Հիմա ո՞ւմ հողն եք ուզում խլել, ո՞ւմ երեխու հացն եք ուզում տանեք ուտեք. Քննարկումը տապալվեց

Հիմա ո՞ւմ հողն եք ուզում խլել, ո՞ւմ երեխու հացն եք ուզում տանեք ուտեք. Քննարկումը տապալվեց

«Սևան» ազգային պարկի Լճաշեն-Սևանի թերակղզի հատվածի գոտևորման նախագծի և քաղաքաշինական կանոնադրության» շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման հայտի և դրա փորձաքննական գործընթացի վերաբերյալ հանրային քննարկումը կրկին տապալվեց սեւանցիների կողմից: Սեւանցիները անգամ չլսեցին ո՛չ շրջակա միջավայրի նախարարության փորձագետին, ո՛չ  էլ քաղաքաշինության կոմիտեի վարչության պետին: Համառորեն պնդեցին, որ դեմ են նախագծին եւ չեն ուզում որեւէ քննարկում անել այն մարդկանց հետ, ովքեր չունեն իրենց հուզող հարցերի պատասխանները.

«Կա՞ որեւէ մեկը ղեկավարությունից, որ մեր հարցերին կպատասխանի, եթե չկա, եկել ենք՝ մեզ ներկայացնում եք մի նախագիծ, որը մենք ձեզանից շատ լավ գիտենք: Եթե դուք եկել եք մեզ ծրագիր ներկայացնեք, դա գիտենք, մարդկանց հողերը վերցնում եք, ճեմուղի եք կառուցում, դա անցանք՝ դա չի լինի: Եթե կա այլ զարգացման ծրագիր, որը կվերաբերվի Սեւանին, բոլորս պատրաստ ենք լսելու: Մենք ենք այստեղ ապրում, եւ առաջին հերթին մեզ է հետաքրքիր մեր քաղաքի զարգացումը: Հիմա ո՞ւմ հողն եք ուզում խլել, ո՞ւմ երեխու հացն եք ուզում տանեք ուտեք: Սիրուն դեմքով եկել,  նստել եք, սիրուն բառերով ուզում եք մարդկանց խաբեք: Ուզո՞ւմ եք ճեմուղի սարքեք, Սեւանի համար լավ բան անենք, մենք միշտ նշել ենք, որ կան այս, այս խնդիրները, կարո՞ղ եք լուծել: Թող կառավարությունից մարդ  գա, ասի մենք ձեր խնդիրները կլուծենք, դուք էլ՝ եկեք զարգացնենք, սարքենք Սեւանը: Էսօր Արարատյան դաշտում մարդկանց գյուղվարկ են տալիս զրո տոկոսով, մենք չենք կարա ծիրան ու խաղող աճեցնել, մեր գործը սա է, ուզում եք ծրագիրը կայանա, եկեք մեզ ասեք. տարածքդ այսքանն է, այս տարածքի վրա այս այսպիսի բան պիտի սարքվի:

Մենք քեզ տալիս ենք վարկ, ոնց որ գյուղացուն ենք տալիս, դու էլ սարքի այս չափանիշներով: Բայց դուք այդ ամենը անցնում եք, ու ասում եք, որ ստեղ պետք ա էսի լինի» ,- միմյանց հերթ չտալով, իրենց բողոքը հայտնեցին սեւանցիները: 

«Քննարկում տեղ չունեցավ, ամեն անգամ նույն մարդն ա գալիս, իրեն էլ խաբել են, տվել են նախագիծ գծել, հիմա դրա փողը չեն տալիս, ասում են. նախագիծը կհաստատվի՝ կտանք: Էդ մարդն ա բզբզում, որ նախագիծը առաջ տանի: Մենք տարիներով աշխատել ենք, ստեղծել ենք, տարի ա եղել եկամուտ չենք ունեցել, բայց հարկը վճարել ենք, հիմա ասում են պետք է քանդվի, որ ճեմուղի սարքեն: Թող գան կառավարությունից ու մարդկանց պատասխանը տան: Արդեն 4 տարի է այս նույն մարդիկ են գալիս- գնում: Հնարավորություն տվեք մեզ այդ նախագիծը մենք իրականացնենք: Վարկի տակ կմտնենք, գոնե կիմանանք մենք ենք սարքում, ոչ թե մեր ձեռքից վերցնեն, ասեն, որ ճեմուղի ենք սարքում, մեզ էլ ասեն, գնա սովամահ եղի»,-  ասում է Դավիթ Ասատրյանը, ով «Ընտանեկան» լողափի տնօրենն է:

Ճեմուղու նախագծի գումարը կազմում է 43 մլն. դրամ: Ըստ նախագծի հեղինակ Ռազմիկ Բաբայանի՝ նախագծի համաձայն պետք է կառուցվի 5կմ ավտոճանապարհ, 10 կմ ճեմուղի, եւ կատարվի Սեւանավանքի աստիճանների ճանապարհի վերանորոգում: Այդ ծրագիրը կարժենա մոտ 20մլն. դոլլար: Բացի այդ, նախագծով նախատեսված է հյուրանոցների եւ  ավտոկայատեղերի կառուցում:  Իսկ թե ո՞վքեր կկառուցեն հյուրանոցները, Ռազմիկ Բաբայանը դժվարացավ պատասխանել:

«Փորձաքննությանն է ներկայացվել նախագիծը, մեկ անգամ հանրային քննարկումների նախնական փուլում իրականացվել է: Հայտը ուղարկվել է վերամշակման, հիմա այդ հայտը նորից դրվել է հանրային քննարկման, մնացածը թող ներկայացնի քաղաքաշինության կոմիտեի ներկայացուցիչը»,- մեզ հետ զրույցում ասաց շրջակա միջավայրի նախարարության փորձագիտական կենտրոնի փորձագետ Արմինե Վարդանյանը եւ հեռացավ: 

Քաղաքաշինության կոմիտեի ճարտարապետության և քաղաքաշինության վարչության պետ Հովիկ Դավթյանն էլ ավելացրեց. «Լճաշեն-Սևանի թերակղզի հատվածի գոտևորման  հատվածների զարգացման համար շատ լավ ծրագիր է, սակայն այս լսումների պատճառով տեղի չի ունենոմ: Քաղաքաշինության կոմիտեն նախագիծը ընդունում է՝  շրջակա միջավայրի նախարարության հայտի դրական եզրակացության վրա, եթե հայտը լինի բացասական, ապա  նախագիծը չի հաստատվում»: Հարցին՝ հնարավո՞ր է նախարարությունը Ձեզ ուղարկի  դրական եզրակացություն, այն դեպքում, երբ տնտեսվարողները դեմ են արտահայտվել նախագծին. «Իմ կարծիքով՝ ոչ»:

Կարճ տևած հանրային քննարկումն ավարտվեց տնտեսվարողների միահամուռ դժգոհություններով և պահանջով, որ նախագիծը պետք է նաեւ իրենց շահերից բխի:

Հիշեցնենք, որ կառավարությունը բազմիցս հայտարարել է, որ ապամոնտաժվելու են Սևանա լճի ափամերձ՝ ծովի մակարդակից 1905 բացարձակ նիշից ցածր գտնվող շինությունները, իսկ Լճաշեն գյուղից մինչև Սևանի թերակղզի ընկած 10 կմ հատվածում ճեմուղի է կառուցվելու։

Մանրամասն՝ տեսանյութում: