Կանեվսկոյի կեղծ անձնագիրը չկա, իսկ տատի-պապի նկարները տարել են ու չեն վերադարձնում

Կանեվսկոյի կեղծ անձնագիրը չկա, իսկ տատի-պապի նկարները տարել են ու չեն վերադարձնում
Վարդուհի Էլբակյան

Նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանը հանցաշխարհում հայտնի հեղինակություն Արտյոմ Հարությունյանին՝ Կանեւսկոյին, կեղծ անձնագիր տրամադրելու վերաբերյալ քրեական գործով անցնում է որպես վկա։ Այս մասին «Հրապարակին» հայտնեցին ԱԱԾ մամուլի կենտրոնից։ Անցյալ տարվա հունիսին ոստիկանները մտել էին գողականների տները, զենք, զինամթերք, թմրամիջոցներ էին առգրավել, իսկ Կանեւսկոյից առգրավել էին նաեւ նրա լուսանկարով եւ այլ անուն-ազգանունով կեղծ անձնագիր, որը, ըստ գործի նյութերի, նրան տրվել էր Էջմիածնի անձնագրային բաժնում: Հարությունյանին ձերբակալեցին հուլիսի 1-ին, հետագայում բաց թողեցին 20 մլն դրամ գրավի դիմաց: Գործով մեղադրանք է առաջադրված միայն Վաղարշապատի անձնագրային վարչության նախկին պետ Պերճ Խաչատրյանին։

 «ՀՀ նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանը քրեական գործով հարցաքննվել է եւ ունի վկայի կարգավիճակ»,- ասված է կենտրոնի տնօրեն Սամսոն Գալստյանի պատասխանում։ Նա նաեւ հիշեցնում է, որ ԱԱԾ քննչական վարչությունում «Կանեւսկոյ Արտյոմ» մականունով Արտյոմ Հարությունովին կեղծ անձնագիր տրամադրելու փաստի առթիվ քրեական գործը հարուցվել է 2018 թվականի հունիսի 26-ին՝ ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 1-ին մասով (Պաշտոնեական լիազորությունները չարաշահելը, որն էական վնաս է պատճառել) եւ 314-րդ հոդվածի 1-ին մասով (Պաշտոնեական կեղծիքը), եւ որ նախաքննությունը շարունակվում է։ 

Մենք դատախազությանը մոտ շրջանակից տվյալներ ունեինք, որ նախկին ոստիկանապետը հաջողացրել է նոր իշխանավորների հետ լեզու գտնել։ Ուստի հետաքրքրվել էինք ԱԱԾ-ից, թե հնարավո՞ր էր արդյոք առանց ոստիկանապետի իմացության կեղծ անձնագիր տրամադրել անձին։ Երկար սպասեցնելուց հետո խուսափողական պատասխան ստացանք, որից հետեւում է, որ աշխատանքը բուռն է եղել․ «Նախաքննության ընթացքում ձեռնարկվել են մեծածավալ օպերատիվ-հետախուզական միջոցառումներ, եւ իրականացվում են քննչական գործողություններ՝ ուղղված գործի օրինական, հիմնավորված եւ արդարացի լուծման համար նշանակություն ունեցող հանգամանքները բացահայտելու նպատակով ապացույցներ հավաքելուն, ստուգելուն եւ գնահատելուն»։ 

Արտյոմ Կանեւսկոյի փաստաբան Վարդուհի Էլբակյանը պնդում է, որ եթե անգամ մեծածավալ գործողություններ արվում են, ապա ո՛չ իր պաշտպանյալի հետ։ «Հիմա քանի որ քննչականներից յուրաքանչյուրն ունի իրենց քրեական դատավարությունը, ոչ մեկի արած գործողությունն իմ ուղեղի մեջ չի տեղավորվում։ Չգիտեմ ինչ են անում։ Մեզ հետ հոկտեմբերի տասից հետո որեւէ քննչական գործողություն չի կատարվում։ Կարող է առավելագույնը մի փորձաքննության եզրակացության ծանոթացրած լինեն։ Հնարավոր է, որ ուրիշների հետ կատարում են, որովհետեւ ինձ էլ են ասում, որ գործն ինտենսիվ քննվում է»,- ասում է փաստաբանը։

Քանի որ որեւէ այլ տեղեկություն ԱԱԾ-ն այս գործի հետ կապված չի հայտնում՝ «նախաքննության շահերից ելնելով», մեզ թույլ ենք տալիս ենթադրել, որ մեծածավալ միջոցառումները վերաբերում են Արտյոմ Կանեւսկոյի տան բակում գոյացած ահռելի փոսին։ Այն, ըստ Կանեւսկոյի պաշտպանի, 6 մետր խորություն ունի։ Այդ փոսն իրավապահները փորել են հույսով, որ միջից գտնելու են խնդրո առարկա կեղծ անձնագիրը։ Հավանաբար, նրանք կարծել են, որ Կանեւսկոյն այդ կեղծ անձնագիրը հողի տակ է պահել, երբեմն հանել է, օգտագործել ու էլի թաղել։

Վարդուհի Էլբակյանը հայտնց, որ չնայած «մեծածավալ միջոցառումներին», կեղծ անձնագիրը մինչ օրս գտնված չէ։ Այստեղ հիշեցինք հայտնի անեկդոտը պառավի մասին, որը բերդում գտնվող իր տղային նամակ է գրում․ «Բալա ջան, գնացիր, նստեցիր, մարդ չկա, որ հողս վարի, կարտոշկես մնաց»։  Տղան էլ պատասխանում է՝ մամ ջան, էն, որ ասում էի՝ ոսկեղենն ու թմրանյութերը, բոլորը հողամասում պահած են, կգան մարդիկ, կտանեն։ Հաջորդ օրը գնում են, հողամասը փորում են, վարում են, ոչ մի բան չեն գտնում։ Հիմա Կանեւսկոյի անձնագրի պատմությունն է՝ մնում է փոսում «կարտոշկա» ցանեն։ 

«Կեղծ անձնագիրը չկա։ Կա միայն առաջին ձեւի տեղեկանք»,- ասաց Վարդուհի Էլբակյանը։ Նա հայտնեց նաեւ, որ իր պաշտպանյալի տնից բազմաթիվ անձնական իրեր են տարել եւ չեն վերադարձրել։ «Նրա անձնական իրերը, պատից տատու-պապու նկարներն էլ են հանել-տարել»։