Քաղաքական պիես. փորձ

Քաղաքական պիես. փորձ

Բեմ: Պուտին, Փաշինյան, մի երկու այլ պաշտոնյա` սևահեր և շեկ:

-Պարոն Փաշինյան, եկել եք, մի քանի օր մնացեք, Նոր տարին միասին կդիմավորենք, «Կրիստալի» լավ օղի ունեմ…

-Վայ, շատ շնորհակալ եմ, Վլադիմիր Վլադիմիրովիչ ջան, բայց պետք է գնամ, Էս տարի մեր տուն ահագին մարդ է գալու: Իջևանից խոզի բուդ են ուղարկել… Ես միշտ իմ ձեռքով եմ սարքում բուդը: Աննային էլ պետք է օգնեմ` «ուբոռկա» անենք: Համ էլ գնամ` Ամանորի ուղերձս գրեմ, մեր հպարտ քաղաքացիները սպասում են:

-Իմ պարտքն էր առաջարկելը…

-Մի ուրիշ անգամ, Վլադիմիր Վլադիմիրովիչ ջան: Էս տարի որ այցելեք Հայաստան, տանելու եմ Ձեզ Իջևանում մի պատիվ տամ, մի պատիվ, որ չմոռանաք:

-Կգամ, անպայման կգամ:

Ձեռքսեղմում:

Վերջ մոսկովյան այցի վերջին արարի:

Հաջորդ գործողությունը «Ֆեյսբուքում»:

Իրադրություն: ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը Ռուսաստանի Դաշնությունից վերադարձել է Հայաստան և ֆեյսբուքյան իր էջից ուղիղ հեռարձակման միջոցով ընկել  ՀՀ հպարտ քաղաքացիների ջանին:

«Հիմնականում խոսակցությունը վերաբերում էր մեր (Հայաստանի և Ռուսաստանի) հարաբերությունների հետագա զարգացման ռազմավարությանը։ Հիմնականում հենց այդ ռազմավարության շուրջ եղան մեր քննարկումները և կարող եմ արձանագրել, որ այդտեղ մենք ունենք լիակատար ըմբռնում, թե ռազմավարական ինչպիսի ուղղություն պետք է ունենա մեր երկու երկրների հարաբերությունների զարգացումը: Ընդհանուր առմամբ այս քննարկումը մինչ այժմ եղած քննարկումների ամփոփումն էր: Ամփոփեցինք այդ ութ ամիսները և քննարկեցինք, թե ինչ ուղղությամբ պետք է ընթանա երկու երկրների իշխանության մարմինների համագործակցությունը։ Պետք է ասեմ, որ հանդիպման մթնոլորտը դրական էր»:

Հանդիսատեսն այդ «դրական» բառի վրա մի օֆ է անում, վերջին շարքերից ծույլ ծափեր են լսվում: Ապա տիրում է անհարմար լռություն: Դահլիճը սպասումի մեջ է:

Փաշինյանը նորից խախտում է լռությունը.

«Օրակարգը շատ հագեցած էր: Չենք հասցրել օրակարգի բոլոր հարցերը քննարկել, ինչպես միշտ լինում է։ Ասեմ, որ Արցախի հարցի մասին որևէ քննարկում չի եղել, ՀԱՊԿ ստեղծված իրավիճակի վերաբերյալ եղել է կարճ քննարկում և մեր դիրքորոշումն այն է, որ այստեղ մեզ անհրաժեշտ են ինստիտուցիոնալ լուծումներ, որպեսզի ՀԱՊԿ կանոնադրության մեջ տեղի ունենան այնպիսի ուղղումներ, որոնք այս իրավիճակին չհանգեցնեն։ Իհարկե արձանագրվեց, որ երկկողմ հարաբերությունների համար ՀԱՊԿ-ը չափազանց զգայուն թեմա է երկու երկրի համար։ Ընդհանուր առմամբ ես լավատեսությամբ եմ տրամադրված և հույս ունեմ, որ այստեղ նույնպես մեզ համար ցանկալի զարգացումներ կլինեն կամ առնվազն անցանկալի զարգացումներ չեն լինի: Գազի թեմայի հետ կապված որոշում չկա և գազի վերաբերյալ քննարկումները կշարունակվեն աշխատանքային կարգով:

Անհամբեր հանդիսատես.

-Պարոն Փաշինյան, եթե նախագահ Պուտինի հետ Արցախի, ՀԱՊԿ-ի և գազի հարցեր չէիք քննարկելու, ինչի՞ համար էր Ձեր այցի նախօրյակին հայաստանի մամուլում բարձրացված աղմուկը:

Փաշինյան.

-Ճիշտն ասած` ես էլ չգիտեմ, թե ինչու էին ԶԼՄ-ներն իրար անցել: Մանավանդ, որ մենք Պուտինի հետ շատ հաճախ ենք հանդիպում, այնքան հաճախ, որ ես նույնիսկ անհարմար զգացի և այդ մասին մի կատակ արեցի Մոսկվայում: Հիմա այն կկրկնեմ նաև ձեզ համար: 
Ես Վլադիմիր Վլադիմիրովիչ Պուտինին ասացի` ստացվել է այնպես,որ ՌԴ նախագահի հետ իմ հանդիպումները բավականին հաճախ են տեղի ունենում և դա խոսում է մեր հարաբերությունների առանձնահատկությունների մասին։

Անհամբեր հանդիսատես.

-Իսկ նա՞…

Փաշինյան.

-Նա ժպտաց, և ես հասկացա, որ մենք այդ հարցում ունենք լիակատար ըմբռնում:
Դահլիճ.

-Օ՛ֆ…

Փաշինյան.

-Չմոռանամ ասել, որ, առիթից օգտվելով, Վլադիմիր Վլադիմիրովիչը շնորհավորեց ինձ ԱԺ ընտրություններում հաղթելու համար և իմ կառավարությանը ցանկացավ հաջողություններ: 

Դահլիճ.

-Օֆ, օ՛ֆ…

Վարագույր:

Ձայն: Հանդիսատեսին բեմի խորքից խնդրում է մնալ տեղերում և ապա.

- Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը շնորհավորական ուղերձ է հղել Ռոբերտ Քոչարյանին՝ Նոր տարվա և Սուրբ ծննդյան տոների կապակցությամբ։ 

Ջերմորեն շնորհավորելով պաշտոնաթող նախագահին՝ Պուտինը Քոչարյանին քաջառողջություն, ոգու ամրություն և տոկունություն է մաղթել:

Դահլիճ.

-Օֆ, օ՛ֆ…

Ձայն.

-Բոլորդ ազատ եք, կարող եք գնալ տներով: