«Հրապարակ». Ժողովուրդն է որոշելու՝ մեզ Սահմանադրություն պետք է, թե պետք չԷ

«Հրապարակ». Ժողովուրդն է որոշելու՝ մեզ Սահմանադրություն պետք է, թե պետք չԷ

Դատավոր Դավիթ Բալայանը, որ Դատավորների ընդհանուր ժողովի կողմից առաջադրվել է որպես Սահմանադրական դատարանի դատավորի թեկնածու, երեկ առանձին-առանձին փակ հանդիպումներ ունեցավ խորհրդարանական խմբակցությունների հետ։ Նա ՔՊ-ականների հետ հանդիպման ընթացքում, ըստ մեր աղբյուրների, թեպետ բոլոր հարցերի «տակից դուրս է եկել», սակայն քիչ հավանական է, որ իշխող ուժը նրան «սվոյ» չի համարում, ավելին` ըմբոստ ու անհնազանդ է համարում: Միայն այն փաստը, որ նա իշխանություններին սուր քննադատության ենթարկող Կիմ Բալայանի որդին է, բավարար է, որ նրան յուրային չհամարեն: Նաեւ այն դատավորն է, ով 2019-ին, երբ Փաշինյանի հրահանգով շրջափակել էին դատարանների մուտքերը, փորձում էր լուսամուտից մտնել աշխատասենյակ։ Ինքը՝ Բալայանը, գոհ է ՔՊ-ականների հետ հանդիպումից, երեկ մեզ հետ զրույցում նա հույս հայտնեց, որ խորհրդարանն իր գնահատականը կտա: Հանդիպումներից հետո մի քանի հարց ուղղեցինք Բալայանին։

- Ինչպե՞ս անցավ Ձեր եւ ՔՊ-ի հանդիպումը։

- Բոլորի հետ էլ լավ անցավ, ինչո՞ւ եք միայն ՔՊ-ին առանձնացնում։

- Որովհետեւ ՔՊ-ում Ձեզ առանձնահատուկ են «սիրում»։

- Շատ լավ տպավորություն ունեմ այդ հանդիպումից։

- Ո՞րն է այդ տպավորության պատճառը։

- Ինձ թվում է՝ իրենք իրենց հուզող հարցերի մեծ մասը տվել են, ես էլ պատասխանել եմ, ես գոհ եմ այդ քննարկումից, այն հարցերից, որոնք հնչեցին, եւ որոնց ես պատասխան եմ տվել։

- Իսկ ի՞նչ հարցեր էին նրանց հետաքրքրում։

- Տարբեր բնագավառներից, նույն՝ սահմանադրական փոփոխությունների հետ կապված, կապված դատարանների ծանրաբեռնվածության, իմ անցած ճանապարհի, կրթության, պատուհանով դատարան մուտք գործելու՝ այդպիսի հարցեր։

- Ե՞վ։

- Ինձ թվում է՝ իրենք գնահատական  կտան, թե ինչպիսի պատասխան եմ տվել, բայց ասեմ Ձեզ՝ ես գոհ եմ։

- Սահմանադրության հնարավոր փոփոխությանն ինչպե՞ս եք վերաբերվում, հատկապես Անկախության հռչակագրին այլեւս հղում չանելու մտադրությանը։ ՍԴ-ում նման նախագիծը հավանության կարժանանա՞։

- Այդ հարցն իր բնույթով այնպիսին է, որ, կարծում եմ, ԱԺ նիստին էլ կհնչի, ու հիմա ես ճիշտ չեմ համարում պատասխանել, ԱԺ-ն ներկայացուցչական մարմին է` ես այնտեղ կպատասխանեմ։

- Հարցի ձեւակերպումը փոխեմ՝ հնարավո՞ր է նոր սահմանադրություն գրել եւ Անկախության հռչակագրին հղում չտալ, եթե այդ հռչակագրի կետերից մեկն ասում է, որ ցանկացած օրենսդրական նախաձեռնության մշակման հիմքում պետք է հռչակագիրը հիմք ընդունվի։

- Մենք կարող ենք հանրաքվեի դնել անգամ հետեւյալ հարցը՝ մեզ պե՞տք է, թե՞ պետք չէ սահմանադրություն: Սա պետք է հանրաքվեով անցնի, ուստի՝ ժողովրդի կամքը պետք է լինի` կորոշե՞ն սահմանադրություն ունենանք, թե՞ ոչ։

- Այսինքն, ժողովուրդը կարող է որոշել նաեւ՝ ինչպիսի սահմանադրություն ունենալ՝ հռչակագրո՞վ, թե՞ առանց։

- Այո, դա քվեարկվելիք հարց է, ՍԴ-ն չի կարող նման հարց քննության առարկա դարձնել, ՍԴ-ն կարող է քննության առարկա դարձնել միայն Սահմանադրությունում կատարվող փոփոխությունների սահմանադրականության հարցը։ Սահմանադրության ուժով այդ նախագիծը պետք է քննության առարկա դարձնեն, հավանության արժանանա, նոր համաժողովրդական քվեարկության դրվի, իսկ եթե մենք սահմանադրականության հարց չենք բարձրացնում եւ պարզապես ասում ենք՝ մեզ պետք է, թե պետք չէ սահմանադրություն, այդ հանգամանքը չպետք է քննության առարկա դարձնել ՍԴ-ում։

- Այսինքն՝ եթե ժողովուրդը որոշի, որ այդպես է, ուրեմն վե՞րջ․․․ բայց մասնագետներն ասում են, որ հռչակագիրը թույլ չի տալիս որեւէ նախագիծ գրել եւ իրեն հիմք չընդունել, դեռ դա պետք է գրել․․․

- Այս պետության հիմնադիրը ժողովուրդն է, ժողովուրդն է որոշել, որ պետք է ունենանք այն սահմանադրությունը, որը հիմա ունենք, եթե ժողովուրդը որոշի, որ մեզ սահմանադրություն պետք չէ, ուրեմն դա պետք չէ համաձայնեցնել ՍԴ-ի հետ։

- Լավ, վերադառնանք Ձեզ․ օրինակ, ի՞նչ էին հարցնում Ձեր՝ դատարանի պատուհանից ներս մտնելու դիպվածից, եւ ի՞նչ պատասխանեցիք Դուք՝ ինչո՞ւ էիք պատուհանով մագլցում` համաձայն չէի՞ք իշխանությունների նախաձեռնության հետ, Ձեր անհամաձայնությո՞ւնն էիք հայտնում․․․

- Ես այդ հարցի պատասխանը տվել եմ, երկու ֆրակցիայում են ինձ այդ հարցը տվել, բայց եկեք՝ ԱԺ ամբիոնից կխոսեմ։

- Ճի՞շտ էր դատարանների շենքերը շրջափակելը, եւ դա, Ձեր կարծիքով, ինչպե՞ս ազդեց դատական համակարգի հետագա գործունեության վրա։

- Այդ հարցին ես չէ, որ պետք է գնահատական տամ, հանրությունն իր գնահատականը տվել է։

- Ո՞րն է այդ գնահատականը։

- Մի քաղաքականացրեք, ես քաղաքական հարցերին չեմ կարող պատասխանել։

- Օրինակ՝ հանրության մի մասնիկն էլ ես եմ, ասում եմ, որ այդպես բռնեցին շատ դատավորների վախը՝ համաձա՞յն եք: Ինչպե՞ս ազդեց այդ գործընթացը դատական իշխանության վրա՝ բարելավե՞ց համակարգը, թե՞ հակառակը։

- Ես իշխանականներից որեւէ մեկից չեմ լսել նման հայտարարություն, որ դրանով բարելավվել է դատական համակարգի գործունեությունը։

- Դուք բոլոր իշխանականների հայտարարություններին հետեւո՞ւմ եք։

- Բոլորին՝ ոչ, բայց մամուլը կարդում եմ։ Չեմ կարծում, որ, այնուամենայնիվ, այդ գործընթացը փոխեց դատական համակարգը։ Լավ, ասեմ՝ ֆրակցիայում հնչած հարցին ի պատասխան ես ասել եմ, որ որեւէ հարգելի պատճառ չեմ ունեցել աշխատանքի չներկայանալու, պետությունն ինձ վարձատրել է այդ օրվա համար, ես էլ եղել եմ աշխատունակ վիճակում, միջոցներ եմ ձեռնարկել, որ հնարավորինս շուտ կատարեմ իմ պարտականությունները, եւ որեւէ իրավական հիմք չի եղել, որ ես այդ օրը չներկայանամ աշխատանքի:

- Հիմա ինչպիսի՞ դատական համակարգ ունենք։

- Ես չեմ կարծում, որ դատական համակարգն անկախ է, որեւէ պետությունում դատական  համակարգի լիակատար անկախության մասին հնարավոր չէ խոսել։ Դատական անկախությունը պետք է լինի այնպես, որ շարքային քաղաքացին զգա, որ իր նկատմամբ կայացվել է այն որոշումը, որը բխել է գործի փաստերից եւ օրենքից։

- Դուք խոսում եք անկախությունից, բայց մենք ունենք մի վիճակ, որ եթե իշխանության սրտի դատավորը չես, չես կատարում քաղաքական հրահանգները, քեզ չեն ընտրի որեւէ մարմնում, ԲԴԽ-ին կհրահանգեն՝ կարգապահական վարույթներ հարուցել եւ այլն...

- Ինձ թվում է՝ մեր պետությունում պետք է քաղաքական այնպիսի մշակույթ ձեւավորվի, որպեսզի սահմանադրական մարմինները հարգեն միմյանց կողմից կայացված որոշումները։ Ինչ վերաբերում է կարգապահական վարույթներին, ես բազմիցս նշել եմ, որ դեմ եմ եղել այն հանգամանքին, որ օրենսդրական փոփոխություններով դատավորները ԲԴԽ-ում վճռորոշ ձայնի իրավունք չունեն, քանի որ միջազգային բոլոր կառույցները, որոնք խորհրդատվական բնույթի եզրակացություններ են տվել եւ դիմել են, բոլոր փաստաթղթերով կարմիր թելի պես անցնում է միտքը, որ այն մարմինը, որն իրավասություն ունի դատավորներին կարգապահական պատասխանատվության ենթարկելու, այդ մարմնում գերակշիռ մասը պետք է լինեն դատավորներ։ Մինչդեռ մեր օրենսդրական փոփոխությունները բերեցին նրան, որ դատավորների ու գիտնականների հարաբերակցությունը հավասարեցվել է ԲԴԽ-ում, եւ դա չի բխում հեղինակավոր կազմակերպությունների կողմից տրված եզրակացություններից։