«Հրապարակ»․ Վահե Գրիգորյանը Սեդա Սաֆարյանին ու Հրայր Թովմասյանին հեռացրել է քննությունից

«Հրապարակ»․ Վահե Գրիգորյանը Սեդա Սաֆարյանին ու Հրայր Թովմասյանին հեռացրել է քննությունից

Ռոբերտ Քոչարյանին ու մյուսներին վերաբերող Մարտի 1-ի քրեական գործին իշխանությունները կրկին ցանկանում են ընթացք տալ։ Այս գործի շրջանակներում Վճռաբեկ դատարանը դիմում է ներկայացրել Սահմանադրական դատարան՝ 1998 թվականին ուժի մեջ մտած Քրեական դատավարության օրենսգրքի 309.1 հոդվածի 3-րդ մասի եւ նույն օրենսգրքի 35-րդ հոդվածի 1-ին, 4-րդ եւ 5-րդ մասերի, ինչպես նաեւ 366-րդ հոդվածի 2-րդ մասին իրավակիրառ պրակտիկայում տրված մեկնաբանության սահմանադրականությունը ստուգելու հարցով։

Վերոնշյալ հոդվածները վերաբերում են Ռոբերտ Քոչարյանին առաջադրված մեղադրանքի վերաձեւակերպմանն ու փոփոխմանը։ Այսինքն՝ ստացվում է հետեւյալ իրավիճակը․ Սահմանադրական դատարանը հակասահմանադրական էր ճանաչել Մարտի 1-ի գործով Քոչարյանին առաջադրված մեղադրանքը, ըստ որի՝ նա 2008 թվականի մարտի 1-ին սահմանադրական կարգ էր բռնի տապալել։ ՍԴ-ի այդ որոշումից հետո քրեական գործը կարճվեց, բայց դատախազությունը չի ուզում հանձնվել եւ փորձում է Քոչարյանին Մարտի 1-ի գործով այլ մեղադրանք առաջադրել, այսինքն, եթե Քոչարյանի՝ 2008 թվականի գործողությունների անունը դրել էին «սահմանադրական կարգի բռնի տապալում», որպիսի մեղադրանքը ՍԴ-ի կողմից ճանաչվեց հակասահմանադրական, ապա հիմա փորձում են այլ անուն տալ դրան ու կրկին քրեական հետապնդում սկսել, ասենք՝ կարող են անվանել «պաշտոնեական դիրքի չարաշահում» կամ մեկ այլ բան, սակայն Քրեական դատավարության օրենսգրքի 309.1 հոդվածի 3-րդ մասը, որի սահմանադրականությունը պետք է ստուգվի, դատախազությանը թույլ չի տալիս մեղադրանքը փոփոխել, քանի որ այդ հոդվածը սահմանում է, որ «Մեղադրողը կարող է մինչեւ դատարանի՝ խորհրդակցական սենյակ հեռանալը փոխել մեղադրանքը, այդ թվում՝ նաեւ խստացման առումով, եթե դատական քննության ընթացքում հետազոտված ապացույցներն անհերքելիորեն վկայում են, որ ամբաստանյալը կատարել է այլ հանցանք, քան այն, որը նրան մեղսագրվում է»։ Իսկ եթե մինչեւ դատավորի՝ խորհրդակցական սենյակ գնալը չի փոխել մեղադրանքը, այլեւս անհնարին է դա անել: Եվ մարդուն նույն արարքի համար չի կարելի երկու անգամ դատել: Վճռաբեկի կողմից վիճարկվող մյուս հոդվածներն էլ այն մասին են, որ եթե մեղադրանքը հակասահմանադրական է ճանաչվում, ապա մեղադրյալի նկատմամբ պետք է կայացվի արդարացման դատավճիռ։

Սահմանադրական դատարանն աշխատակարգային որոշմամբ ՍԴ դատավորներ Հրայր Թովմասյանին ու Սեդա Սաֆարյանին հեռացրել է գործի քննությունից, քանի որ Սեդա Սաֆարյանն այլ դատարանում մասնակցել է այս գործի քննությանը, իսկ Հրայր Թովմասյանը «կանխակալ վերաբերմունք ունի որպես կողմ հանդես եկող անձի, նրա ներկայացուցչի, դատավարության այլ մասնակիցների նկատմամբ»։ ՍԴ մեր աղբյուրը փոխանցեց, որ այս հարցը ՍԴ-ում Վահե Գրիգորյանն է բարձրացրել, այսինքն՝ նա է նախաձեռնել, որ Հրայր Թովմասյանն ու Սեդա Սաֆարյանը հեռացվեն գործ քննությունից։ Բանն այն է, սակայն, որ եթե Հրայր Թովմասյանը կանխակալ վերաբերմունք ունի, ապա նույն Վահե Գրիգորյանը եւս այս գործով շահագրգիռ կողմ է, քանի որ նա էլ եղել է Մարտի 1-ի զոհերի իրավահաջորդների ներկայացուցիչը։

Մարտի 1-ի գործով պաշտպան Հովհաննես Խուդոյանը մեզ հետ զրույցում ասաց, որ իր համար անհասկանալի է, թե ինչ է ուզում դատախազությունը։ «Ես չեմ պատկերացնում, թե իրենք ինչ արդյունք կարող են ունենալ, որովհետեւ եթե անգամ ՍԴ-ն ասի, որ այդ հոդվածները հակասահմանադրական են, որովհետեւ դատախազին նման լիազորություն չեն նախատեսում, ապա այդ պարագայում դա ոչ թե պետք է մեկնաբանել, որ դատախազն ունի լիազորություն, այլ այդ օրենքը պետք է փոփոխության ենթարկել։ Այդ օրենքն արդեն գոյություն էլ չունի, որովհետեւ նոր Քրեական դատավարության օրենսգիրք ունենք»,- ասաց Խուդոյանը։