2016-2018

2016-2018

Երբ 2016 թվականին «Սասնա ծռերը» գրավեցին ՊՊԾ գունդը, որտեղ մեծ քանակությամբ զենք կար, եւ օրեր շարունակ պատանդներ էին պահում, անգամ ոստիկան զոհվեց, հասարակությունը շփոթահար էր ու չգիտեր` ինչ անուն տալ դրան: Բայց մեծ թվով մարդիկ, այդ թվում` Նիկոլ Փաշինյանը, արդարացնում էին այդ գործողությունները, համարում էին, որ մարդիկ ապստամբել են գործող ռեժիմի դեմ, եւ անհուսությունից ծնված ակտ է դա: Մերձակա Խորենացու փողոցում շուրջօրյա հանրահավաքներ էին կազմակերպում, որոնցից մի քանիսին նաեւ Փաշինյանը մասնակցեց եւ ելույթ ունեցավ:

ՊՊԾ մտած անձանց զինաթափեցին ու կալանավորեցին, քրեական գործեր հարուցվեցին, երկար դատավարություններ ընթացան, իսկ 2018-ին իշխանության եկած Նիկոլ Փաշինյանը կարճ ժամանակ անց բանտից ազատ արձակեց այդ գործողության մասնակիցներին: Միայն տարիներ անց նրանց դատապարտեցին, ոմանք դեռ նստած են, մյուսներն ազատության մեջ են:

Հիմա եկել է իր իշխանության դեմ ըմբոստանալու ժամանակը: Արդյո՞ք «Սասնա ծռերը» 2016 թվականին ավելի հիմնավոր եւ ավելի արդարացի պահանջներ էին ներկայացնում Սերժ Սարգսյանի իշխանությանը, քան օրերս Նոր Նորքի ոստիկանության բաժանմունք նռնակով մտած անձինք, որոնք կոչ էին անում չենթարկվել Փաշինյանին, թույլ չտալ, որ նա հող հանձնի, եւ որոնց գործողությունների արդյունքում զոհ չեղավ: Արդյո՞ք այն մարդիկ, ովքեր իշխանափոխության կոչեր են անում, հայհոյում, վիրավորում Նիկոլ Փաշինյանին եւ նրա թիմակիցներին, չունեն դրա բարոյական իրավունքը: Եթե 2016 թվականին Փաշինյանը կարող էր խրախուսել «Սասնա ծռերի» զինված ակցիան եւ չդատապարտել, իսկ 2018-ից հետո բացել բանտի դռները, ի՞նչ չափանիշներով են այսօր բանտերում գտնվում իր ազգակործան գործողությունները կասեցնել փորձող տարբեր գործիչներ: