Անկախ նրանից, թե ինչ իրարամերժ հայտարարություններ են անում ընդդիմադիր ուժերը, բոլորը մասնակցելու են

Անկախ նրանից, թե ինչ իրարամերժ հայտարարություններ են անում ընդդիմադիր ուժերը, բոլորը մասնակցելու են

Նիկոլ Փաշինյանի հայտարարությունից հետո, որ հունիսի 20-ին Հայաստանում կանցկացվեն խորհրդարանական արտահերթ ընտրություններ, քաղաքական դաշտում անհասկանալի վիճակ է առաջացել։ 17 ուժերի մի մասը գնում է ընտրությունների, մյուս մասը, այդ թվում՝ Հայրենիքի փրկության շարժման վարչապետի թեկնածուն, հայտարարել է, որ չեն գնալու։ «Ես դեռ օրեր առաջ ասել եմ, որ Նիկոլ Փաշինյանի օրոք անցկացված ընտրությունները կատաստրոֆա են Հայաստանի համար: Եթե հանկարծ անցկացնի ընտրություններ, որովհետեւ իր հայտարարելը դեռ չի նշանակում, որ կանցկացնի, եթե նման բան լինի, ես ոչ մի դեպքում չեմ մասնակցի: Բայց պետք է ամեն ինչ անել, որ այդպիսի ընտրություններ տեղի չունենան: Մինչեւ Նիկոլ Փաշինյանն այդտեղից դուրս չգա, եւ մինչեւ ոչ իր թիմից մի հատ նորմալ մարդ չլինի, ընտրությունների չի կարելի գնալ»,- ասել է Վազգեն Մանուկյանը։

Ավելի շատ չմասնակցելու, քան մասնակցելու մասին է հայտարարում ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը։ «Փաստ չէ, որ տեղի են ունենալու խորհրդարանական ընտրություններ։ Դրա համար անհրաժեշտ է, որ վարչապետը տա հրաժարական, ըստ որում՝ 2 անգամ։

Այդ ժամանակահատվածում չընտրվի վարչապետ, լուծարվի խորհրդարանը, եւ նախագահը նշանակի խորհրդարանական ընտրություններ։ Այսինքն՝ այն ֆեյսբուքյան ստատուսը, որ հունիսին տեղի են ունենալու խորհրդարանական ընտրություններ, եւ դա վերջնական է, մեզ մոտ հավատ չի ներշնչում։ Որովհետեւ այս ընթացքում իրենք մի քանի անգամ խոսել են արտահերթի մասին, հետո հրաժարվել են։ Ունենք բոլոր բավարար հիմքերը՝ կասկածելու, որ հունիսի 20-ին տեղի են ունենալու խորհրդարանական ընտրություններ»,- ասում է Սաղաթելյանը։

Թեեւ խորհրդարանական արտահերթ ընտրությունները ՀՓՇ-ի պահանջների ընդամենը մի մասն է, կարծում են, որ դրանք կարեւոր պայման են ստեղծված իրավիճակից դուրս գալու համար, բայց դրանք չեն կարող անցկացվել Նիկոլ Փաշինյան-վարչապետի  պաշտոնակատարությամբ, քանի որ ընտրությունները չեն լինելու մրցակցային, եւ կա հավանականություն, որ դրանք կեղծվելու են։ Հետեւաբար, ՀՓՇ-ն շարունակում է պնդել, որ արդյունավետ ճանապարհն այն է, ինչ մինչ այժմ առաջարկել են։ Մենք փորձեցինք պարզել տարբեր կուսակցությունների դիրքորոշումը ընտրությունների հետ կապված։

Հրանտ Բագրատյանի «Ազատություն» կուսակցության մամուլի խոսնակը մեզ հայտնեց․ «Առայժմ կուսակցությունն աշխատում է 17-ի շրջանակներում»։

«Երկիր ծիրանիի» նախագահ Զարուհի Փոստանջյանն ասում է․ «Իրեն հարգող մարդը Նիկոլի հայտարարությունները չի մեկնաբանի»։

ՀՀԿ-ն նույնպես խուսափողական պատասխան է տալիս։ Այս պահին դեռ որոշում չունի։ ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը հայտնեց նաեւ իր անձնական կարծիքը, թե ընտրությունների կազմակերպումը վնասելու է ՀՀ առաջնահերթ շահերին։ Իսկ իրենց քայլերը լինելու են կշռադատված եւ ուժգին, ինչպես երեկ հայտարարել է Սերժ Սարգսյանը։

Մինչդեռ 17-ի ֆորմատի 2 առանցքային կուսակցություններ՝ ԲՀԿ-ն եւ «Հայրենիքը», ինչպես նաեւ լիդերներից ՀՀ 2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանն արդեն հայտարարել են ընտրություններին մասնակցելու մասին։ Արթուր Վանեցյանը, օրինակ, իր մասնակցության մասին բաց տեքստով ասել էր․ «Այո, մենք մասնակցելու ենք, բայց ինչ ձեւաչափով՝ դեռ չեմ կարող ասել, կուսակցությունում քննարկում կիրականացնենք եւ կհայտարարենք»։

Քաղաքագետ Արմեն Բադալյանին հարցրինք՝ սա ընդդիմադիր ուժերի պառակտո՞ւմ է, գուցե նաեւ Սերժ Սարգսյանի ու Ռոբերտ Քոչարյանի միջեւ անհամաձայնությունների՞ արդյունքում։ Վերջինիս կարծիքով՝ ոչ։ Ավելին՝ նա վստահ է, որ ՀՓՇ-ում ընդգրկված բոլոր ուժերն էլ մասնակցելու են ընտրություններին՝ անկախ նրանից, թե ինչ են այսօր ասում։ «Բոլորն էլ մասնակցելու են, ուղղակի ձեւաչափի խնդիր կա, մեկն ինքնուրույն կմասնակցի, մյուսներն էլ կարող են ինչ-որ դաշինքի միջոցով։ Բայց բոլորն էլ մասնակցելու են»,- ասաց Բադալյանը։

Արտախորհրդարանական որոշ ուժեր երկու ձեռքով ողջունում են արտահերթ ընտրությունները՝ ստանալով նոր իրողությունների պայմաններում քաղաքական սերնդափոխության շանս։ Բայց այստեղ կա մի «բայց»․ դա այն է, որ հունիսին անցկացվելիք ընտրությունները կկայանան հին օրենսգրքով՝ ռեյտինգային կամ ֆեոդալական ընտրակարգով։ Մի շարք կուսակցություններ՝ ՀԱԿ-ը, ՔՈ-ն, նորաստեղծներից՝ «Արդար Հայաստանը» եւ այլն, արդեն իսկ դատապարտել են նոր ընտրությունները հին օրենսգրքով անցկացնելը։ Ամեն դեպքում, պարզ չէ՝ եթե ընտրությունները լինեն հին Ընտրական օրենսգրքով, նրանք կմասնակցե՞ն, թե՞ ոչ։

Սուրեն Սուրենյանցի «Դեմոկրատական այլընտրանք» կուսակցությունը կմասնակցի ընտրություններին, եթե անգամ դրանք անցկացվեն հին օրենսգրքով՝ մեզ հայտնեց Սուրենյանցը։ «Մենք երեւի թե առաջին կուսակցությունն ենք, որ նոյեմբերի 9-ի փաստաթղթից հետո պահանջել ենք արտահերթ ընտրություններ, որովհետեւ խորապես համոզված ենք, որ դա միակ լեգիտիմ ճանապարհն է՝ ճգնաժամը հաղթահարելու։ Այս առումով ողջունում ենք, վերապահում չունենք նաեւ ընտրության ամսաթվի վերաբերյալ։ Բայց պնդելու ենք մինչեւ վերջ, որ ԸՕ-ն բարեփոխվի, որովհետեւ ռեյտինգայինը համարում ենք քաղաքական կոռուպցիայի  եւ վարչական ռեսուրսի օգտագործման լեգիտիմացման անթաքույց փորձ»։

Սուրենյանցն ասաց՝ դեռ ժամանակ կա, ու խոստացավ քաղաքական դաշտի մյուս մասնակիցների հետ հետամուտ լինել, որ մտնի նոր ԸՕ-ն։ Նույնն ասաց «Արդար Հայաստանի» նախագահ, փաստաբան Նորայր Նորիկյանը․ «Պետք է ամեն ինչ անենք, որ մասնակցենք, սա նոր որակի իշխանություն ձեւավորելու օրինական միջոց է։ Ի՞նչ անենք, չմասնակցե՞նք»։

ՔՈ-ից Սուրեն Սահակյանին հարցրինք՝ եթե լինի հին ԸՕ-ով, կմասնակցե՞ն։ «Ես չեմ որոշում, կուսակցությունը պետք է հավաքվի, որոշում կայացնենք»։ Փոքր կուսակցությունները տեղերում ռեյտինգային թեկնածուներ առաջադրելու խնդիր ունեն, դրանով է բացատրվում նրանց վերաբերմունքը։