Պարոն Գյուրջինյան, գուցե դու որպես գործի՞ք ես ծառայում

Պարոն Գյուրջինյան, գուցե դու որպես գործի՞ք ես ծառայում

Երեկվանից Բրյուսովի անվան լեզվահասարակագիտական համալսարանում լարված իրավիճակ է: Ուսանողներն ու պրոֆեսորադասախոսական անձնակազմը պնդում են, որ Դավիթ Գյուրջինյանն անօրինական կարգով նշանակվել է ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատար, մինչդեռ բուհը պետք է ղեկավարեր ընտրված ռեկտոր Կարինե Հարությունյանը, ով երկար տարիներ զբաղեցնում է Բրյուսովի համալսարանի ռեկտորի պաշտոնը եւ վերջերս էլ վերընտրվել է:

Նշենք, որ համալսարանականները բողոքի ակցիա են իրականացրել, նրանք դեմ են Գյուրջինյանի նշանակմանը։ Մինչ այդ Գյուրջինյանը որպես իշխանության թեկնածու մասնակցել էր բուհի ռեկտորի ընտրությանը, սակայն պարտվել էր Կարինե Հարությունյանին, սակայն օրվա իշխանությունները երկու ոտքը մի կոշիկի մեջ դրած, փորձում են իրենց «սրտի» թեկնածուին ռեկտոր կարգել, այն դեպքում, երբ ողջ բուհը` դասախոսական կազմն ու ուսանողները դեմ են նրա պաշտոնավարմանը: Մեզ հետաքրքրեց, թե ինչ են մտածում այս մասին այլ բուհերի ղեկավարները, դասախոսները։

Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի ռեկտորի պարտականություննեը կատարող Լիլիթ Արզումանյանը «Հրապարակի» հետ զրույցում նշեց, որ կրթական համակարգում տեղի ունեցող պրոցեսներն իր համար անհասկանալի ու տարակուսելի են. «Անկեղծ ասած չգիտեմ էլ թե ինչ ասեմ, պետք է նորմալ ընտրություններ տեղի ունենան: Եղել է ընտրություն, ընտրվել է Կարինե Հարությունյանը: Հիմա ի՞նչն է խնդիրը, ինչո՞ւ է Գյուրջինյանը ԺՊ նշանակվել, ես, անկեղծ ասած, չեմ հասկանում: Անհասկանալի է ամեն ինչ և ինձ համար` անընդունելի»- նշում է Արզումանյանը:

Նա ասում է, որ պատկերացում անգամ չունի, թե կրթական ոլորտի բազում խնդիրներն ու բացերը թողած՝ ինչու են իշխանությունները սևեռվել Բրյուսովի համալսարանի վրա: «2018 թվականին, երբ պարոն վարչապետը ելույթ էր ունենում, բարձրաձայն բղավում էր, որ բոլոր բուհերում ռեկտորների ընտրությունը պետք է անեն դասախոսներն ու ուսանողները: Հիմա ի՞նչ է փոխվել: Ես ակնկալում էի, որ հարցը կստանա լուծում: Թե ինչու ամեն ինչ հակառակ ուղղությամբ գնաց, ես այդ հարցի պատասխանը չունեմ: Մենք` ռեկտորներս ու դասախոսները նույնքան անորոշության մեջ ենք, որքան այս խնդրով մտահոգ քաղաքացիները»- ասում է Լիլիթ Արզումանյանը: Նրա խոսքով` մնացյալ բուհերը ևս ապահովագրված չեն նմանօրինակ իրավիճակներից:

ԵՊՀ դասախոս, լեզվաբան Նարինե Դիլբարյանն էլ մեզ հետ զրույցում ասում է, որ իրեն հատկապես ապշեցրել է լեզվաբան Դավիթ Գյուրջինյանի պահվածքը. «Ես ապշած եմ Դավիթ Գյուրջինյանի վրա, հանուն ինչի՞, զարմացած եմ պարզապես, որ նա այս իրավիճակում համաձայնել է առանց որևէ մեկի հետ խորհրդակցելու ընդունել այդ պաշտոնի առաջարկը: Պարոն Գյուրջինյան, եթե դու պատրաստվում ես ղեկավարել մի հիմնարկ, ապա նախ պետք է գնաս ու հանդիպես տվյալ հիմնարկի աշխատակիցներին, այս պարագայում` դասախոսներին և ուսանողներին, հասկանաս թե ինչ է կատարվում:

Պարոն Գյուրջինյան, գուցե Դուք որպես գործի՞ք եք ծառայում անձնական խնդրի լուծման համար, ամեն ինչ մի կենտրոնին ենթարկեցնելու նկրտումով և ինքդ էլ դա չես հասկանում: Ես Գյուրջինյանին ճանաչել եմ որպես բանիմաց ու արհեստավարժ լեզվաբան: Կարծում եմ, որ նրա որոշումը սխալ է, որը կհաղթահարվի և նա թույլ չի տա հանրային խոսքը ոտնահարվի»- նշում է Դիլբարյանը: Նրա խոսքով` օրվա իշխանությունները ժողովրդավարությունը կարգել են իրենց կարգախոս, սակայն այն ինչ անում են, դեմ է ժողովրդավարությանը.

«Նրանք պետք է հանրային կարծիքի հետ հաշվի նստեն, պետք չէ արհամարհել ուսանողի ու դասախոսի կարծիքը: Այսօրվա իշխանությունը փաստացի զբաղված է փակ դռների հետևում իր սեփական որոշումները կայացնելով: Ես ականջալուր եղա Բրյուսովի համալսարանի դասախոսների խոսքին և զարմանքից տեղս չեմ գտնում», - խոսքը եզրափակեց Նարինե Դիլբարյանը: