Տապալված նախագծի հետքերով

Տապալված նախագծի հետքերով

Երեկ ԱԺ-ում ապատիկ վիճակ էր՝ Փարիզից նոր վերադարձած Նիկոլ Փաշինյանն ԱԺ դահլիճում իր մոտ կանչեց Հակոբ Սիմիդյանին՝ հասկանալու, թե ինչ է կատարվում ի վերջո «Իմ քայլը» ֆրակցիայում: Իսկ պետաիրավական հարցերի հանձնաժողովի նախագահի սենյակում լիկբեզի էին արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը, Վլադիմիր Վարդանյանը եւ Արարատ Միրզոյանին ԱԱԽ նիստերին մասնակցության թույլտվության օրինագծի հեղինակ Աննա Կարապետյանը։ Որոշում էին` ինչ պետք է անեն հետագայում, կրկի՞ն հանդես գան նույն նախագծով, թե՞ ոչ:

Մենք հարցրինք Հակոբ Սիմիդյանին՝ բոլոր դեպքերում, ինչո՞ւ գործուղման մեջ գտնվող ձեր պատգամավորները, ինչպես «նախկինների դեպքում» էր, իրենց ձայները «չէին թողել» ու մեկնել գործուղման, որ ԱԺ մեծամասնությունը նման ֆիասկո չգրանցեր: Հիշեցնենք․ մոտ մեկուկես տասնյակ իմքայլականներ այս օրերին հայաստանյան սուղ բյուջեի հաշվին «վոյաժների» են, ընդ որում՝ նրանց մի մասն ԱՄՆ է մեկնել՝ ֆրակցիայի ղեկավար Լիլիթ Մակունցի գլխավորությամբ: «Պետք է պատգամավորներից հարցնել` ինչու չեն թողել, չնայած կան որոշները, որ թողել են։ Խնդրում եմ ճշտել անպայման իրենցից` ինչու չեն թողել»,- հորդորեց Սիմիդյանը: Քվեարկությանը չմասնակցած (ուշացած) Վաղարշակ Հակոբյանից փորձեցինք ճշտեցել` ինչո՞ւ էր ուշացել։ «Խցանման մեջ էի հայտնվել»:

Իսկ բացատրություն գրե՞լ եք, բոլորից բացատրություններ են պահանջում։ «Դուք որտեղի՞ց գիտեք, որ նման բան կա»: Ձեր թիմակիցները տեղեկացրին։ Ի՞նչ բացատրություն եք գրել՝ պետությունը բժշկին ցածր է վճարում, ուսուցչին ցածր է վճարում, ձեզ շատ բարձր աշխատավարձ է տալիս, իսկ դուք, ահա` ուշանում եք աշխատանքից: «Այսօր այդպես ստացվեց. խցանման մեջ հայտնվեցի։ Ի դեպ, ինձնից ոչ ոք բացատրագիր չի պահանջել»: