Հայ և օտարազգի հայտնիներ, ովքեր հետացան 2018-ին

Հայ և օտարազգի հայտնիներ, ովքեր հետացան 2018-ին

Յուրաքանչյուր տարեվերջի մամուլն անդրադառնում է մի տխուր թեմայի, թե անվանի մտավորականներից, գիտնականներից դերասաններից, երաժիշտներից, մարզիկներից՝ հայտնիներից ովքեր հեռացան կյանքից։ Եվ 2018 թվականին հայության և հայ ժողովրդի համար այս առումով ամենածանր կորուստներից մեկը գրանցվեց, երբ 2018 թ․ հոկտեմբերի 1-ին՝ կյանքի 94-րդ տարում մահացավ աշխարհահռչակ ֆրանսահայ շանսոնյե Շառլ Ազնավուրը:

Բոթը, որ միջազգային լինելով, առաջին իսկ րոպեներին հայտնվեց Reuters-ի, France-Presse-ի, Le Mond-ի և այլ լրատվամիջոցների առաջին էջերին, իսկական ողբերգություն էր ողջ հայության համար․ 3 օր շարունակ Երևանում Շառլ Ազնավուրի հրապարակում, նրա երևանյան կեցավայրում, Վանաձորում, Գյումրիում ու հանրապետության այլ քաղաքներում ուղղակի սգում էին, և մոմեր վառող ու ծաղիկներ բերող բոլոր տարիքի ու սեռի մարդկանց աչքերում երևում էին իսկական ու անկեղծ արցունքներ։

Շատերը շանսոնյեի մահվանն արձագանքեցին՝ «որբացանք» գրառումներով, և այդ մեն մի հատիկ բառով ամեն ինչ ասված է։ Հայ մշակութային կյանքում եղան այլ ցավալի կորուստներ ևս․նոյեմբերի 20-ի առավոտյան առավոտյան Երեւանում մահացավ Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնի բալետի արտիստ, 23-ամյա տաղանդավոր արտիստ Վահագն Մարգարյանը՝ այդպես էլ գիտակցության չգալով վթարի հետևանքով ստացած գանգուղեղային վնասվածներից։

Անցող տարվա նոյեմբերի 2-ին կյանքից հեռացավ աշխարհահռչակ հայ ծանրորդ, օլիմպիական խաղերի, աշխարհի և Եվրոպայի չեմպիոն Յուրի Վարդանյանը, որը կենդանության օրոք համարվում էր հայկական սպորտի լեգենդ։ Յուրի Վարդանյանը 1977-1979, 1980-1981, 1983, 1985 թվականներին դարձել է աշխարհի չեմպիոն և գավաթակիր։ 1980 թվականին օլիմպիական չեմպիոն։ 1977-1978, 1980-1981, 1983 թվականներին Եվրոպայի չեմպիոն և գավաթակիր։ 1977, 1979, 1981 թվականներին ԽՍՀՄ չեմպիոն և 1976 թվականին գավաթակիր։

Նոյեմբերի 10-ին էլ հայ երաժշտարվեստը մի ցավալի կորուստ կրեց, երբ կյանքից հեռացավ ճանաչված թավջութակահար, դաշնակահար, երգեհոնահար, դիրիժոր և մանկավարժ Լևոն Աբրահամյանը։ Նա հանդես էր եկել Հայաստանի պետական կամերային նվագախմբի հետ՝ որպես դաշնակահար և երգեհոնահար, եղել է անվանի երգիչներ Գոհար Գասպարյանի, Լուսինե Զաքարյանի կոնցերտմայստերը, բեմ է բարձրացել թավջութակահարներ Գերոնտի Թալալյանի, Մեդեա Աբրահամյանի և ջութակահար Ժան Տեր-Մերկերյանի հետ, 1970-ականների կեսին դիրիժորական գործունեություն է սկսել Երևանի օպերային, կոմեդիայի թատրոններում, ֆիլհարմոնիկ նվագախմբում: Մոտ 35 տարի հանդիսացել է Մայր աթոռ սուրբ Էջմիածնի երգեհոնահարը:

Դեկտեմբերի 20-ին էլ կյանքից հեռացավ ՀԽՍՀ մշակույթի վաստակավոր գործիչ, ՀԽՍՀ մշակույթի վերջին նախարար Յուրի Մելիք-Օհանջանյանը։ 2018-ին կյանքից հեռացան նաև ռուսական թատրոնի և կինոյի, երգարվեստի այնպիսի լեգենդներ, ինչպիսիք են Նիկոլայ Կարաչենցովը, Օլեգ Տաբակովը,Լյուդմիլա Սենչինան, Միխայիլ Դերժավինը, Իոսիֆ Կոբզոնը, ռեժիսորներ Կիրա Մուրատովան և Ստանիսլավ Գովորուխինը։

2018-ին մահացած անվանիների ցանկում են նաև՝ «սոուլի թագուհի соула» Արետա Ֆրանկլինը, ՄԱԿ-ի նախկին գլխավոր քարտուղար Քոֆի Անանը, ամերիկացի հանրահայտ սենատորն Ջոն Մըքքեյնը, միլիոնավոր հետևորդներ ունեցող ամերիկյան հանրահայտ Եվանգելիստ Բիլլի Գրեմը, 76 տարեկանում կյանքից հեռացած բրիտանացի հանրահայտ ֆիզիկոս տեսաբան Սթիվեն Հոկինգը, համաշխարհային հռչակ ունեցող դիջեյ Ավիչին։ Անուշ Դաշտենց