Փոխզիջումային քայլեր

Փոխզիջումային քայլեր

Ենոքավանցի Նիկոլի ջանքերով Արցախը թշնամուն հանձնելուց հետո ԱԽՔ, մարտունեցի (Արցախի) Արմենն ադրբեջանցի Հիմքեթի հետ Բրյուսելում լծվել էին «հայ - ադրբեջանական կարգավորման բոլոր ուղղություններով կոնկրետ գործողություններ և վճռական փոխզիջումային քայլեր նախագծելուն»: Նպատակը Գրանադայում (Իսպանիա) Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների կողմից միմյանց տարածքային ամբողջականությունն ու ինքնիշխանությունը հարգելու հանձնառությունը վերահաստատելն է: Բնականաբար, Հայաստանի ղեկավարի (ստեղնաշարի վրա մատներս դժվարությամբ հավաքեցին այդ արտահայտությունը) առումով խնդիր չի լինի: Որովհետև վերջինս բազմիցս է հայտարարել, որ ճանաչում է Ադրբեջանի ամբողջականությունը՝ նշելով նաև չափերը: 

Իսկ Իլհամն, օրինակ, մի անգամ է հիշատակել ՀՀ չափերը՝ այն էլ թերի. նշել է ընդամենը 29 հազար քառ/կմ՝ «մոռանալով» 800 քառ/կմ-ը: Ինչ մնում է Ադրբեջանի ինքնիշխանության հարցին, ապա Նիկոլի կողմից դա նույնիսկ չի էլ շոշափվում: Ինչը բնական է՝ պարտված երկրի ղեկավարն ի՞նչ սպառնալիք կարող է ստեղծել հաղթողի ինքնիշխանության առումով: Հիշենք պատերազմից մեկ-երկու օր առաջ թշնամի երկրում հեղափոխական շարժում առաջացնելու վերաբերյալ «դուխով» Նիկոլի հոխորտանքը հանրային հեռուստատեսությամբ: Ինչ մնում է Իլհամին, ապա վերջինս, ի տարբերություն վերը նշված՝ երբեմնի «դուխով» անձի, բազմիցս ոտնահարել է Հայաստանի ինքնիշխանությունը թե՛ խոսքով և թե՛ իրական գործողություններով: 

Այժմ անդրադառնամ վճռական փոխզիջումային քայլեր նախաձեռնելու հարցին: Որպես քիչ թե շատ տեղյակ և մտածող անձնավորություն՝ չեմ պատկերացնում, թե այսօրվա պայմաններում ինչ է նշանակում «փոխզիջումային» հասկացությունը: Հաշվի առնելով այն հանգամանքը, որ Արցախի առումով ինչ կարող էր՝ Նիկոլը զիջեց ու հանձնեց թշնամուն: Չնայած մինչ այդ էլ հանձնել էր, իր ենթակաների ասելով, անբնակ տարածքներ և հայաստանյան ամենակարևոր՝ հյուսիս-հարավ ճանապարհի Գորիս-Կապան հատվածը: Հա, մոռացել էի. հանձնելու բան կա դեռ. անկլավները՝ համապատասխան ճանապարհահատվածներով հանդերձ: Էլ չասած, որ թուրքերն ու ադրբեջանցիները շարունակում են պահանջել «Զանգեզուրի միջանցքը»: 

Հետաքրքիր է, իսկ ո՞րն է լինելու Ադրբեջանի փոխզիջումային քայլը: Որքան տեղյակ եմ՝ մամուլում դրա վերաբերյալ ոչինչ չկա, բացարձականապես ոչինչ: Իսկ ո՞րն է այդ դեպքում Բրյուսելում հայտարարված «փոխզիջումային քայլեր» արտահայտության իմաստը: Ինչն, ի դեպ, առկա էր նաև մեկ-երկու օր առաջ հրապարակված՝ ամերիկյան կողմի հայտարարությունում: Փաստորեն, որքան էլ տարօրինակ լինի, արևմտյան երկրների կողմից անընդհատ հիշատակվող փոխզիջումը նույնիսկ այսօր ընդամենը միակողմանի զիջման պահանջ է՝ ուղղված Հայաստանին: Եվ այն, բնականաբար, տեղի կունենա՝ եթե մենք չկարողանանք վարչապետի աթոռից հեռացնել դրան սոսնձված անձին: Այլապես, մայրաքաղաքի կենտրոնի սրճարաններում իրենց հանգիստը վայելողները մի օր էլ կբախվեն ադրբեջանական զինվորներին: Ինչպես դա տեղի ունեցավ թշնամուն հանձնված Արցախում և մեր հայրենիքի այլ տարածքներում:  

Շարունակենք: Սեպտեմբերի 27-ին Եվրոպայի խորհրդի նախարարների կոմիտեում քննարկվել է Լեռնային Ղարաբաղի դեմ Ադրբեջանի վերջին ռազմական ագրեսիայի հարցը։ Ընդգծվել է, պատկերացրեք, Ադրբեջանի կողմից ուժի կիրառման անթույլատրելիությունը: Այսինքն ուժի կիրառումից հետո Արևմուտքն ընդամենը ընդգծել է դրա անթույլատրելիությունը: Ընդգծել է առանց Ադրբեջանի նկատմամբ որևէ պատժամիջոց կիրառելու որոշման: Ընդգծել է նաև «միջազգային դերակատարների կողմից Լեռնային Ղարաբաղ մուտք գործելու անհրաժեշտությունը, Լեռնային Ղարաբաղում բնակվող հայերի անվտանգությունը և մարդու իրավունքները ապահովելու հրամայականը»։ Ի դեպ, 44-օրյա պատերազմի սկսման կապակցությամբ, բայց մեկ օր ուշացումով «տարածաշրջանում ուժի կիրառման դատապարտման, հերթական զանգվածային ոճրագործության կանխման հրամայականն» ընդգծել է նաև Նիկոլի ձևավորած ԱԳՆ-ն: Իսկ հիմա կարդանք կառավարության հերթական նիստում վարչապետի պաշտոնին սոսնձված անձի ելույթից մեկ հատված: «Վերլուծությունները ցույց են տալիս, որ ԼՂ-ում այլևս հայ չի մնա։ Սա էթնիկ զտման ու հայրենազրկման ուղղակի ակտ է...»: Այսինքն, Արևմուտքն ապահովելու է ոչ թե իրական, այլ վիրտուալ բնակիչների ինչ-որ անորոշ իրավունքներ. սեպտեմբերի 28-ի կեսօրի դրությամբ Արցախից արդեն հեռացել էր բնակչության կեսից ավելին: 

Կառավարության նույն նիստում Փաշինյան Նիկոլն կարևորել է նաև «միջազգային տարբեր խաղացողների կողմից ԼՂ-ում տեղի ունեցող էթնիկ զտումները դատապարտող հայտարարությունները»՝ միաժամանակ առաջ քաշելով կոնկրետ գործողությունների պահանջը: Գիտակցելով հանդերձ, որ ոչ մի կոնկրետ գործողություն չի հետևելու Արցախի հայաթափմանը: Իսկ եթե չի գիտակցում, ապա զարմանալի է, որ այդ անձին թվում է, թե էթնիկ զտումներից հետո պետք է հետևեն Ադրբեջանին պատժելու ինչ-ինչ գործողություններ: Կամ էլ պետք է ընդունեմ, որ դա ընդամենը ասվում է տեղական անգրագետ նիկոլապաշտների համար: Եվ եթե, ինչպես ինքն է ասում, արևմտյան հայտարարություններն ընդամենը պատմության առջև անմեղ դուրս գալու համար են արվում, ապա ճիշտ նույն բանն անում է նաև ինքը: Որպեսզի ապագայում (եթե այսքան արհավիրքներից հետո ունենա այդ ապագան) ինքն, ինչպես միշտ, արդարանա, թե զգուշացրել է, դատապարտել է...

Իսկ խնդիրը դատապարտելու մեջ չէ: Բանավոր ասված խոսքն ընդամենը օդի տատանում է, իսկ գրավորը մնալու է գրադարանների և այլ կառույցների դարակներում՝ հետագայում հետաքրքելով զուտ պատմաբաններին: Եվ դրանից ո՛չ Արցախը կվերադառնա իր նախկին կարգավիճակին և ո՛չ էլ արցախցիները իրենց ծննդավայրերը: Խնդիրը, նախ, Նիկոլին վարչապետի աթոռից պոկելու մեջ է: Այնուհետև, խելքներս գլուխներս հավաքելը և նորմալ պետություն ու հասարակություն ձևավորելը՝ փոքր Իսրայելը մեզ օրինակ: Որպեսզի հետագայում վերականգնենք թե՛ մեր տարածքները և թե՛ դրա շնոհիվ՝ մեր արժանապատվությունը: