Մենք իրենց ներքին խոհանոցից տեղյակ չենք եղել

Մենք իրենց ներքին խոհանոցից տեղյակ չենք եղել
Արմեն Խաչատրյան

Երեկ Քննչական կոմիտեն հաղորդագրություն տարածեց, որ ծանր հանցագործությունների քննության վարչությունում առանձնապես խոշոր չափերի յուրացում կատարելու դեպքի առթիվ քրեական գործ է հարուցվել, եւ «Սեքյուրիթի դրիմ» ՍՊ տնօրենը ցուցմունք է տվել այն մասին, որ Ճանապարհային ոստիկանության կողմից ամսական ստացված 70 միլիոն ՀՀ դրամից 43 միլիոնը յուրացվել է ընկերության հիմնադիրների կողմից: Ըստ ցուցմունքի՝ 70 միլիոն դրամից փաստացի ծախսվել է 27 միլիոնը, իսկ 43 միլիոն դրամը յուրացվել է ՍՊ ընկերության հիմնադիրների կողմից:

Սրանով, փաստացի, հաստատվում են այն «օդում կախված լուրերը», որ արագաչափերի «նկարած» տուգանքներից գանձված գումարների մի մասը յուրացվում է անհատների կողմից։ Հիշեցնենք, որ ժամանակին Նիկոլ Փաշինյանը պնդում էր, որ այդ գումարները գնում են Սերժ Սարգսյանի եղբոր՝ Սաշիկ Սարգսյանի գրպանը։ Թեմայի շուրջ զրուցել ենք ՃՈ պետի նախկին տեղակալ, այժմ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Արմեն Խաչատրյանի հետ։ 

- Պարոն Խաչատրյան, Դուք այդ յուրացումների վերաբերյալ երբեւէ որեւէ կասկած ունեցե՞լ եք։

- Դե, իրենք սեփական հիմնարկ են, եւ եթե կասկած կա, որ նման բան են արել տնտեսվարողները, ուրեմն դա պետք է համապատասխան ընթացք ստանա։ 

- Ովքե՞ր են «Սեքյուրիթի դրիմի» հիմնադիրները։

- Հիմնադիրները Ալեքսանդր Զաքարյանը եւ Գուրգեն Զաքարյանն են։

- Երբ Դուք աշխատում էիք ՃՈ-ում, վստա՞հ էիք, որ արագաչափերի գրանցած տուգանքներն ամբողջությամբ, որքան որ նախատեսված էր, փոխանցվում էին Ճանապարհային ոստիկանության հաշվին։

- Այդ բանկային հաշվեհամարը, որ կա, որով մարդիկ տուգանք են մուծում, դա Ճանապարհային ոստիկանության արտաբյուջետային հաշիվն է հենց։

- Իսկ ի՞նչ հարաբերակցությամբ էին այդ գումարները բաշխվում, վճարած տուգանքի ո՞ր մասն էր գնում ՃՈ-ին, որ մասը՝ «Սեքյուրիթի դրիմին»։

- Տարբեր է եղել, սկզբից որ դրել էին, որքան հիշում եմ՝ 70/30 էր, 70 տոկոսը գնում էր էդ կազմակերպությանը, 30-ը՝ ՃՈ-ին։ Կարճ ժամանակ հետո դարձավ 50/50, հետո փոխվեց՝ դարձավ ըստ ծառայությունների, հիմա չեմ կարող ասել՝ ինչ հարաբերակցություն է։

- Ամեն դեպքում, Դուք տեղյակ եղե՞լ եք, որ այդտեղ ինչ-որ բան այն չէ, գումարներն արդյունավետ չեն բաշխվում։

- Ընդհանրապես, ՃՈ խնդիրները որեւէ կապ չունեն էդ տնտեսվարող սուբյեկտի ներքին խնդիրների հետ, մենք իրենց ներքին խոհանոցից տեղյակ չենք եղել՝ ոնց են իրենք կառավարում, դա սեփական հիմնարկ է, իրենք են որոշում իրենց կառավարման ձեւը։

- Ամբողջ հարցն այն է, որ պետության մասնաբաժնով ներդրված արագաչափերի միջոցով գանձված տուգանքները, ըստ նախնական ցուցմունքի, փաստացի մսխվել են ինչ-որ անձանց կողմից։

- Ես չգիտեմ, տեղյակ չեմ, իրականում տեղյակ չեմ այդ հայտարարությանը, կնայեմ, կուսումնասիրեմ, իմ կարծիքը կասեմ։

- Դուք վերջերս հայտարարել էիք, որ Սաշիկ Սարգսյանի հետ այս ամենը կապ չունի։

- Ես ասել եմ, որ արագաչափերը՝ որպես գույք, պետական սեփականություն են, այնպես, ինչպես ՃՈ տրանսպորտային միջոցներն ու ամբողջ գույքը։ Այլ բան չեմ հայտարարել։

- Հարցն այն է, որ Ձեր այս հայտարարությունն ու առկա իրավիճակը՝ առհասարակ, հակասության մեջ են մտնում Նիկոլ Փաշինյանի այն հայտարարությունների հետ, որ արագաչափերի բիզնեսը կապ ունի Սաշիկ Սարգսյանի հետ, որ նա բաժին ունի տուգանքների գումարներից եւ այլն։

- Ես չգիտեմ՝ որ տնտեսվարողն ինչ հիմունքներով է աշխատել, ում հետ ոնց են արել, ինչ են արել, իմ ասածն ընդամենը այն է եղել, որ այդ գույքը պետական սեփականություն է, եւ այստեղ որեւէ հակասություն չկա։

- Այս թեմայով Դուք վարչապետի հետ զրույց ունեցե՞լ եք, նրան ասե՞լ եք, որ այդպես չէ, ինքը սխալ գիտեր այն ժամանակ։

- Ոչ։ Իմ ասածի մեջ հակասություն չկար։ Ես նորից եմ ասում, որ այդ գույքը պետության հաշվեկշռին է նստած, ինձ հասանելի տվյալն այդքան է։

- Բացի գույքից, խոսքը նաեւ վճարվող գումարների մասին է։

- Վճարվող գումարները՝ էնտեղ հաշվապահություն կա, ֆինանսական շրջանառության սահմանված ձեւ կա, էդ ամեն ինչը սահմանված կարգով արել են, ես չգիտեմ՝ էդ սեփական հիմնարկը, որ կա, իրենք ոնց են բաշխել էդ գումարները, ինչ են արել։

- Ի՞նչ եք կարծում՝ արժե՞ վերանայել արագաչափերի լինել-չլինելու, դրանց քանակը նվազեցնելու կամ ավելացնելու հարցը, այդ թվում՝ տուգանքների չափը։

- Դե, իհարկե, էս դաշտում անելիք կա, եւ ամենակարեւոր անելիքը, որ պետք է արվի, դա տուգանային միավորների կիրառման համակարգի ներդրումն է, համաձայն որի՝ բացի տուգանքից, կսահմանվեն նաեւ տուգանային միավորներ՝ որպես տույժի տեսակ, ինչն էականորեն կնպաստի ե՛ւ երթեւեկության անվտանգությանը, ե՛ւ կիջեցնի սոցիալական բեռը։ Կարծում եմ՝ այս փոփոխությունը հրատապ է եւ պետք է անել։

- Պարզապես Նիկոլ Փաշինյանը հեղափոխության օրերին փակում էր արագաչափերը, ասում էր՝ դրանք պետք է հանվեն, դրանցով թալանում են մարդկանց, եւ մարդիկ ակնկալում էին, որ դրանք կվերացվեն։

- Այդ մասին նաեւ պարոն Փաշինյանն է արտահայտել իր դիրքորոշումը, որ արագաչափերի գործառույթի վերլուծությունները, նաեւ հասարակական ճնշումներն այն ժամանակ թույլ չեն տվել, որպեսզի արագաչափերի գործառույթն ընդհանրապես վերացվի։ Էական փոփոխություններ են եղել վարչարարության մեջ, բոլորս տեղյակ ենք, որ ոչ բոլոր իրավախախտումներն էին տուգանվում եւ այլն, բայց հասարակական մեծ ճնշում եղավ, ինչպես նաեւ վիճակագրություն կար երթեւեկության անվտանգության բնագավառում, եւ այդ պատճառով դրանք դեռեւս շահագործվում են։