«Հրապարակ». Այս ամենը սահմանազատման անվան տակ ներկայացնելը մեծ սուտ է, թող ասեն՝ կապիտուլյացիայի ենք ենթարկվել․ Արամ Օրբելյան

«Հրապարակ». Այս ամենը սահմանազատման անվան տակ ներկայացնելը մեծ սուտ է, թող ասեն՝ կապիտուլյացիայի ենք ենթարկվել․ Արամ Օրբելյան

«Կոնցեռն Դիալոգ» փաստաբանական ընկերության կառավարիչ գործընկեր, միջազգային իրավունքի մասնագետ եւ իրավագիտության թեկնածու Արամ Օրբելյանի հետ զրուցել ենք սահմանագծման եւ սահմանազատման անվան տակ Տավուշում իրականացվող գործընթացի մասին։

Պետությունների միջեւ սահմանները, ընդհանրապես, որոշվում են սահմանագծման եւ սահմանազատման՝ դելիմիտացիայի եւ դեմարկացիայի երկու առաձին գործընթացի արդյունքում։ Առաջին փուլը քարտեզների, տեղանքում նշագրումների ու տեղորոշումների հետ կապ չունի, դա սկզբունքների ու մոտեցումների համաձայնեցման փուլն է։  Երկրորդ գործընթացը մեկնարկում է, երբ այդ սկզբունքների եւ մոտեցումների մասին համաձայնություն կա։ Այդ փուլում տեղանքում վերջնական տեղորոշում է իրկանացվում, թե սահմանը կոնկրետ որ հատվածներով է անցնում։ Մասնագետն ասում է՝ այն, ինչ տեղի է ունենում այդ գործընթացների անվան տակ, հակադրվում է եւ՛ ներպետական, եւ՛ միջազգային իրավունքին։ Սա ոչ այլ ինչ է, քան Ադրբեջանի պահանջների կատարում։

«Գործընթացը, որը իշխանությունն իրականացնում է, ոչ իրավաչափ է, որովհետեւ, ըստ էության, սկզբունքների մասին որեւէ համաձայնություն չկա եւ ուշադրություն` գործ ունենք ոչ թե սահմանային խնդրի, այլ տարածքային վեճի հետ։ Ադրբեջանը հստակ հավակնություններ ունի ՀՀ տարածքների նկատմամբ եւ ՀՀ գործող իշխանությունը պատրաստ է զիջել ՀՀ տարածքները` ՀՀ Սահմանադրությամբ չնախատեսված ընթացակարգերով, բերելով միլիոն պատճառաբանություն՝ սկսած այդ տարածքների պատկանելությունը կասկածի տակ դնելուց մինչեւ այլ քաղաքական հայտարարություններ, պետություն-հայրենիք արհեստական տարանջատումներ»,-«Հրապարակ»-ին ասում է Արամ Օրբելյանը։ 

Միջազգային իրավական հստակ նորմ, որը կասի, թե ինչպես պետք է ընթանա գործընթացը, իրավաբանի խոսքով, չկա, միակ փաստաթուղթը, որը կարելի է դիտարկել, սահմանազատման եւ սահմանագծման աշխատանքների իրականացման վերաբերյալ ԵԱՀԿ ուղեցույցն է, որտեղ սկզբունքներ են արձանագրված, որոնք, սակայն, ենթադրվում են այն դեպքերի համար, երբ տարածքային վեճ գոյություն չունի, երբ կողմերը հստակ գիտեն, թե որն է միմյանց սահմանը եւ տեղի է ունենում բուն սահմանի տեղորոշում: Օրինակ, հստակեցվում է, որ սահմանն անցնում է այսինչ գետի այս մասով է, այնտեղ մի քիչ առաջ է գնում․․․։ Տարածքային վեճի դեպքում միջազգային իրավունքն այլ սկզբունքներ ունի։  
«Ադրբեջանի Հանրապետությունն այս պահին օկուպացրել է Հայաստանի Հանրապետության բազմաթիվ տարածքներ՝ Սյունիքում, Գեղարքունիքում, Վայոց Ձորում, հավակնություններ ունի: Բայց նաեւ Արցախի Հանրապետությունն է օկուպացրել, որը ՀՀ փաստաթղթերով Հայաստանի տարածք է, ուղղակի, Հայաստանը այն չի ճանաչել որպես այդպիսին, որ բանակցային գործընթացը փակուղի չմտնի։ Եթե նույնիսկ Արցախի Հանրապետության օկուպացիայի հարցն էլ չքննարկել, ՀՀ բազմաթիվ տարածքներ Ադրբեջանը օկուպացրել է եւ ասում է՝ սրանք իմն են։ Եթե մենք դիտարկենք Ադրբեջանի Հանրապետըության փաստաթղթերը, նա հավակնություններ ունի Սյունիքի, Վայոց Ձորի,  Գեղարքունիքի, Արարատի մարզի մի հատվածի նկատմամբ նույնպես, ընդ որում, այդ հավակնությունները ոչ միայն մի շարք փաստաթղթերում են արձանագրվում, այլեւ «Արեւմտյան Ադրբեջանի» մասին խոսույթում,  պետությունը ներկայացնելու իրավասություն ունեցող բարձրաստիճան անձանց հայտարարություններում, հետեւաբար սահմանազատման եւ սահմանագծման հարցերը Հայաստանի ու Ադրբեջանի միջեւ կարող են քննարկել միայն այն դեպքում, եթե մենք արձանագրենք, որ տարածքային վեճ չունենք եւ տարածքի հետ կապված սկզբունքներում ունենք համաձայնություն»,-մանրամասնում է Օրբելյանը։

Մասնագետը շեշտում է՝ իշխանության փաստարկը, թե Հայաստանի ու Ադրբեջանի սահմանները պետք է անցնեն խորհրդային սահմաններով, ընդունելի չէ, քանի որ կան հստակ իրավական փաստաթղթեր, որոնք արձանագրում են՝ սահմանները այլ սկզբունքով պետք է անցկացվեն, իսկ Ալմա Աթիի հռչակագրում, որին հղում է անում Փաշինյանը, այդ մասին խոսք չկա։ Հռչակագրի ընդունման ձեւը, ժամկետը, կարգը, վավերացման ժամանակ տեղ գտած վերապահումները, Ադրբեջանի՝ միանալը, ապա հետկանչը եւ նորից միանալը, հիմք են տալիս պնդելու, որ այն այս գործընթացի հետ որեւէ կապ չունի։ Եթե անգամ ընդունենք, որ խորհրդային սահմանները միջպետական սահման ընդունելու վերաբերյալ ՀՀ իշխանության այդ դիրքրոշումը կյանքի իրավունք ունի, միեւնույն է,  այդ հարցի  շուրջ էլ Ադրբեջանի հետ համաձայնություն չկա, հետեւաբար, միակ սկզբունքը, որով կարող ենք առաջնորդվել, միջազգային իրավունքն է։

Միջազգային դատարանները, Օրբելյանի խոսքով, առնվազն 6 ցամաքային տարածքային վեճ եւ 30-ից ավելի ծովային տարածքային վեճեր են քննել։ «Սպեցիֆիկ սկզբունք, որով պետք է տարածքները որոշվեն, չկա, բայց ՄԱԿ-ի միջազգային դատարանը կոնտինենտալ շելֆի եւ ծովային  սահմանների շրջանակներում դիրքորոշում է  հայտնել, որը հետագայում Ծովային իրավունքի ՄԱԿ-ի միջազգային կոնվենցիայի մաս է կազմել։ Դա արդարության սկզբունքն է, ինչը  նշանակում է, որ պետք է հաշվի առնվեն բոլոր կողմերի կենսական շահերը, տարածքի նշանակությունը պետության համար, որեւէ փոփոխության` սոցիալ-տնտեսական հետեւանքները, ազդեցությունը մարդու իրավունքների վրա։ Այդ տեսանկյունից որեւէ տրամաբանությամբ Երեւան-Թբիլիս միջպետական մայրուղին, Հայաստան մտնող գազատարը, կոմունիկացիոն գծերը չեն կարող այլ պետության մաս կազմել, նույնը վերաբերում է Շուռնուխին։ Կրկում եմ, եթե անգամ այլ արգումենտ չընդունենք, ամեն ինչ մի կողմ դնենք, գործընթացը պետք է իրականացվի արդարության սկզբունքի հիման վրա եւ ամենակարեւորը՝ պետք է իրականացվի խաղաղ եղանակով՝ անկախ նրանից, թե ում զորքերը որտեղ են գտնվում։ Եթե անգամ պայմանական ընդունենք, որ ՀՀ զորքերը գտնվում են Ադրբեջանի տարածքում, ինչի հետ ես համաձայն չեմ, հրադադարի պայմաններում Ադրբեջանը չունի իրավունք զորք օգտագործել եւ ՀՀ իշխանությունը չունի իրավունք խոսելու այն մասին, որ Ադրբեջանը Տավուշում ինչ-որ բան անելու հնարավորություն ունի։ Միջազգային իրավունքում ցանկացած գործողություն, որը տեղի է ունենում ուժի սպառնալիքի տակ, ոչ իրավաչափ է»։

Ինչ վերաբերում է ներպետական իրավունքին, որն ըստ մասնագետի, տվյալ իրավիճակում առավել կարեւոր է, գործ ունենք ՀՀ պաշտոնյաների կողմից իրենց սահմանադրական պարտականությունները չկատարելու փաստի հետ։ Նրանք դա չեն կատարում՝ հիմք ընդունելով թշնամի պետության սպառնալիքը։ «ՀՀ տարածքային ամբողջականության, քաղաքական անկախության եւ ինքնիշխանության երաշխավորը ՀՀ զինված ուժերն են, կառավարությունը պատասխանատվություն է կրում այդ ոլորտում քաղաքականության մշակման համար եւ պարտավորություններ ունի ՀՀ բնակչության նկատմամբ, նա չի կարող դրանք չանել ու ասել՝ պատերազմ կլինի, եթե անեմ։ Դա նույնն է, եթե ասի՝ ինչ-որ մեկին մահապատժի ենթարկենք, որովհետեւ պատերազմ կլինի, թոշակներ չվճարենք, որ պատերազմ չլինի», -արձանագրում է մասնագետը։ 

Սահմանագծման ու սահմանազատման անվան տակ իրականացվող գործընթացում Արամ Օրբելյանը մեկ այլ մեծ սուտ էլ է առանձնացնում։ Իշխանությունները խոսում են Ադրբեջանի հետ հարաբերությունների կարգավորման մասին եւ, ըստ պահի անհրաժեշտության, հղում են անում դրա վրա, ինչը ենթադրում է, այսպես կոչված, խաղաղության պայմանագրի ստորագրում։ Նորմալ պայմաններում հարաբերությունների կարգավորումը նախորդում է սահմանների ճշգրտմանը, ոչ թե ընթանում միաժամանակ, մինչդեռ ակնհայտ է, որ Հայաստանի ու Ադրբեջանի հարաբերությունները կարգավորված չեն, իսկ տարածքային վեճը լուծված չէ։ Ավելին, երկու երկրները միջազգային դատական հայցեր ունեն միմյանց նկատմամբ, որոնցով մեկը մյուսին համարում է ռասիստական պետություն։

«Չի կարող հարաբերությունների կարգավորում լինել, երբ մեր աչքի առջեւ տեղի ունեցած ռազմական հանցագործության խնդիրը քննարկման առարկա չի դառնում /Արցախում էթնիկ զտումը, խմբ․/, երբ հսկայական գույքային պահանջի խնդիր կա: Ըստ գնահատականների, միլիարդը գերազանցող գույք է մնացել Ադրբեջանի տիրապետության տակ, երբ ՀՀ քաքաղաքացիները, որոնց այս իշխանությունը չի համարում քաղաքացի, սեփականություն են կորցրել, երբ Արցախի ռազմաքաղաքական ղեկավարության պատանդառման փաստը կա։ Այս պայմաններում անունը դնել, որ մենք սահմանազատում ենք իրականացնում, մեծ սուտ է, իսկ պաշտոնատար անձանց հայտարարությունները, թե ինքնիշխանություն են փրկում, իսկական Հայաստանը պատմական Հայաստանից տարանջատում են, փարիսեցիություն է եւ մանիպուլյացիա։ Իսկական Հայաստանը ՀՀ փաստաթղթերով արձանագրված է եւ այն ոչ մի տեղ 29 800 չէ, շատ ավելի մեծ է։ Այս ամբողջ խաբկանքը սահմանազատման անվան տակ անելու իմաստն այն է, որ անունը դնեն՝ դա մերը չի էլ եղել, դրա համար էլ հանձնում ենք։  Իրենք կարող են ասել՝ մենք կապիտուլյացիայի ենք ենթարկվել, մենք հանձնվել ենք Ադրբեջանի քմահաճույքին, ինչ ուզի, դա ենք անելու, այդ ժամանակ եկեք քննարկենք, թե ով կմնա այդ հանձնարարությունները անելու համար»,-շեշտում է Օրբելյանն ու եզրափակում․ «Ուրիշ բան չասեմ, ոստիկաններ էին գնացել եւ այդ տարածքներում ոստիկանական գործողություններ էին իրականացրել: ՀՀ տարածքից դուրս դժվար թե ՀՀ ոստիկանները կարողանային որեւէ բան անել»։ 

Մարիաննա Ղահրամանյան