Կանգ առեք, պարոնայք գեներալներ

Կանգ առեք, պարոնայք գեներալներ

Արցախի ԱԽ քարտուղար Վիտալի Բալասանյանը հակադարձել է իր հասցեին ՊԲ նախկին հրամանատար Սամվել Բաբայանի ուղղակի կամ ակնարկային քննադատությանը եւ նրան մեղսագրել քաղաքական եւ ռազմական մի քանի գործչի սպանության մասնակցություն: Անկասկած, հետեւելու է ՊԲ նախկին հրամանատարի արձագանքը, եւ սկսվելու է ամենաանցանկալին: Որպեսզի այդպես չլինի, պետք է գտնվեն հեղինակավոր մարդիկ եւ պատերազմ անցած գեներալներին պարտադրեն լռել: Հասարակությունը՝ ինքը, նման խնդիր պետք է դնի:

Պատերազմը տոնախմբություն չէ: Պատերազմում ոչ միայն հերոսություններ են գործում, այլեւ` ստորություններ: Ամեն ինչ տեղի է ունեցել մեր աչքի առաջ: Գաղտնիքներ չկան: Չկան բացարձակ սրբեր եւ չարքեր: Բոլորն էլ ինչ-որ մեղանչումներ ունեն: Անփոխելին պատերազմի արդյունքն է, եւ գեներալները մի բան պիտի ընդունեն` իրենց կարիերայի եւ հեղինակության համար պարտական են շարքային աշխարհազորայիններին եւ բանակի «ուղեղային կենտրոնին»: Նրանց շնորհիվ է բարձրացել իրենց անունը: Մնացածը պատերազմի «առասպելն» է, որ գեներալներից յուրաքանչյուրը պատմում է ըստ իր ճաշակի եւ բարոյականության: Դա իրենց խնդիրն է, բայց նրանք իրավունք չունեն նոր սերունդներին զրկելու պատերազմի հերոսներ ունենալու եւ հպարտանալու իրավունքից: Որովհետեւ եթե «կոմպրոմատների պատերազմը» շարունակվի, շոշափվելու են այլ անուններ եւս, բացվելու են հազար ու մի փակագծեր: Արդյունքում ի՞նչ ենք ունենալու: Սամվել Բաբայանը եւ Վիտալի Բալասանյանն այս հարցի պատասխանն ունե՞ն: 

- Կանգ առեք, պարոնայք գեներալներ: Դուք ոչնչացնում եք ոչ թե միմյանց, այլ պատերազմի ասքը, խորհրդանիշը: Այն, ինչ տասնյակ հազարավոր հայ երիտասարդների համար սրբություն սրբոց է: Այն, ինչի վրա բարձրացել է ձեր անունը: Մի խորտակեք պատերազմի ասքը: Ձեզ հուզող հարցերի պատասխանը կտա ապագայի անաչառ պատմաբանը: