Մեր տղաներին տարան մսաղաց գցեցին, որ պարտակեն 15 միլիարդանոց գործարքը

Մեր տղաներին տարան մսաղաց գցեցին, որ պարտակեն 15 միլիարդանոց գործարքը

Արաբկիրի նախկին թաղապետ Հովհաննես Շահինյանը politik.am-ին տված հարցազրույցում Սերժ Սարգսյանին մեղադրել էր Արցախը 15 միլիարդ դոլարով վաճառելու, Նիկոլ Փաշինյանին 5 միլիարդ դոլարով կաշառելու մեջ: Շահինյանը նշել է, թե Ալիևն ասել է՝ 15 միլիարդ է տվել Սերժ Սարգսյանին, իսկ Փաշինյանը զարմացած ասել է, որ ինքը 5 միլիարդ է ստացել: Հանրապետականները այս հարցազրույցից հետո սկսեցին վերջին բառերով վիրավորել Շահինյանին, որը ժամանակին ՀՀԿ-ական է եղել եւ ՀՀԿ-ի կողմից է թաղապետ ընտրվել:ՀՀԿ-ական Ռուբեն Հայրապետյանը՝ «Նեմեց Ռուբոն» գրել էր. «Դու ասածներիդ համար պետք ա լեզվից զրկվեիր, բայց ոնց հասկանում եմ քեզ մատներ էլ ա հակացուցված ունենալ: Զանգերին պատասխանի, արա, տեղդ ասա, մնացածի մասին հետո ինքդ կպատմես պատվեր տվողներիդ ու ֆեյսբուքիդ 9 հոգանոց լսարանին»: Մի խոսքով՝ Ֆեյսբուքի ՀՀԿ-ական տարածքը օրեր շարունակ Շահինյան էր հայհոյում։ Մենք Հովհաննես Շահինյանին մի քանի հարց ուղղեցինք:

- Ձեր վերջին հարցազրույցը, որի ժամանակ Դուք երրորդ նախագահ Սերժ Սարգսյանին ուղղակիորեն մեղադրում եք Արցախը 15 միլիարդ դոլարով վաճառելու մեջ, բավականին մեծ աղմուկ բարձրացրեց: ՀՀԿ-ականները գրառումներ են անում Ձեր մասին, հերքելով Ձեր ասածները: Վերջապես ի՞նչ էր Ձեր հայտարարությունը նշանակում: Կա՞ն ապացույցներ:

- Իմ հայտարարությունը քաղաքական հայտարարություն է: Այդ հայտարարության հիմքերը գալիս են դեռ Սերժ Սարգսյան-Ալեքսանդր Լուկաշենկո հայտնի զրույցից, 5 միլիարդ, 6 միլիարդ, ես քեզ՝ այնքան, դու ինձ՝ այսքան, Դուբայից ինչ-որ նամակների մասին խոսակցություններից: Ես կցանկանայի, որ այս հարցին անդրադառնար հենց Սերժ Սարգսյանի գրասենյակը, բայց չգիտես ինչու չի արծարծվում բուն խնդիրը և քննարկվում են ինչ-որ կենցաղային բնույթի հարցեր: Ես քո տան վարձն եմ մուծել, ես քո մեքենայի ակն եմ փչել, ես քո մեքենան եմ անվճար լվացել, ես քո խմած սուրճի գումարն եմ վճարել, այ այս բնույթի արձագանքներ եմ միայն ստանում: Ինչի՞ մասին է խոսքը: Ես մեր հայրենիքի մասին եմ խոսում, պետության գլխին եկած աղետի հիմքերի մասին եմ բարձրաձայնում, որպեսզի հասկանանք, թե ճշմարտության հիմքերը որտեղից են գալիս և ինչպես պետք է շարժվել առաջ, այս մարդիկ ինչ-որ կենցաղային բնույթի երևույթների մասին են խոսում, որը բոլորովին չի առնչվում ինձ հետ: Հավատացեք՝ ես բացարձակապես չեմ ազդվում իմ մասին արվող գրառումներից, որովհետև դրանց հեղինակները չեն տիրապետում իրավիճակին: Անկեղծ ասած չեմ էլ կարդում, թե ով ինչ է գրում իմ մասին:

- Ձեր հայտարարությունը շատերի կողմից դիտարկվեց մանիպուլյատիվ և նշվեց, որ ցանկանում եք դիվիդենտներ շահել, չունեք որևէ ապացույց: Նշում են նաև, որ քաղաքական պատվեր եք կատարում, փորձելով արատավորել Սերժ Սարգսյանի բարի համբավը:

- Ինչի մասին են խոսում, ես չեմ հասկանում: Ի՞նչ պատվերի մասին կարող է լինել խոսքը: Ինձ ճանաչող ցանացած մարդ գիտի, որ ես տերեր երբեք չեմ ունեցել և չեմ էլ ունենա: Կյանքիս 54 տարիների ընթացքում ես պատվիրատուներ չեմ ունեցել, չունեմ և չեմ էլ ունենալու: Ստրուկի հոգեբանություն ունեցող մարդիկ այլ բան չէին էլ կարող կարծել: Իրենց համար սկզբունքներ չկան: Պարտադիր պետք է ինչ-որ մեկին վճարել, որ նա էլ մի բան ասի: Իմ ականջին էլ են հասնում նման խոսակցություններ, սակայն ես ոչ մեկի հետ ոչ մի կապ չունեմ: Այնպես որ այս խոսակցությունները բացարձակապես կապ չունեն իրականության հետ: Ես խոսել եմ իմ հայրենքի հետ կապված կարևորագույն հարցի մասին: Մեր տղաներին տարան մսաղացը գցեցին, որ պարտակեն 15 միլիարդանոց գործարքը: Իմ հայրենիքն է վաճառվել, քո և բոլորիս հայրենիքն է վաճառվել: Սա այսպես չեմ թողնելու: Մինչև վերջ խորամուխ եմ լինելու: Տա Աստված, որ ես սխալ դուրս գամ, շատ երջանիկ կլինեմ այդ ժամանակ:

- Հարցազրույցում նշում եք, որ այս ինֆորմացիան Ձեր ունեցած տեղեկություններով է: Շատերը կարծում են, որ նման կերպ հայտարարություններ անելն անլուրջ է և Ձեր խոսքերին պետք չէ լուրջ վերաբերվել: Որքանո՞վ են հավաստի Ձեր աղբյուրները:

- Նորից եմ ասում` սա քաղաքական հայտարարություն է: Այս հարցն առաջին անգամ բարձրացվել է Սերժ Սարգսյան-Ալեքսանդր Լուկաշենկո ձայնագրությունը հանրայնացնելու ժամանակ: Այսինքն, լկտի սո՞ւտ էր այդ ձայնագրությունը:

- Բայց նույն ձայնագրության մեջ Լուկաշենկոն Սերժ Սարգսյանին գումար է առաջարկում, սակայն երրորդ նախագահը մերժում է և ինքն է գումար առաջարկում՝ Արցախի դիմաց....

- Պետք չէ դմբո լինել հասկանալու համար, որ երկար ժամանակ ինչ-որ գումարային հարցեր են քննարկվել: Ինձ համար այս հարցը շատ կարևոր է: Այդ գործարքի արդյունքում իմ հազարավոր եղբայրներն ու քույրերը զոհվել են: Բոլոր մեղավորները պետք է պատժվեն:

- Այսինքն` Դուք վստա՞հ եք, որ Սերժ Սարգսյանը մասնակցել է Արցախը վաճառելո՞ւն....

- Ես վստահ եմ, որ եղել են ֆինանսական գործարքներ, միլիարդավոր դոլարների մասին է խոսքը: Դրանից հետո` եղել է շարունակություն: Չգիտեմ Ալիևն է եղել գումարը տվողը, թե իր տերերը, թե տերերի տերերը: Իհարկե, սա ունի ավելի խորքային արմատներ: Կարտոֆիլ չեն առնում-ծախում, ուստի պետք է լինեն երաշխիքներ: Դրա հետ եմ կապում կառավարման համակարգի փոփոխությունը և Մեծ Բրիտանիայից Արմեն Սարգսյանին Հայաստան գործուղելու հանգամանքը, ինչպես նաև Ալիկ Արզումանյանի նշանակումը Դանիայում որպես դեսպան: Նույն Ալիկ Արզումանյանը 2008 թվականի մարտի 1-ին գոռում էր. «Շուն ղարաբաղցիներին պետք է դուրս շպրտենք»: Այդ մարդուն Սերժ Սարգսյանը նշանակում է դեսպան: Ի՞նչ է սա նշանակում: Արմեն Սարգսյանի դալալը փախել է երկրից: Ինչո՞ւ:

- Շատերը Ձեզ մեղադրում են նաև Նիկոլ Փաշինյանին արդարացնելու մեջ:

- Նիկոլ Փաշինյանն ինձ համար հայոց պատմության, եթե անգամ վերցնենք 3000 տարվա պատմությունը, ավելի հետ չգնանք, աննախադեպ տականքն է, վիժվածքը, նրա նման երկրորդը չկա: Նիկոլ Փաշինյանին մեղադրելու և պատասխանատվության ենթարկելու առաջամարտիկներից մեկը լինելու է Հովհաննես Շահինյանը:

- Ռուբեն Հայրապետյանը Ձեզ մարտահրավեր է նետել, սպառնում է: Ինչո՞վ եք բացատրում նրա միջամտությունը:

- Իմ կողմից բարձրացված հարցերն այլ հարթություն տեղափոխելու մեջ է խնդիրը: Ես չեմ պատրաստվում այլ խոսակցությունների մեջ մտնել: Ինձ համար շատ տարօրինակ է մեր գեներալիտետի քնքուշ և մեղմիկ վերաբերմունքը: Ղզիկական պահվածքներ են դրսևորվում, արվում են անատամ հայտարարություններ: Այդ փոխկապակցվածության մեջ ինձ թույլ եմ տվել անել հետևություններ, որ գործել է սեկտա: Հանցագործներից կազմված մի մեծ խումբ: Եղբայրներս զոհվել են այդ սեկտայի պատճառով:

- Ո՞ւմ եք ակնարկում: Ի՞նչ սեկտա:

- Սերժ Սարգսյան, Նիկոլ Փաշինյան, Ալեքսանդր Լուկաշենկո: Մնացածի մասին կխոսենք հետո....