Նիկոլի երազանքը իրականանում է, էլի․ Արթուր Հայրապետյան

Նիկոլի երազանքը իրականանում է, էլի․ Արթուր Հայրապետյան

«Հրապարակը» զրուցել է Ստեփանակերտում գտնվող «Առաջ Արցախ» ռազմահայրենասիրական ՀԿ նախագահ Արթուր Հայրապետյանի հետ՝ վերջին դեպքերի եւ ադրբեջանական շտապօգնության մեքենայի՝ Ստեփանակերտում հայտնվելու շուրջ։

- Ռուս խաղաղապահները փորձել են Գորիսից Ստեփանակերտ 27 հոգու տեղափոխել, սակայն ադրբեջանցի այսպես կոչված «էկոակտիվիստները» թույլ չեն տվել, մի քանի կնոջ ինքնազգացողություն վատացել է։ Արդյունքում ադրբեջանական շտապօգնությունն է կանանց հասցրել Ստեփանակերտի հիվանդանոց։ Ինչո՞ւ են ռուս խաղապահները հայկական շտապօգնություն կանչելու փոխարեն դիմել ադրբեջանականի օգնությանը։

- Սկզբից ադրբեջանցիները թույլ չեն տվել տեղափոխել Ստեփանակերտի հիվանդանոց, ասել են՝ տանում ենք Շուշի։ Այնտեղ երկար բանակցել են ռուս խաղաղապահները, զոռով եկել են այն եզրակացության, որ պիտի Ստեփանակերտ բերեն, նրանք էլ ասել են՝ այդ դեպքում մենք պետք է Ստեփանակերտ տանենք, Ստեփանակերտից ավտո չպետք է գա։ 

- Այսինքն, փորձել են գերեվարե՞լ այդ մարդկանց։

- Չեմ կարող նման հայտարարություն անել, ինձ թվում է՝ ուզեցել են տանել Շուշի, ավելի շատ նկարեին ու ավելի շատ աշխարհով մեկ ցույց տային, թե տեսեք, հայը վատացել է, մենք բերել ենք բուժել՝ նորից բաց թողել։ Սակայն, ռուսները չեն թողել, հետո ռուսներն ուզեցել են իրենց մեքենայով բերել Ստեփանակերտ, ադրբեջանցիները թույլ չեն տվել ու որպես ոսկե միջին դա են որոշել՝ իրենց մեքենայով հասցնել Ստեփանակերտի հիվանդանոց։

- Միջադեպն ի՞նչ արձագանք է ստացել Արցախում։

- Հասարակությունը բնականաբար բացասական է արձագանքում, մարդիկ լարված են, վախեցած են։ Պատկերացրեք ադրբեջանական շտապօգնության մեքենան Ստեփանակերտի միջով է անցնում, վիդեո նկարելով գալիս են թուրքերը։ Պարզ է, որ մարդիկ տագնապած են, ահաբեկված, եթե կարող ենք այսպես ասել։

- Ռուս խաղաղապահների դեմ արտահայտվող շրջանակներ կան Արցախում․ այս պահից է՞լ են օգտվել։

- Ադրբեջանցիների կողմից այս քայլը հենց ռուսի դեմ էլ է ուղղված, դե ռուսի մեքենան կանգնեցնում են, ռուսի դիմաց հային իջեցնում են, սպառնում, վախեցնում՝ դա չի կարող չանդրադառնալ այդ հարաբերություններին։ Անկախ նրանից, այդ մարդիկ կակտիվանան, չեն ակտիվանա, այդ խնդիրն ի վերջո կա։ 

- Այսինքն, այս իրավիճակի շարունակության դեպքում անհնար է, որ  հակառուսական տրամադրությունները չաճե՞ն։

- Հարցը չեն լուծում, իրենց աչքի առջև ամեն օր մի նոր խնդիր է առաջանում, պարզ չի՞, որ հեղինակազրկվում է։ Մենք ոչ կարողանում ենք դուրս գալ, ոչ հետ գալ, ռուսն էլ չի կարողանում լիարժեք երաշխավորի։ Ճիշտ է, ես դրան էլ եմ դեմ, որ հատկապես Երևանի տաք անկյուններում նստած ռուսներին քարկոծում են, այնպես չի, որ ես ռուսին գլխիս եմ դրել, բայց փաստ է, որ եթե հիմա իրենք դուրս գան՝ մենք բոլորս բնաջնջվում ենք։ Ավելի լավ չի՞, երկու հատ ռուս լինի այստեղ՝ մենք մնանք, քան թե բնաջնջվենք։

- Մարդկանց շրջանում տրամադրվածություններն ինչպիսի՞ն են, պայքարելու ցանկություն կա՞, թե այլ հոգեվիճակ է այս պահին մարդկանց մոտ։

- Օրեցօր հիասթափությունն ավելի է շատանում, բայց այնպես չի, որ պայքարող տեսակը կվերանա՝ պայքարողը պայքարում է։

