Հեղափոխական թիմի հետ կապ չկա, որովհետև նախ պետք է հեղափոխական թիմ լինի
«Քաղաքացու որոշում» կուսակցության անդամ Գարեգին Միսկարյանը նախօրեին ֆեյսբուքյան մի ցնցող գրառում էր կատարել՝ տեղը տեղին, հիմնավոր քննադատելով Նիկոլ Փաշինյանին։
Հիմնական մեղադրանքն ուղղված է կատարված եւ կատարվելիք բոլոր հանցագործությունների հարցում հանցավոր անգործությանը․ հանքերում տիրող բնապահպանական աղետներ ու ընդերքի շարունակվող թալան, մաֆիայի ճիրաններում գտնվող դատարան, մաֆիայի շահերը սպասարկող ոստիկանություն, ԱԱԾ ու դատախազություն՝ «վարչապետին իբր թե դիմադրող համակարգի սպասարկու իրավապահ մարմին»։
Միսկարյանը գրել է նաեւ, թե ոնց հասկանում է՝ Նիկոլ Փաշինյանը դուրս չէր եկել հեղափոխության, եւ ժամանակը ցույց տվեց, որ նա հեղափոխական չէ։ «Սա երկար չի կարող շարունակվել։ Հիմա 2000-ականները չեն, որ ասֆալտ փռելով մարդիկ խաբվեն։ 2020-ը կա՛մ կլինի համատարած ռեֆորմների տարի, կա՛մ Փաշինյանը հրաժեշտ է տալու իր պոստին ու պատասխանատվություն կրի ժողովրդին մոլորեցնելու համար»,- գրել է Միսկարյանը։
Մենք զրուցեցինք նրա հետ եւ փորձեցինք պարզել, թե ինչու է հեղափոխության երկրորդ էշելոնի համարում ունեցող ՔՈ-ի առաջնորդներից մեկն այդքան հիասթափվել Փաշինյանից։
- Պարոն Միսկարյան, Ձեր գրառումը կուտակված հիասթափությա՞ն, թե՞ ինչ-որ անսպասելի տեղեկատվության արդյունք է։
- Ավելի շատ՝ ժամանակի ընթացքում ոչ թե կուտակված հիասթափություն, այլ այն տվյալների, տեղեկատվության, որ գալիս է տարբեր տեղերից՝ թե՛ հարկայինից, թե՛ մաքսայինից, թե՛ ոստիկանությունից։ Նաեւ ինձ՝ որպես հանրային գործչի, շատ-շատ մարդիկ իրենց բողոքը հայտնում են՝ իրենց խնդիրների համար ինչ-որ լուծումներ գտնելու։ Բայց, ցավոք, տեղերում հիմնականում բան չի փոխվել։
- ՔՈ-ն հասարակական ընկալումներում «Իմ քայլի» քույր կամ հեղափոխության երկրորդ էշելոնի կուսակցություն է։ Ուստի կուսակիցները ներսում Ձեր գրառումն ինչպե՞ս ընդունեցին։
- «Երկրորդ էշելոն» ասվածն ի՞նչ է ենթադրում, բայց կուսակիցների հետ կապված՝ մեզ մոտ խոսքի ազատություն է, ու այնպես չէ, որ կուսակիցներն ամբողջովին սատարում են Նիկոլ Փաշինյանի վարած քաղաքականությունը։ Հակառակը, մենք՝ կուսակցության մեջ գտնվող շատ մարդիկ, փորձում ենք ճիշտ քննադատությամբ ուղղորդել, որ այդ բացերը, որ կան, լրացվեն։ Հիմա իմ մոտ մինչեւ հիմա որքանով է ստացվել, չգիտեմ, բայց հասկանում եմ, որ դա շատ բարդ գործընթաց է, ու, ըստ էության, երեւի ժամանակ է պետք՝ ռազմավարությունը փոխելու, որովհետեւ այս հանրային քննադատությունն այդքան էլ տեղ չի հասնում, որովհետեւ դաշտում անընդհատ ինչ-որ երկրորդական, տասներորդական խնդիրներ են արծարծվում, որոնք, ըստ էության, հեղափոխական օրակարգի հետ բացարձակ կապ չունեն։
- Կարծո՞ւմ եք, որ կտրեցիք գորդյան հանգույցը եւ ձեր կապերը հեղափոխական թիմի հետ։
- Հեղափոխական թիմի հետ կապ չկա էլ, որովհետեւ նախ պետք է հեղափոխական թիմ լինի (ծիծաղում է), որը պետք է հեղափոխական քայլեր ձեռնարկի։ Ինչ վերաբերում է միջանձնային հարաբերություններին, չեմ կարծում, թե կտրեցի, որովհետեւ այնտեղ ընկերներ ունեմ, եւ, անկախ ամեն ինչից, մենք ընկեր ենք։ Զուտ անձնային հարաբերություններ են, եւ չեմ կարծում, որ իրենց մեջ էլ չկա այդ դժգոհությունը։ Այսինքն՝ այնպես չէ, որ «Իմ քայլի» մեջ բոլորը բացարձակ ողջունում են այն քայլերը, որոնք կատարվում են։
- Առաջնորդի՛ն։
- Այո։
- Այսինքն՝ իրենք ձեր համախոհներն են ոչ հրապարակայի՞ն, առանձնազրույցներո՞ւմ։
- Համախոհի խնդիր չկա, կա ընկալումների նմանություն, համակարծություն․ շատերի հետ մենք համակարծիք ենք այն հարցերում, որոնք չեն առնչվում հեղափոխական օրակարգին։ Որոշ դեպքերում՝ նաեւ հեղափոխական օրակարգի շրջանակի հարցերին։ Եվ չի նշանակում, որ եթե Նիկոլ Փաշինյանի վարած քաղաքականությունը լավը չէ, ես պետք է իմ բոլոր ընկերներից հրաժարվեմ։
- «Հրապարակ» թերթը սկսեցին անարգանքի սյունին գամել, երբ այն, ինչ կատարվում էր Հայաստանում, մեր թղթակիցը հայտնի «Անասնաֆերմայի» հետ համեմատեց, որտեղ, ինչպես հայտնի է, բոլոր «կենդանիները հավասար են, բայց կան կենդանիներ, որ ավելի հավասար են»։ Կարծո՞ւմ եք, որ կա նաեւ այդ օրուելյան Հայաստանը։ Այսինքն՝ նոր քաղաքական կոռուպցիայի տեսակը, երբ յուրայիններին ամեն ինչ կարելի է, իսկ մյուսների նկատմամբ գործում են օրենքն ու դատարանը։
- Ես չեմ կարող ասել՝ կոնկրետ ում նկատմամբ ինչպես են վերաբերվում, բայց այն, որ դատական համակարգում չեն արվել բարեփոխումներ, ու որ հանրության մեջ խորը անվստահություն կա ներկա դատարանների նկատմամբ, փաստ է։ Ու այստեղ խնդիրն այն չէ, թե դատարանն ում ինչպես է վերաբերվում, այլ այն, որ այդ դատարանը վստահելի չէ։ Ինչ վերաբերում է «Անասնաֆերմային», չեմ կարող ասել՝ թղթակիցն ինչ զուգահեռներ է տարել, բայց վստահ կարող եմ ասել, որ դատական համակարգում կան բոլոր նույն արատները, որոնք կային։
- Խոսքն այն մասին է, որ ձեւավորվում է նոր քաղաքական էլիտա՝ հավասարության կարգախոսների ներքո։ Վերցնենք թեկուզ պարգեւավճարները։ Արարատ Միրզոյանը, օրինակ, մի քանի օրվա մեջ իրեն պարգեւատրել էր 2 միլիոնից ավելի դրամով։
- Այն, որ կառավարումը սխալ է իրականացվում, ես դրա մասին գրել եմ, ու դրա մեջ պարգեւավճարներն էլ են մտնում, մնացած բոլոր բացթողումներն էլ։ Այսինքն՝ ես դեմ չեմ բարձր աշխատավարձով պետական աշխատողներին, բայց չի կարելի համակարգի մեջ մասնակի լուծումներով փորձել փոխել համակարգը։ Եթե նախարարը բարձր է վճարվում, բայց նրանից ներքեւ գտնվող օղակներում մարդիկ կա՛մ ցածր աշխատավարձով են աշխատում, կա՛մ լավ չեն աշխատում, որովհետեւ այդ աշխատավարձը ցածր է, դրանից այդ նախարարի կատարած աշխատանքի արդյունավետությունը չի բարձրանում։ Սրանք հենց այդ մասնակի լուծումներն են, որոնց պատճառով է էս ամենը։
- Երբ մոտ 6 ամիս առաջ կրկին քննադատական գրառում էիք արել, հետո իմացանք, որ Սուրեն Սահակյանի հետ հյուրընկալվել եք Նիկոլ Փաշինյանին, սուրճ խմել նրա հետ։ Այն ժամանակ հրավերը Փաշինյանից էր։ Այլեւս սուրճ խմելու չե՞ք գնա։
- Ես չգիտեմ՝ Նիկոլ Փաշինյանը սուրճի կհրավիրի, թե ոչ, բայց ես միշտ բաց եմ, բանակցելու միշտ պատրաստ եմ, միշտ պատրաստ եմ աջակցել հեղափոխական օրակարգին։ Բայց առավելապես եւ միայն՝ հեղափոխական օրակարգին։ Մնացած մասնակի լուծումները չեն գոհացնում։ Բայց եթե կլինի առաջարկ հեղափոխական օրակարգի՝ այն կետերի շուրջ, որոնք պետք է կատարվեին մինչեւ ընտրությունները, բայց անցել է ընտրություններից 1 տարի, ու դրանցից ոչ մեկը չի կատարվել, այ, այդ կետերի շուրջ պատրաստ եմ սուրճ խմել ցանկացած մեկի հետ, ով ցանկություն ունի դրանց հետ կապված քայլեր անել։
- Տեղեկություններ ունենք, որ ՔՈ-ում կան 5-6 հոգի, որոնք կուսակցությունում եղանակ են ստեղծում, թելադրում, ինչով բարդացնում են կուսակցության ղեկավար Սուրեն Սահակյանի կյանքը։ Եվ, առհասարակ, կուսակցությունը մի տեսակ փսորված վիճակում է։ Կա՞ նման բան։
- Ոչ, իրականությանը չի համապատասխանում, չկա 5-6 հոգի մարդ, մեզ մոտ որոշումները կայացվում են կոլեգիալ։ Պարզապես կան 5-6 հոգի, որոնք հանրային դաշտում առավել ակտիվ են, քան մյուս կուսակցականները, ինչը, սակայն, այդ 5-6 հոգուն իրավունքի առումով առավելություն չի տալիս։ Եվ այդ 5-6-ից մեկն էլ ես եմ, մի փոքր ավելի ճանաչված եմ, քան ոչ գործադիր մարմնի անդամ այլ կուսակցական։
Կարծիքներ