Քաղաքական գրազ՝ Արմեն Սարգսյանը կստորագրի՞ օրենքը, թե ոչ

Քաղաքական գրազ՝ Արմեն Սարգսյանը կստորագրի՞ օրենքը, թե ոչ

Հայաստանի ժուռնալիստների միությունը ՀՀ նախագահին կոչ է արել՝ օգտվել օրենքը չստորագրելու իր սահմանադրական իրավունքից։ Այն է՝ չստորագրել մարտի 24-ին Ազգային ժողովի կողմից երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունված «ՀՀ քաղաքացիական օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագիծը, որով նախատեսվում է վիրավորանքի համար՝ նախկինում գործող 1 միլիոն դրամի փոխարեն մինչև 3 միլիոն դրամ տուգանք, իսկ զրպարտության պարագայում՝ 2 միլիոնի փոխարեն մինչև 6 միլիոն դրամ տուգանք։

Նկատի ունենալով Արմեն Սարգսյանի պահվածքը Օնիկ Գասպարյանի հետ կապված իրավիճակում, երբ նա պատգամավոր Նաիրա Զոհրաբյանի ձևակերպմամբ՝ փորձում է դառնալ հայ քաղաքական դաշտի Անորսալի Ջոն՝ որ եւ կա, եւ չկա, որ ասում է ու չի ասում, որ անում է ու չի անում, մի շարք քաղաքական գործիչների ու փորձագետների հարցրեցինք՝ կստորագրի՞ Արմեն Սարգսյանը, թե ոչ։

Նաիրա Զոհրաբյան. «Եթե Արմեն Սարգսյանը ՀՀ օրենսդրության մեջ գտնի մի խուճուճ ձևակերպում, որը նրան հնարավորություն կտա այս հարցը քարկտիկի նման գլորել ինչ-որ մեկի վրա, ապա նա կօգտվի այդ հնարավորությունից։ Եթե ոչ, ապա անպայման կստորագրի, որովհետև Արմեն Սարգսյանը, ի վերջո ստորագրում է բոլոր այն բարաթները, որոնք իրեն դեմ է տալիս Նիկոլ Փաշինյանը»։

ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանն էլ ասաց․ «Զվարճալի կլիներ էդ գրազը, եթե ամեն ինչ այդքան ողբերգական չլիներ, այդ թվում նաև՝ Արմեն Սարգսյանի հանցավոր անգործության պատճառով»։ Այնուամենայնիվ, կստորագրի՞, թե ոչ, ի՞նչ է հուշում Աշոտյանին իր քաղաքական հոտառությունը։ Նա ասաց. «Ինձ թվում է՝ Հայաստանի ցանկացած գեղատեսիլ վայրում որևէ ծառի վրա որևէ թաշկինակ կապելն ու մուրազ պահելն ավելի մեծ քաղաքական նշանակություն ունի, քան Արմեն Սարգսյանի սահմանադրական լիազորությունների շրջանակի վրա հույս դնելը»։

Աղասի Ենոքյան․ «Կարծում եմ՝ չի ստորագրի, տարբերակներ կգտնի ձգձգելու, իր վրայից գցելու պատասխանատվությունը»։

Քաղտեխնոլոգ Կարեն Քոչարյանն էլ ասաց, որ 99 տոկոսով վստահ է, որ Արմեն Սարգսյանը չի ստորագրի, բայց ինչ-որ ձև կգտնվի, որ այն ընդունվի՝ իրավունքի ուժով։