Հիվանդ կա, որ 20 անգամ հակամարմինների թեստ է արել

Հիվանդ կա, որ 20 անգամ հակամարմինների թեստ է արել

2020 թ. մարտի 26-ին Հայաստանում գրանցվեց կորոնավիրուսով մահացության առաջին դեպքը։ Անցած մեկ տարվա ընթացքում արձանագրվել է 4 հազար 149 մահ, եւ կա բացահայտված կորոնավիրուսային հիվանդացության 181 հազար 165 դեպք։ Հիվանդացածների իրական թվերի մասին պատկերացում ունենալու համար գոնե ոչ մասնագիտական ոլորտներում ընդունված է պաշտոնական թվերը բազմապատկել 4-5-6 գործակցով։ Սակայն կան նաեւ համաճարակաբաններ, որոնք պնդում են, որ այս փուլում հանրապետությունում հիվանդացության մակարդակը եւ, հետեւաբար, իմունային պատնեշը որոշելու համար լավագույն միջոցն արյան մեջ հակամարմինների առկայությունը որոշելն է։ Թեստերի միջոցով պարզել, թե հանրության քանի տոկոսի օրգանիզմում կան հակամարմիններ։

«Տոնոյան» բժշկական կենտրոնի բժիշկ-համաճարակաբան Վիկտորյա Ղազարյանը, սակայն, այդ կարծիքին չէ։ Պատասխանելով մեր հարցին, թե լինո՞ւմ են դեպքեր, երբ հիվանդությունից հետո հակամարմիններ չեն ձեւավորվում, ասաց՝ այո, «որովհետեւ այն հակամարմիննեը, որոնք հիմա որոշում է բժշկագիտոթյունն աշխարհում, ընդամենը մեկ սպիտակուցի հանդեպ է, բայց կան 3-4 սպիտակուցներ, իսկ այդ երեքի հանդեպ դեռ չի լինում որոշել հակամարմինների առկայությունը»։ Հետեւաբար, բնակչության իրական վարակվածության մակարդակը շատ ճշգրիտ չի կարող որոշվել նման դեպքերի ժամանակ։ Բժշկուհին նաեւ բացատրեց․ «Եվ եթե չկան հակամարմիններ, դա չի նշանակում, որ մարդու մոտ իմունիտետ չի ձեւավորվել, նշանակում է, որ այն մյուս սպիտակուցներով է ձեւավորվել»։

Մեզ հետ զրույցում բժշկուհին որոշ ուշագրավ մանրամասներ ներկայացրեց մարդկանց վարքագծի վերաբերյալ, որոնց տանջել է հարցը, թե հնարավո՞ր է, որ հիվանդությունն անցկացրել են ասիմպտոմ։

- Լինո՞ւմ են դեպքեր, երբ մարդը թեստից է տեղեկանում, որ տարել է կորոնավիրուս։

- Չէ, որովհետեւ, այնուամենայնիվ, այդ թեստը հանձնում են, եթե ինչ-որ կասկած կա, կամ էլ մարդիկ, որոնք 1-2 օր ջերմել են, կամ ինչ-որ մեկն իրենց հարազատներից։ Մարդ կա՝ ե՛ւ ՊՇՌ թեստ է հանձնում, ե՛ւ հակամարմինների։ Կամ, որ ՊՇՌ-ն հանձնել է, եղել է բացասական, բայց ինքը ծանր թոքաբորբ է տարել, հիմա ուզում է տեսնի՝ ամեն դեպքում իմունիտետ ձեւավորվե՞լ է, թե՞ ոչ։ Հիվանդ կա՝ սեւեռված է․ մի ամսվա մեջ 3 անգամ հակամարմնի թեստ է հանձնում։ Հիվանդ կա, որ այս մի տարվա մեջ 20 անգամ հակամարմինների թեստ է հանձնել։ Բոլոր լաբորատորիաներում։

- Հակամարմինները մոտավորապես որքա՞ն են մնում արյան մեջ։

- Սկզբում ասվում էր, որ 3-4 ամիս, բայց հիմա այդ թիվն էլ է փոփոխվել, որովհետեւ, վերջին տվյալներով, մնում են 4 ամսից ավելի։ 

- Եթե հակամարմինները 4 ամիս են մնում, այդ դեպքում ինչո՞ւ են պատվաստումներ արվում։ Ի՞նչ օգուտ կտան, եթե հիվանդանալուց հետո ընդամենը մի քանի ամիս է մնում։

- Դե, կես տարի կտա մինչեւ․․․ պատվաստումից հետո ոչ ոք չգիտի, թե որքան են մնում հակամարմինները։ Այդպես դժվար է ասել, որովհետեւ, օրինակ, մարդը կարող է իր կյանքում 3 անգամ հիվանդանալ տուբերկուլյոզով, բայց անպայման երեխայի ծնվելուց հետո բոլորը պատվաստվում են։ Նույնն էլ՝ կարմրուկ, կարմրախտ, խոզուկ։ Ուզում եմ ասել, որ այդպես միանշանակ չէ, պատվաստումների մասին տվյալները հակասական են։ Հիմա, համենայնդեպս, տարեց մարդկանց, քրոնիկ հիվանդներին, նոր ստենտավորվածներին ցանկալի է պատվաստել, որովհետեւ իրենք քովիդը շատ ծանր կտանեն կամ մահացու ելքով։