Քաղաքական սպանություններն Ադրբեջանում՝ Ալիեւների օրոք. Մաս 3-րդ

Քաղաքական սպանություններն Ադրբեջանում՝ Ալիեւների օրոք. Մաս 3-րդ

1997 թվականին տեղի է ունենում Ադրբեջանի պատմության մեջ թերեւս ամենից աղմկահարույց սպանությունը։ Իր տնից դուրս գալու ժամանակ գնդակահարվում է ԽՍՀՄ հերոս, արեւելագետ, ակադեմիկոս Զիա Բունիաթովը։ Ըստ ադրբեջանական աղբյուրների՝ այս սպանությունը շոկային ազդեցություն է ունենում ադրբեջանական հասարակության համար։ Մեղավոր է ճանաչվում յոթ անձ, որոնք կապված են եղել, ըստ պաշտոնական վարկածի, «Հզբոլլահ» եւ «Ջեյշուլլա» ծայրահեղական կազմակերպությունների հետ։

Սպանությունն իրականացրել է Ղալիբ Բաբաեւը, ով սպանվել է ադրբեջանա-իրանական սահմանին։ Պաշտոնական վարկածի համաձայն՝ Բունիաթովն իր աշխատություններից մեկում անհարգալից է եղել իսլամական կրոնի եւ Մուհամեդ մարգարեի հանդեպ, որի պատճառով էլ իսլամիստ ծայրահեղականները որոշել են նրան ոչնչացնել։ Սակայն ադրբեջանական հասարակության մեջ տարբեր վարկածներ շրջանառվեցին։ Ըստ դրանցից մեկի՝ Բունիաթովի սպանությունը կապ է ունեցել Մուրթուզ Ալեքսերովի՝ ադրբեջանական պառլամենտի նախագահ նշանակվելու հետ։ Այս վարկածի համաձայն՝ Բունիաթովն ունեցել է փաստաթղթեր, որոնք կարող էին վարկաբեկել ադրբեջանական այն ժամանակվա իշխանական ողջ համակարգը՝ ընդհուպ մինչեւ Հեյդար Ալիեւին։ Մեկ այլ վարկածով՝ սպանության մեջ մեղադրված յոթ ձերբակալվածներն իրականում անմեղ են, եւ սպանությունն իրականացվել է ՆԳ նախարարության, այդ թվում՝ նաեւ Հաջի Մամեդովի ձեռնասունների կողմից։

Ադրբեջանում հաջորդ տարօրինակ եւ, ըստ ամենայնի, քաղաքական սպանությունը տեղի է ունեցել 99 թվականին։ Հունվարի 14-ին Բաքվի իրենց տանը սպանվել են ադրբեջանցի պայծառատես Էթիբար Էրկինը կամ Մամեդալիեւը եւ նրա երկու որդիները։ Ենթադրվում է, որ այս սպանությունը կապված է եղել նրա պայծառատեսական եւ պարա-հոգեբանության ոլորտում ծավալած գործունեության հետ։ Ադրբեջանում հայտնի քրեագետ Ռովշան Ալիեւը մոտ է եղել այս սպանության բացահայտմանը, սակայն նա եւս սպանվել է, եւ այդ ժամանակներից սկսած՝ այս թեմայով խոսելն Ադրբեջանում համարվում է չափազանց վտանգավոր։ Համաձայն պաշտոնական վարկածի՝ պայծառատես Էրկինը, ինչպեսեւ ակադեմիկոս Բունիաթովը, սպանվել է «Ջեյշուլլա» ծայրահեղական կրոնական խմբավորման կողմից։ Կա տեսակետ, որ այս կազմակերպության անդամներից մեկն իբրեւ թե պայծառատեսին խոստովանել է իր «սատանայական մտքերի եւ սատանայական գործունեության մասին»։ Վերջինս այժմ ցմահ բանտարկված է եւ ներման մի քանի խնդրագրեր է ուղարկել, բայց… ապարդյուն։ Ավելի ուշ հայտնվեց մեկ այլ վարկած, ըստ որի՝ պայծառատես Էրկինի սպանության հետ կապ է ունեցել Հաջի Մամեդովը։ Այս վարկածին կողմնակից է եղել նախկին ոստիկանության սպա Սալման Ալիեւը, ով ժամանակին եղել է Բունիաթովի սպանության քննչական խմբում։ Այս սպանությունն էլ ցայսօր համարվում է մինչեւ վերջ չբացահայտված։

2000 թվականին Ադրբեջանում սպանվում է ՆԳ նախարարության թմրանյութերի դեմ պայքարի վարչության ղեկավար Ազեր Իսմայիլովը։ Նա հունիսի 21-ին անհետանում է, երբ իր ավտոմեքենայով գնալիս է լինում սուպերմարկետ։ Միայն տարիներ անց, արդեն հայտնի Հաջի Մամեդովի հանցախմբի լիկվիդացիայի ժամանակ Մամեդովը խոստովանում է, որ ինքն է սպանել Իսմայիլովին՝ անձնական դրդապատճառներով՝ վրիժառությունից դրդված։ 2002-ին սպանվում է Ռովշան Ալիեւը, ով այդ ժամանակ գլխավոր դատախազի տեղակալն էր եւ ղեկավարում էր հատկապես ծանր հանցագործությունների քննությամբ զբաղվող վարչությունը։ Սա այն նույն մարդն է, ով համարյա թե բացահայտել էր պայծառատես Էրկինի սպանությունը։ Մեղավոր է ճանաչվում ՆԳՆ նախկին գնդապետ Հաջի Մամեդովը։ Նշենք, որ Ալիեւն ու Մամեդովն ընտանիքներով են մոտ եղել, եւ Հաջի Մամեդովը մասնակցել է Ռովշան Ալիեւի հուղարկավորությանը։ Ըստ վարկածներից մեկի՝ իբրեւ թե Ռովշան Ալիեւը կասկածել է Մամեդովին մի շարք հանցագործություններ կատարելու մեջ եւ լռության դիմաց գումար է պահանջել։ Նա էլ սպանել է Ալիեւին։