- Իսկ այդ պայքարող տեսակն այնքան շատ կլինի՞, որ կարողանանք պահպանել Արցախը։

- Դա չեմ կարող ասել, որովհետև հիմա համատարած հիասթափություն է, հոգնածություն է, դժգոհություն է ու այդ ամենը արդարացված է։ Շատ վատ վիճակում ենք այս պահի դրությամբ, ո՞նց կարող ենք լավ լինել։ Հիմա Տեղ գյուղում էլ որ առաջ եկան՝ ամբողջովին կտրում են Հայաստանից՝ 100 տոկոսով շրջափակման մեջ ենք հայտնվում, եթե 98 տոկոս էինք շրջափակման մեջ, հիմա դրանով հարյուր տոկոսով է դառնում շրջափակումը՝ Նիկոլի երազանքը իրականանում է էլի։

- Այստեղ իշխանական շրջանակների հետ կապ ունեցողները սկսեցին տարածել տեղեկատվություն, թե Արցախին կապող նոր ճանապարհը գործարկվել է, մոռանալով նշել, որ Արցախի բլոկադան, շրջափակումը չի ավարտվել։

- Արդեն երեք տարի է, թե հինգ, ինչ իրենք իշխում են, ինչ-որ բան եղե՞լ է, որ ճիշտ ասած լինեն։ Հազար անգամ ստել են, ոնց որ մանկապարտեզի երեխայի համար անգիր սովորած բանաստեղծությունն է, որ ամեն օր անգիր ասում է՝ նույնը սրանք են, ամեն օր նոր ստեր են ասում։ Թեկուզ նոր ճանապարհ են սարքել՝ դրանով անվտանգության հարց չի լուծվում։ Ամեն օր ադրբեջանական զինված ուժերն ավելի խորն են մտնում Հայաստանի սուվերեն տարածք։

- Շատ քաղաքագետներ մտահոգություն են հայտնում, որ ՀՀ իշխանությունների քաղաքականության պատճառով Արցախի ու Հայաստանի բնակիչների միջև անջրպետ է գոյանում։ Այդ մտահոգությունը հիմնավո՞ր է։

- Այդ դիվերսիան միշտ եղել է տեղեկատվական, այդ ամենավտանգավոր թեզը՝ հայաստանցի-ղարաբաղցի երեսուն տարում արմատախիլ չի արվել, բայց փաստն այն է, որ այս իշխանությունների օրոք նոր փուլ է թևակոխել, ավելի մեծ զանգվածներ է ընդգրկել։ Բացի այդ, այս պատերազմի մասով տեսնում եք, ինչ թեզեր են առաջ քաշում՝ 11 հազար մարդ է փախել, բոլորը վատն են՝ ազգը վատն է, ժողովուրդը վատն է, բացի իրենցից։ Այդ թեզն էլ ուտվում է մարդկանց կողմից, այդ խնդիրը կա ու օրեցօր աճում է, շատ վտանգավոր խնդիր է, բայց դա է։

- Դուք որպես 44-օրյա պատերազմի մասնակից, ականատես եղե՞լ եք 11 հազարի դասալքությանը։

- Ես ականատես եմ եղել վերնախավի անգործունեությանը։ Սա եղել է կազմակերպված անկազմակերպություն, այսինքն՝ ահագին խնդիրներ, բարձիթողի վիճակ է եղել։ Այնպես չի, որ փախնող չեմ տեսել, բայց եթե շարքային մարդկանց բերել են մի տեղանք, որտեղ մարդկանց մի մասը կոտորվել է, մի մասն առանց հրամանատար է մնացել, մարդիկ չգիտեն ինչ անեն, բնականաբար պիտի այսպես լիներ։ Այնպես են կազմակերպել, որ մարդիկ թողնեին ու գնային։ Փաշինյանն ասել է, չէ՞, որ այդ զոհերը տվել է, որ իրեն չասեն դավաճան, ինքը հաղթելու համար չի կռվել՝ սկզբից պարտվողական դիրքում է եղել, դրա համար էլ ոչ նորմալ հարձակում է եղել, ոչ՝ նորմալ հակահարձակում, քաոս է եղել։

Ամենավատ բանը քաոսն է, ու սա ավելի շատ վերնախավի բացթողումն է, քան թե զինվորի։ Թող այդ փախնողներին բռնեին դատեին, դաշտում մեկ-երկու փախնողի գնդակահարեին, բայց տեսեք, թե պատերազմից հետո ինչքան գեներալներ են բարձր կոչում ստացել, ինչքան ազգային հերոսների կոչում են տվել՝ պարտված բանակում նման բա՞ն է լինում։ Այդ հարցերին պետք է պատասխանել, թե ով է փախել՝ զինվո՞րը, թե՞ հրամանատարը։ Հրամանատար՝ ես չեմ ասում գումարտակի հրամանատար, կվռողը կռվել է, փախնողը փախել է, բայց եթե իշխանության կողմից չի վերահսկվել, ժամանակին պաշտպանվել՝ պարզ է, որ այսպես էր լինելու։