երբ Ալիեւը հայտարարեց, որ պետք է հանձնաժողով ստեղծվի, ու ջնջվեն հայկական արձանագրությունները, ինչից հետո, սակայն, միջազգային հանրությունը լավ աղմուկ բարձրացրեց, ինչի արդյունքում մենք տեսանք, որ Ադրբեջանը զսպեց իր քաղաքականությունը։ Այսինքն՝ մենք չգիտենք, թե էլ ինչ կարող էր լինել, եթե այս միջազգային արձագանքը չլիներ։ Այս առումով կարծում եմ, որ որոշակի զսպող մեխանիզմներ կան ու դրական տեղաշարժ, բայց չեմ ժխտում, որ ամեն օր ես առնչվում եմ բազմաթիվ փաստերի, թե ինչքան բան է ոչնչացվում»։
Մի կարեւոր հանգամանք եւս՝ ԱՀ մշակութային ժառանգության ոչնչացման հարցում Ադրբեջանը հիմա այլ քաղաքականություն է որդեգրել։ «Ադրբեջանը հիմա սկսել է ոչնչացնել անկախության շրջանի հուշարձանները․ այն, ինչ ստեղծվել է 1992-ից հետո, քանի որ այդ ժառանգությունն ինքը համարում է օկուպանտական, օրինակ՝ խաչքար, որը տեղադրվել է 1996-ին, ինքը դա առանց նեղսրտելու ոչնչացնում է՝ պատճառաբանելով, թե իբր անօրինական, օկուպանտական տարածք է եղել սա, եւ այն, ինչ ստեղծվել է այդտեղ, արժանի չէ պահպանության ու պաշտպանության։ Խաչքարերից բացի, դրանց մեջ էին նաեւ Ստեփան Շահումյանի, Անատոլի Զինեւիչի արձանները, Շուշիի Մեղրեցոց Սուրբ Աստվածածին եկեղեցին։ Շուշիում միայն վերջին շրջանում 3 պատմական գերեզմանոց ոչնչացրին, մի խոսքով՝ անընդհատ ոչնչացնում են, եւ միջազգային հանրությունն էլ թեպետ խոսում է, արձագանքում է, բայց ինչ-որ տեղ անպատիժ է թողնում Ադրբեջանին, որովհետեւ ինչքան էլ մենք սա համարում ենք ժառանգություն, բայց սա նախեւառաջ քաղաքականություն է։ Ի դեպ, այս միտքը հնչեց նաեւ օրեր առաջ՝ Եվրոպական խորհրդարանում, այն, որ սա քաղաքականություն է, եւ ինչքան էլ մենք փախչենք, միեւնույն է՝ գոյություն ունեն Ադրբեջանի էներգետիկ պայմանագրերը, ազդեցության լծակները, եւ այսօր աշխարհը դեռեւս չի կարողանում իր ուզածին հասնել ու զսպել դրանք, բայց, այնուամենայնիվ, Եվրոպական խորհրդարանում տեղի ունեցած խորհրդաժողովից հետո ընդունվելու է որոշում, որը թեպետ էլի կոչի մակարդակով է լինելու, բայց տալու է իր արդյունքը, այն է՝ ազդել ՅՈՒՆԵՍԿՕ-ի վրա, որպեսզի կարողանան ապահովել ՅՈՒՆԵՍԿՕ-ի փաստահավաք առաքելությունը տարածաշրջան»,- հավելում է մշակութային ժառանգության փորձագետը։
Կարծիքներ